Եթե Կառավարությունը չկարողանա կատարել նախընտրական խոստումները, պետք է ցրվի և նորը ստեղծվի. Արշակ Սադոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել ենք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ուղարկել է Ազգային ժողով, իսկ Վենետիկի հանձնաժողովի անդամները հաջորդ շաբաթվա ընթացքում ժամանելու են Հայաստան`  նախագծի վերջնական տարբերակը քննարկելու նպատակով և հանդիպումներ են ունենալու նաև արտախորհրդարանական ուժերի հետ: Armlur.am-ն այս առնչությամբ զրուցեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի հետ` պարզելու համար նա ցանկանում է մասնակցել քննարկումներին, թե ոչ:

– Պարոն Սադոյան, նպատակ ունե՞ք մասնակցելու  Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ քննարկումներին:

-Ես նպատակ ունեմ, բայց ինձ կհրավիրեն թե ոչ, այդ ուրիշ հարց է: Ես բազմաթիվ առաջարկություններ եմ արել Հանրային խորհրդի շրջանակներում: Միաժամանակ այդ առաջարկությունները ներկայացրել էի Գագիկ Հարությունյանին: Այնտեղ քննարկումներ էր եղել, ես մասնակցել եմ դրան: Իմ առաջարկությունները ֆունդամենտալ առաջարկություններ են, որը հնարավորություն է ստեղծում կախվածության մեջ դնել իշխանություններին՝ իրենց նախընտրական խոստումներից: Եվ այս առաջարկությունների քննարկումներին, կարծում եմ ՝ ցանկալի կլինի մասնակցել, որովհետև եթե հաջողվի մտցնել միջանկյալ ընտրությունների գաղափար և  պատասխանատվություն նախընտրական ծրագրի համար՝ դա կարևոր կլինի Հայաստանի համար:

-Իսկ ծանո՞թ եք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, ի՞նչ վիճահարույց հարցեր եք տեսնում:

-Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը մանրամասը չեմ ուսումնասիրել և դա չէ կարևորը: Կարևորը մեր Սահմանադրության խնդիրն է: Մենք հո գերի չենք ընկել Վենետիկի հանձնաժողովի ձեռքը: Վենետիկի հանձնաժողովն ո՞վ է որ: Ընդամենը խորհրդատու մարմին է:

– Կա՞ այնպիսի փոփոխություն նախագծում, որն ամենակարևորն եք համարում և կա՞ր հիմա փոփոխությունների անհրաժեշտությունը,

-Ես ամենակարևորն եմ համարում հետևյալ խնդիրը. Կառավարությունը պատասխանատվություն կրի իր կուսակցության նախընտրական խոստումների համար, և եթե Կառավարությունը չկարողանա կատարել այդ նախընտրական խոստումները, ապա այդ Ազգային ժողովը և նրա կառավարությունը պետք է ցրվի և նոր ընտրություններով նոր կառավարություն ստեղծվի: Այս առաջարկությունները ես արել եմ և սպասում եմ դրանց պատասխանին, տեսնեք ինչ ընթացք կստանա:

Արփինե Թովմասյան




Լրահոս