Սկզբում կաշկանդվում էի խամաճիկավար լինելուց. Դավիթ Գասպարյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի խամաճիկների պետական թատրոնի դերասան, խամաճիկավար Դավիթ Գասպարյանը, ով, ինչպես ինքն է ասում, փորձում է ներկայացման ընթացքում ամեն երեխայից մի ժպիտ կորզել, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է տղա-խամաճիկավար լինելու բարդությունների մասին, անդրադարձել է թատրոնում ժամանակակից երեխաներին գրավելու եղանակներին:

davit1

-Դավի՛թ, նախկինում տղա դերասանները բարդույթավորվում էին խամաճիկը ձեռքները վերցնելուց, վերջին շրջանում, արդեն, այդ կարծրատիպերն աստիճանաբար կոտրվում են: Ամեն դեպքում, տղա խամաճիկավարն ի՞նչ խոչընդոտներ է ստիպված լինում հաղթահարել:

-Եթե որեւէ գործ սիրում ես, պետք է դրա համար ներդնում անես, լինի դա քո համբերությունը, սիրտը, թե մեկ այլ բան: Որպես տղա` խամաճիկների հետ աշխատելը դժվար է այն առումով, որ դա նուրբ գործ է, հարկավոր է մանրակրկիտ մոտեցում ցուցաբերել, աշխատել ամեն մի դետալի վրա, որպեսզի տիկնիկը կենդանանա, դառնա իրական: Պետք է, որ երեխան նայի հերոսին ու հավատա, որ նա շնչավոր է:

Կարծում եմ` մեծ տարբերություն կա տիկնիկի եւ խամաճիկի միջեւ: Տիկնիկն ավելի սահմանափակ հնարավորություններ ունի, նրան դժվար է դարձնել իրական, իսկ, ահա, խամաճիկի դեպքում հնարավոր է նրա մարմնի գրեթե բոլոր մասերը շարժել: Ինձ դուր է գալիս խամաճիկների աշխարհը, թեեւ, անկեղծ ասած, սկզբում կաշկանդվում էի խամաճիկավար լինելուց, բայց հիմա աշխատանքս սիրով եմ անում ու փորձում եմ ամեն երեխայից մի ժպիտ, ուրախության մի ճիչ կորզել:

-Թատերական ինստիտուտից դեպի Ձեր ոլորտ դերասանների հոսքն ակտիվ չէ: Ի՞նչ եք կարծում` նրանք ինչո՞ւ են նախընտրում թատերական արվեստի այլ ճյուղերը:

-Դե, երեւի թե ուզում են ընտրել մի ասպարեզ, որը հնարավորություն կտա անձամբ իրենց` որպես դերասան, բեմում երեւալու, ոչ թե ետին պլանում: Բացի այդ` խամաճիկավարների աշխատանքը PR-ի կարիք ունի, խամաճիկավարության դասեր, կուրսեր, որպես այդպիսին, չկան, նեղ մասնագիտացման հնարավորություն պետք է ընձեռվի նրանց, ովքեր ուզում են մուտք գործել ոլորտ: Սա անհրաժեշտ է, որպեսզի ծնվի խամաճիկավարների նոր սերունդը:

-Տեխնոլոգիական այս դարաշրջանում երեխաներին հետաքրքրելու եղանակներ գտե՞լ եք, դժվար չէ՞ նրանց խամաճիկներով զարմացնելը:

-Մենք փորձում ենք որոշ չափով հետեւել այսօրվա միտումներին: Օրինակ` ամանորյա ներկայացում ունենք, որի շրջանակում կերպարները ետին պլանում «մտնում են» էկրանի մեջ, այսինքն` տեխնիկական հնարքներ ենք կիրառում: Մենք այն համոզման ենք, որ բեմադրության մատուցումը պետք է հնարավորինս ժամանակակից լինի` ձայնային, լուսային, գունային լուծումներով:

Մենք ունենք 10-15 տարի առաջվա ներկայացումներ, որոնց դեկորացիան, օրինակ, արդեն հին է, ասենք` «Պոչատ աղվեսը», թեեւ դա էլի հետաքրքրում է երեխաներին, դրա հետ մեկտեղ ունենք տեխնիկական թարմ լուծումներով ներկայացումներ, որոնք, բնականաբար, երեխաներին ավելի են գրավում: Բայց միեւնույն է՝ արվեստը երբեք չի ծերանում: Ի վերջո, արվեստում ամենակարեւորը մարդն է. որքան էլ գիտությունը զարգանա, կենդանի փոխհարաբերություններից թանկ բան չկա: Իսկ խամաճիկների խաղի միջոցով երեխաների մեջ արթնանում է մարդը, որը հաճախ քնած է լինում:

davit3

-Ներկայացումներին ներկա փոքրիկները հետաքրքրություն դրսեւորո՞ւմ են խամաճիկների նկատմամբ: Խամաճիկավարությամբ զբաղվելու ցանկություն հայտնո՞ւմ են:

-Ներկայացումներից հետո գոնե մեկ-երկու երեխա պարտադիր ուզում են գալ, մտնել դերասանական սենյակ, տեսնել խամաճիկին, փորձել խաղացնել: Սա վկայում է այն մասին, որ արվեստի այս ճյուղը նրանց հետաքրքրում է:

-Բայց Ձեր թատրոնը փոքր է, հատկապես` դահլիճը: Դժվար չէ՞ երեխաներին տեղավորելը:

-Իհարկե, մենք կուզենայինք մեծ հանդիսասրահ ունենալ, որտեղ շատ երեխաներ ներկա կլինեին, այնինչ՝ մեզ մոտ 70 հոգի է տեղավորվում: Պետք է նույն ներկայացումը բազում անգամներ խաղալ, որպեսզի այն տարածում գտնի:

-Իսկ մարզերում հետաքրքրվա՞ծ են Ձեր ներկայացրած արվեստով:

-Այո, օրինակ` նախորդ տարի մենք Վանաձորում մի փառատոնի մասնակցեցինք, «Շունն ու կատուն» էինք խաղում, մի ամբողջ դահլիճ էր լցվել, հրաշալի արձագանքներ եղան, ես այդ ոգեւորությունը նկատեցի:

-Եթե Ձեր արվեստի ներկայացուցիչներին հովանավորեն, ի՞նչ եք կարծում` կկարողանա՞ք մեծ դահլիճներ լցնել, մեր հանրության շրջանում այս արվեստի հանդեպ հետաքրքրությունը մեծացնել:

-Ես վստահ եմ, որ այո, դա անպայման կունենա իր արդյունքը, կասկած չունեմ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս