Մինչ օրս չպարզաբանված է մնում, թե ժամանակին ՀՀ կենտրոնական բանկը ինչու էր Կառավարության հաստատմանը ներկայացրել մի փաստաթուղթ` «2015թ. դրամավարկային քաղաքականությունը» վերնագրով, որով այս տարվա համար 1-2 տոկոս տնտեսական անկում էր կանխատեսվել:
Ինչպես հայտնի է՝ այդ հանգամանքը զայրացրել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին (խոսքը ՀՀ Կառավարության՝ մայիսի 21-ի նիստում տեղի ունեցած հայտնի պատմության մասին է) եւ նա ԿԲ-ին ու պաշտոնական վիճակագիրներին պատվիրել էր 2-3 տոկոս տնտեսական աճ «կանխատեսել»: Իսկ բոլոր նրանց, ովքեր տնտեսական անկում էին կանխատեսում, Հովիկ Աբրահամյանը որակել էր իբրեւ «չուզողների», որոնք երազում են, թե երբ պետք է իր գլխավորած Կառավարությունը ձախողվի:
Բայց, այնուամենայնիվ, ինչու էր ԿԲ-ն նման վատատեսորեն տրամադրված, եւ արդյոք այդ պատճառները վերացել են, թե նրանց համոզմունքը պահպանվում է, միայն մեկ տարբերությամբ, որ այդ մասին այլեւս չեն բարձրաձայնում:
Երբ ուսումնասիրում ենք այս տարվա անցած վեց ամիսներին հարկերի եւ տուրքերի հավաքագրման դինամիկան, ամեն ինչ հասկանալի է դառնում: Ինչպես հայտնի է՝ այս տարվա առաջին եռամսյակի` հունվար, փետրվար եւ մարտ ամիսների արդյունքներով հարկերի եւ տուրքերի հավաքագրման մասով պետբյուջեի պլանը չնչին ավելցուկով կատարվել էր: Ըստ պետբյուջեի պլանի՝ հարկերի եւ տուրքերի գծով նախատեսված էր եղել հավաքագրել 231 միլիարդ 201 միլիոն դրամ, փաստացի հավաքագրվել էր 232 միլիարդ 462 միլիոն դրամ: Սակայն հարկերի եւ տուրքերի գծով պետբյուջեի մուտքերը ապրիլից սկսած ոչ միայն նախատեսվածից են քիչ եղել, այլ անգամ անցած տարվա ցուցանիշից են պակաս եղել:
Իրավիճակը առավել պատկերավոր դարձնելու համար ներկայացնենք 2015 եւ 2014 թվականների առաջին կիսամյակում պետբյուջեի հարկերի եւ տուրքերի գծով եկամուտների ցուցանիշների համեմատականը՝
ԱՄԻՍ 2014թ. 2015թ.
Հունվար 73 մլրդ 83 մլն 75 մլրդ 705 մլն
Փետրվար 74 մլրդ 283 մլն 76 մլրդ 741 մլն
Մարտ 76 մլրդ 333 մլն 79 մլրդ 721 մլն
Ապրիլ 93 մլրդ 833 մլն 90 մլրդ 982 մլն
Մայիս 90 մլրդ 49 մլն 86 մլրդ 574 մլն
Հունիս 91 մլրդ 896 մլն 90 մլրդ 796 մլն:
Այսինքն՝ ԿԲ-ի մասնագետների համար դեռեւս մայիսին արդեն ակնհայտ է եղել, որ ապագայի հետ կապված լավ սպասելիքներ չեն կարող լինել, եւ իրականությունից չկտրվելու համար ճիշտ կլինի ի սկզբանե անկում կանխատեսել եւ դա պայմանավորել Ռուսաստանի տնտեսությունում առկա բացասական միտումներով: Այդ դեպքում պաշտոնական վիճակագիրները ստիպված չէին լինի կաշվից դուրս գալ, որպեսզի աճ «նկարեն»: Բայց, դե, ինչպես վերը հիշեցրել են՝ այդ տարբերակը Հովիկ Աբրահամյանի սրտով չէր, եւ նա այլ «պատվեր» է իջեցրել:
Մյուս կողմից՝ փաստ է, որ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով պետբյուջեի եկամուտները` հարկերի եւ տուրքերի գծով, թերակատարվել են 22 միլիարդ 87 միլիոն 492 հազար դրամի չափով, կամ նույն է թե` 4,2 տոկոսով: Ավելին՝ հիշեցնենք, որ դոլարային արտահայտությամբ պետբյուջեի թերակատարման ցուցանիշը ավելի մեծ է: Պետբյուջեի պլանով նախատեսված 523 մլրդ 559 մլն դրամը անցած տարեվերջին, երբ պլանավորվել է պետբյուջեն, կազմել է 1 մլրդ 273 մլն 868 հազար դոլար: Իսկ այս տարվա առաջին կիսամյակում հավաքագրված 501 մլրդ 472 մլն դրամի հարկերը եւ տուրքերը դոլարային արտահայտությամբ կազմում են 1 մլրդ 44 մլն 733 հազար դոլար: Ստացվում է, որ դոլարային արտահայտությամբ պետբյուջեի թերակատարումը կազմել է մոտ 230 մլն դոլար:
Իհարկե, կարող է հարց ծագել, թե ինչ կապ ունի դոլարային արտահայտությունը: Բանն այն է, որ այդ կապն ուղղակի է: Ի վերջո, պետբյուջեի միջոցներով նախատեսվում է Հայաստանի համար ձեռք բերել մի շարք ապրանքներ եւ ծառայություններ, որոնց գները դոլարով կամ եվրոյով են հաշվարկվում: Ուստի, եթե դոլարային արտահայտությամբ պետբյուջեի եկամուտները կտրուկ նվազում են, նշանակում է՝ եղած միջոցներով պետության համար ձեռք բերվող միջոցները եւս նվազելու են: Հենց այս բացը լրացնելու համար էր, որ ՀՀ Կառավարությունը Ռուսաստանից 200 մլն դոլարի վարկ վերցրեց` զինամթերքի տեսքով: Բայց եթե ռազմական ոլորտի բացն այս կերպ փակեցին, ապա քաղաքացիական ոլորտի բացը դեռեւս մնում է, եւ կասկածից վեր է, որ այդ խնդիրը եւս Կառավարությունը նոր վարկ վերցնելով է լուծելու:
Վահագն Հովակիմյան