«Եթե այս Սահմանադրությունը անցավ՝ Հայաստանը դառնալու է անհասկանալի երկիր. երեք նախագահներով հանդիպում է անհրաժեշտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային ժողով է ուղարկել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, իսկ  Վենետիկի հանձնաժողովի անդամները հաջորդ շաբաթվա ընթացքում ժամանելու են Հայաստան` քննարկելու Սահմանադրության նոր նախագծի վերջնական տարբերակը: Համձնաժողովը հանդիպումներ է ունենալու նաև արտախորհրդարանական ուժերի հետ:
Armlur.am-ն այս հարցի շուրջ զրուցեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ՝ պարզելու համար մասնակցելու է քննարկումներին, թե ոչ:

– Պարոն Իսագուլյան, նպատակ ունե՞ք մասնակցելու քննարկումներին:

-Ես արդեն խնդրանքով դիմել եմ ՀՀ նախագահին, որպեսզի ընդունի ինձ և այդ թեմայով նրա հետ զրուցեմ: Ցանկացած առիթ օգտագործելու եմ, որ այս հարցը անպայման դառնա քննարկման նյութ: Մենք հասել ենք մի կորդինացնող կետի, որի ժամանակ թե’ տարաձայնությունները, թե’ խռով լինելը, թե’ միմյանց նկատմամբ ունեցած նախկին վարքը, եթե փորձենք պահպանել, ապա կարող է երկիրը կանգնել բավականին ծանր վիճակի առաջ: Դրա համար բոլորին եմ հորդորում` թե’ նախկին նախագահներին, թե’ վարչապետներին, թե’ նրանց, ովքեր ակտիվ քաղաքականությամբ զբաղվել են կամ զբաղվում են, պարտավոր ենք այդ հարցը դարձնել քննարկման լուրջ առարկա: Կհորդորեի նաև ՀՀ գործող նախագահին, որ որևէ մեկի հետ այդ հարցը քննարկելը չանտեսի: Նա մի քանի անգամ ասել է, որ պատրաստ է քննարկումների, բայց լավ կլիներ՝ նախաձեռնություն ցուցաբերեր, որպեսզի երեք նախագահներով նախաձեռներ հանդիպում: Եթե այս Սահմանադրությունը անցավ՝ Հայաստանը դառնալու է անհասկանալի երկիր, որովհետև նման Սահմանադրություն որևէ երկիր չունի:

– Իսկ ծանո՞թ եք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, ինչ վիճահարույց հարցեր եք տեսնում:

-Այնտեղ կան կետեր՝ մարդու իրավունքներից սկսած, ազատություններից սկսած, երեխանների, կանանց ու տղամարդկանց փաստացի հավասարության, ընտրությունների մեխանիզմի, և ամեն ինչի, որոնք աշխարհի որևէ Սահմանադրության մեջ չկան: Մենք դրանով կորցնում ենք այն ամենն ինչ ունենք՝ ոչ միայն անկախությունն, այլ մեր դեմքն որպես ժողովուրդ: Սրանով ոտնատակ ենք տալիս ամեն ինչ: Դրա համար էլ ամենակարևորը մեր ըմբռնումն է , մեր ներքին կարծիքն է և դա պետք է հաշվի առնենք, ոչ թե այն ինչ կասի Վենետիկի հանձնաժողովը: Ես չեմ էլ ուզում իմանալ, թե Վենետիկի հանձնաժողովը ինչ է քննարկելու մեր հանձնաժողովի հետ, ինչ որոշման են իրենք գալու: Խոսքը գնում է մի փաստաթղթի մասին, որ վերաբերվում է հայկական պետականություններին և ողջ ժողովրդին, նրա անցյալին, ներկային, ապագային, մշակույթին և ամեն ինչին: Չեմ կարծում, որ Վենետիկի հանձնաժողովին շատ է հետաքրքրում հայ ժողովրդի ապագան: Նրանց հետաքրքրում է ինչ որ արժեքներ, որոնք հայ ժողովրդի համար ոչ միայն արժեք չեն, այլ ընդհակառակը կործանարար են:

– Կա՞ այնպիսի փոփոխություն նախագծում, որն ամենակարևորն եք համարում և կա՞ր հիմա փոփոխությունների անհրաժեշտությունը:

-Եթե ընթերցենք առաջին հոդվածից մինչև վերջին հոդվածն, ապա բոլորի մեջ մենք կտեսնենք այն շատ վտանգավոր ականները, որ դրված են: Եթե մենք խորամուխ լինենք բովանդակությոն մեջ, ապա կտեսնենք ՝ ինչի կարող է դա հանգեցնել և ինչ հետևանքների կարող է բերել: Չեմ կարծում, որ արժե ինչ որ մեկն առանձնացնել:

Արփինե Թովմասյան




Լրահոս