Տարեց տղամարդուն ապտակած ոստիկանը հրապարակային ներողություն չխնդրեց. ցուցարարները չորս օր տվեցին ոստիկանությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունն այսօր ակցիա անցկացրեց ՀՀ Ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ: Նրանք պահանջում էին որպեսզի տարեց ակտիվիստին ապտակած ոստիկանը գա և հրապարակային ներողություն խնդրի:

Բացի այս նախաձեռնությունից, Ոստիկանության շենքի մոտ էին գտնվում նաև «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամները, որի հավաքի ժամանակ էլ տեղի էր ունեցել նշված միջադեպը: Ոստիկանության շենքի մոտ էին գտնվում մեծ թվով ոստիկաններ՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի և Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի գլխավորությամբ:

«Մեր քաղաքացիները երբեմն արդարություն են պահանջում անօրինական մեթոդներով: Ակնհայտ է, մենք հարվածը տեսել ենք, մենք դատապարտում ենք: Ոչ ոք չի ասում, որ ոստիկանության ծառայողն իրավաչափ է նմանատիպ մեթոդներով գործել, բայց հասկացեք, օրենքով սահմանված ընթացակարգեր կան: Մենք երբեմն չենք համբերում»,- նշեց Աշոտ Ահարոնյանը:

Նրա  խոսքով, ակցիայի մասնակիցների պահանջը կատարված է. ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են և նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Ակցիայի մասնակիցները նաև պահանջում էին, որ այդ ոստիկանը գա և ներողություն խնդրի, սակայն Վալերի Օսիպյանը նշեց, որ ոստիկանը ֆիզիկապես չի կարող ներկա գտնվել հավաքին, քանի որ վնասվածքներ ունի և այս պահին ստացիոնար բուժօգնություն է ստանում: Նախաձեռնությունը ոստիկանությանը չորս աշխատանքային օր տվեց՝ ծառայողական քննություն անցկացնելու համար:




Լրահոս