Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձից հետո տարբեր շրջանակներից քննադատություն հնչեց առ այն, որ երկրի իշխանությունները չեն կարողանում երաշխավորել նախագահի թեկնածուի անվտանգությունը: Իշխանություններն էլ, տվյալ դեպքում ՀՀ ոստիկանությունը, նշեց, որ դեռեւս հունվարի 17-ին նախագահի բոլոր թեկնածուները տեղեկացվել են այն մասին, որ ՀՀ ոստիկանությունը պատրաստ է նրանց տրամադրել անվտանգության աշխատակիցներ` քարոզարշավի ողջ ընթացքում նրանց անվտանգության ապահովման համար: Սակայն բոլոր թեկնածուներն էլ (բնականաբար, բացի գործող նախագահից) հրաժարվել են պետության առաջարկած թիկնապահներից, հետեւաբար իրավապահները պարզապես չէին կարող ապահովել թեկնածուների անվտանգությունը: Ուզենք, թե ոչ` ֆորմալ առումով դժվար է հակադարձել ոստիկանության այս փաստարկին: Հետեւաբար այս խնդիրը պետք է ստանա օրենքով ամրագրված այնպիսի լուծում, որպեսզի առաջիկայում նախագահի թեկնածուների անվտանգության ապահովումը պետությունն իրականացնի` անկախ թեկնածուների դիմումից: Այդ դեպքում իշխանությունները կստանձնեն թեկնածուների անվտանգության երաշխավորի դերը, եւ որեւէ նման միջադեպ արդեն ուղղակիորեն կընկալվի որպես ոտնձգություն երկրի անվտանգության հանդեպ` իշխանությունների համար այդտեղից բխող բոլոր հետեւանքներով: Եւ արդեն տեղ չի մնա փոխադարձ մեղադրանքների համար. այն, ինչի ականատեսն ենք Պարույր Հայրիկյանի դեմ կատարած մահափորձից հետո, երբ ընդդիմությունը նշում է, որ այդ սադրանքը կազմակերպել են իշխանությունները, իսկ իշխանություններն էլ ամեն կերպ փորձում են հավատացնել, որ դա իրենց բոլորովին ձեռնտու չէր՝ միեւնույն ժամանակ ակնարկելով, որ նման սադրանք իրականացնելու հնարավորություն ունեին նաեւ ընդդիմադիր ուժերը:
Հայրիկյանի հետ կատարվածից հետո շատերի մոտ կարող է առաջանալ այն հարցը, թե ինչու, այնուամենայնիվ, նախագահի թեկնածուները հրաժարվեցին ոստիկանության կողմից տրամադրվող անվտանգության ծառայությունից: Կարծում ենք՝ դրանում որոշիչ դեր է խաղացել երկրի իրավապահ համակարգի հանդեպ անվստահության գործոնը, քանի որ դժվար թե գտնվի որեւէ մեկը, ով կասկածի, որ պետության կողմից տրամադրված անվտանգության աշխատակիցների առնվազն մի մասը համապատասխան կառույցի գործակալներ են, որոնք, հնարավորություն ունենալով ամեն պահի գտնվել թեկնածուի կողքին, նրա յուրաքանչյուր քայլի մասին զեկուցելու են իրենց ծառայության ղեկավարին: Իսկ նա էլ, բնականաբար, այդ ամբողջը զեկուցելու է երկրի նախագահին, տվյալ դեպքում եւ առհասարակ` նախագահի թեկնածուների քաղաքական մրցակցին: Այնպես որ, մեր երկրում նախագահի թեկնածու առաջադրվելն առայժմ անվտանգ չէ, որքան էլ Սերժ Սարգսյանը խոսի ապահով Հայաստանի մասին:
ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ