“X գրուպ” ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանն այսօր նոր հայց է ներկայացրել “Ժողովուրդ” օրաթերթի դեմ: Այսպիսով, նա օրաթերթից պահանջում է հիմա, ընդհանուր հաշվով, 6,2 մլն դրամ փոխհատուցում:
“Ինքն էսօր որոշել է` ինչքան հրապարակում ունենք, վերցնել եւ դատի տալ բոլորի համար: Սա լրիվ նոր հայց է ուրիշ դատավորի մոտ, արդեն ընդունվել է վարույթ, եւ նիստ է նշանակվել մարտի 20-ին: Ինքը մեր լրագրողին ասել էր “պրաստիտուտկա”, որից հետո մենք նաեւ մեր մեկնաբանությունն ենք թողել իր մեկնաբանության տակ, որ անգրագետ է եւ չունի լրագրողի հետ շփվելու մակարդակ: Ինքը վերցրել է մեր մեկնաբանությունը, կտրել-հանել իր ասածները ու տվել է դատի”,- galatv.am-ի հետ զրույցում մեկնաբանեց “Ժողովուրդ” օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը: Օրաթերթի խմբագրակազմը շարունակում է վստահ մնալ, որ ,Ժողովուրդե օրաթերթը հետաքրքրում է ոչ այնքան Խաչիկ Խաչատրյանին, որքան Ս. Սարգսյանի փեսային, աշխատակազմի ղեկավարին եւ քավորին:
“Սա նշանակում է, որ այդ հովանավորները չունեն ամոթ եւ պատասխանատվության զգացում, իրավիճակը գնահատելու կարողություն, դրա համար գործունեության ազատ դաշտ են տվել` առաջարկելով նրան վարվել թերթի հետ այնպես, ինչպես կուզի, իսկ դատարանները կատարում են նախագահական նստավայրից իջած պատվերն ու գործարարի քմահաճույքները”:
“Ժողովուրդ” օրաթերթի աշխատակիցները այն կարծիքին են, որ իշխանությունների կողմից նպատակ է դրված թերթը տանել սնանկացման ճանապարհով եւ հաշվեհարդար տեսնել թերթի հետ:
“Մեր թերթի առաջին էջում մենք հրապարակել ենք նրանց անունները՝ Միքայել Մինասյան, Բարսեղ Բեգլարյան եւ Վիգեն Սարգսյան… Ուշ թե շուտ պիտի իրենք հասկանան, որ Խաչիկ Խաչատրյանի տխրահռչակ դեմքի հետեւում թաքնվելով` չեն կարողանա երկար գաղտնի պահել իրենց գոյությունը: Եվ պետք է, ի վերջո, տղամարդկություն ունենան՝ հայտնելու մեզ, թե ինչ խնդիր ունեն “Ժողովուրդ” օրաթերթի հետ”:
Ըստ Թագուհի Թովմասյանի՝ ՀՀ նախագահի փեսային՝ Միքայել Մինասյանին, պարզապես նյարդայնացնում է այն, որ Հայաստանում առկա են իշխանությունների տիրույթից դուրս գործող լրատվամիջոցներ:
“Բայց պետք է, ի վերջո, հասկանան, որ բոլորը չէ, որ այս երկրում պետք է պարեն իրենց դուդուկի տակ, կան անկախ մարդիկ, որոնց ոԲչ կարելի է գնել, ոԲչ կարելի է վախեցնել, ոԲչ էլ կարելի է սպառնալով փորձել բերել ընդհանուր հայտարարի իրենց հետ”,- ասաց խմբագիրը:
Քրիստինա Մկրտչյան