«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը գալու է ՀՀ՝ քաղաքական ուժերի հետ հանդիպելու նպատակով: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանից:
Ըստ մեր տեղեկությունների՝ Ա. Աբրահամյանը դեռեւս չի պլանավորել, թե կոնկրետ որ «թևում» է լինելու, բայց փորձում է հանդիպումների միջոցով իր անելիքները հստակեցնել: «Ժողովուրդ»-ն արդեն տեւական ժամանակ է՝ փորձում է կապ հաստատել Արա Աբրահամյանի հետ, սակայն նրա գրասենյակից հեռախոսազանգերին որեւէ մեկը չի պատասխանում: «Ժողովուրդ»-ը փորձեց մի քանի հարց ուղղել համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանին՝ պարզելու համար՝ արդյո՞ք առաջիկայում Արա Աբրահամյանը Հայաստան է գալու:
-Արա Աբրահամյանը հանգստանում է, ի՞նչ եք ուզում էդ մարդուց, երբ որ կգա, կասի էլի, արդեն որերորդ անգամն է այդ հարցը հնչում է, ու ես նույն պատասխանը տալիս եմ: Հիմա օգոստոս ամիսն է, ու բոլորն այժմ արձակուրդում են, թող բոլորն էլ վերադառնան, գան, տեսնենք՝ ինչ են ասում, կգան, կխոսենք էլի, ուրիշ թեմա չկա՞: Պետք չէ անընդհատ այդ տեղեկությունը շահարկել:
-Բայց արդյո՞ք Արա Աբրահամյանը նպատակ ունի արձակուրդից հետո այդ հարցը քննարկել «Ազգային վերածնունդ»-ի հետ:
-Ես չեմ կարող որեւէ բան ասել, ես Արա Աբրահամյանի ընկերն եմ, ոչ թե խոսնակը, կարող եք այդ հարցերն ուղղել, ինքը Ձեզ կպատասխանի: Մարդն արձակուրդում է, թողեք՝ կվերադառնա, կգա, Ձեր հարցերը կասեք:
Սոնա Գրիգորյան