Նա բարձրացավ բեմ և խոստովանեց, որ սիրահարված է ինձ. Սրբուհի Սարգսյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«X-Factor» նախագծից հայտնի դարձած երգչուհի Սրբուհի Սարգսյանը, ով տարբերվող է ոչ միայն երգչուհու, այլեւ աղջկա իր տեսակով, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանել է, որ երբեմն իրեն օտարված է զգում, բայց, միեւնույն ժամանակ, գնահատում է մյուսներից տարբերվելու իր արժանիքը: Նա պատմել է նաեւ ստեղծագործական ծրագրերի մասին, անդրադարձել այլ հետաքրքիր թեմաների:

-Սրբուհի՛, «X-Factor» նախագծին մասնակցելուց եւ դրա շրջանակում հաջողություն գրանցելուց հետո լայն լսարանին ներկայանալու հնարավորություններ եղե՞լ են, թե՞ սահմանափակվել եք ակումբային կյանքով:

1119161318258343

-Երաժշտական մրցույթների շատերն են մասնակցում, իսկ թե ինչ կլինի հետագայում, կախված է տվյալ մարդուց: Ինքներդ տեսնում եք, որ շատերն այսօր մասնակցում են նման նախագծերի, բայց հետագայում չեն շարունակում իրենց գործունեությունը: Ես, այո՛, երգում եմ ակումբում, բայց կուզենայի, որ ակումբային երգիչներից ոմանց անունները լայն մասսաներին հասանելի լիներ: Նրանք շոու-բիզնեսի աստղերից շատերից լավ կատարողական արվեստ ունեն, սակայն քիչ են երեւում հեռուստատեսությամբ: Իմ ցանկությունն այն է, որ օրերից մի օր կարողանանք էկրաններ դուրս գալ, իսկ դրա համար պետք է մեր հեռուստաընկերությունները շահագրգռված լինեն:

-Երգարվեստին առնչվող Ձեր նպատակները որքա՞ն հեռու են գնում:

-Եթե խոսքը ռեալ նպատակների մասին է, ապա որ այս տարվա մեջ ունենամ թեկուզ մեկ նոր տեսահոլովակ, գոհ կլինեմ: Իսկ, առհասարակ, այն, ինչ անում ենք արտիստներս մեր ուժերով, առանց պրոդյուսերների, հատուկ կազմակերպությունների աջակցության, դա արդեն իսկ հաղթանակ է: Իմ հեռահար նպատակներից մեկն այն է, որ ունենամ երգեր, որոնք կհասնեն մարդկանց սրտերին: Հետո դահլիճներ էլ կլցվեն, դրանից այլ հաջողություններ էլ կբխեն:

-Որքանով նկատել եք` այսօր հասարակության ո՞ր շերտն է գալիս ակումբ, այցելուներն ի՞նչ հետաքրքրություններ եւ հնարավորություններ ունեն:

big_1427361484_3912333_ts1427361585

-Իրականում մեր հասարակությունը շատ լավն է, ճաշակով, սիրում է որակյալ երգեր լսել` նորովի մատուցմամբ, պարզապես ժամանակ է պետք, որ այդ երգը հասանելի լինի բոլորին: Իսկ ակումբներ այցելում են մարդիկ, որոնք կարող են իրենց թույլ տալ դրա դիմաց գումար ծախսել: Խնդիրն այն է, որ երբեմն այդ հնարավորությունն ու ճաշակի զգացումն անհամատեղելի են: Օրինակ` մարզերում շատ կան երիտասարդներ, որոնք պարզապես զրկված են նման երաժշտությունից, քանի որ իրենց միակ աղբյուրը հեռուստատեսությունն է, որը բոլորովին այլ որակի արտադրանք է մատուցում:

-Ի՞նչ եք կարծում` երիտասարդ սերնդի երգիչները նոր, կրեատիվ մտքեր ունե՞ն: Մտածու՞մ են, որ կարելի է ստեղծել, մատուցել մի բան, որն անգամ դրսում տարածում չունի:

-Մեր երգիչները շատ միանման են. եթե մեկի մոտ մի բան ստացվում է, մյուսներն էլ պետք է դրանից փորձեն: Չեն էլ մտածում օրիգինալ լինելու մասին, չեն մտածում` այնպես աշխատեն, որ մի բան էլ դրսի արտիստներն իրենցից օրինակ վերցնեն: Մերոնց պակասում է նաեւ ինքնավստահությունը: Միեւնույն ժամանակ, մենք ունենք երիտասարդ կատարողներ, որոնք կարող են բարձունքների հասնել:

-Դեռեւս Ձեր մասնակցությամբ «X-Factor»-ի ժամանակ նշում էիք, որ Ձեր եւ ժյուրիի անդամներից Գարիկ Պապոյանի միջեւ համագործակցությունը, ամենայն հավանականությամբ, շարունակական կլինի: Նա նախագծի շրջանակում հասցրեց մեկ երգ գրել Ձեզ համար, որն արագ դարձավ հիթ, իսկ դրանից հետո Ձեր կապը պահպանվե՞ց:

187311304416925

-Եթե լինում են նոր գաղափարներ, միասին իրականացնում ենք, այս պահին նման բան դեռ չկա: Ի դեպ, որոշ ժամանակ առաջ Գարիկն ինձ համար նոր երգ գրեց, որը դարձավ ռուսական ֆիլմի սաունդթրեք: Շատ ուրախացանք, որ այն հաջողություն ունեցավ:

-Սրբուհի՛, տարբերվող է ոչ միայն երգչուհու, այլեւ աղջկա Ձեր տեսակը: Երբեմն Ձեզ օտարված չե՞ք զգում:

-Երբեմն` այո, բայց երբեմն էլ գնահատում եմ այն հանգամանքը, որ տարբերվող եմ եւ ուրիշ կերպ եմ մտածում. դա ինձ ոգեւորում է: Երբ այլ կերպ ես մտածում, արվեստում եւ կյանքում առաջ գնալու շանսերդ մեծ են:

-Պատահե՞լ է, որ ինչ-որ մեկը սիրահարվի Ձեր երգին, ասենք` ինչ-որ տղա:

-Եղել է (ծիծաղում է): Մի օր համերգներից մեկի ժամանակ մի տղա ծաղիկներով մոտեցավ, սիրահարված աչքերով նայեց ինձ, բարձրացավ բեմ եւ խոստովանեց, որ սիրահարված է ինձ, սկսեց խոսել այնպիսի մեծ էներգիայով եւ այնքան անկեղծ…Շատ գնահատեցի իր արարքը: Իհարկե, երբ հետագայում կրկին մոտեցավ, այնպես արեցի, որ չնեղանա, բայց սպասելիքներ չունենա: Լավ էր, որ վերջում կարողացա դուրս գալ այդ իրավիճակից…

Աննա Բաբաջանյան




Լրահոս