Բեմում և կյանքում նա թագուհի էր… այսօր ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Բելլա Դարբինյանի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2005 թվականի օգոստոսի 23-ին է մահացել հայ երգչուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Բելլա Դարբինյանը:

Երգչուհի Բելլա Դարբինյանը մանկուց շատ է սիրել երգել: Իր հարազատ Կիրովականում, այժմ` Վանաձորում, բոլորը համոզված էին, որ Բելլա Կուզնեցովային մեծ օպերային ապագա է սպասվում: Բելլայի հայրական ազգանունը Կուզնեցովա էր, որը նա հետագայում փոխեց` ուղղակիորեն թարգմանելով այն:

Շքեղ գեղեցկությունն ու ձայնի անմոռանալի հնչեղությունը մեծ հեռանկարներ էին բացում նրա առջեւ: Երեւանի Կոնսերվատորիան ավարտելուց հետո (Տաթեւիկ Սազանդարյանի դասարանում է սովորել), Բ. Դարբինյանը մեկնել է Մոսկվա եւ երկու տարի սովորել է Մեծ թատրոնի ստուդիայում: Այդ ստուդիայում ուսանելու հնարավորություն եզակի մարդկանց է հաջողում. ստուդիայից հետո ուղիղ ճանապարհ էր բացվում դեպի ԽՍՀՄ-ի ամենամեծ օպերային բեմը: Բ. Դարբինյանը որպես օպերային երգչուհի կարող էր փայլուն կարիերա անել, սակայն նա ամեն ինչ թողեց ու վերադարձավ Երեւան: Պատճառը սերն էր: Սկսվեց նրա բուռն ու կրքոտ սիրավեպը Երեւանի էստրադային նվագախմբի ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ:

Բելլա Դարբինյանը հիրավի ժողովրդական սեր էր վայելում: Երբ նա փողոց էր դուրս գալիս, բոլորն անպայման ջերմ խոսքերով էին նրան դիմավորում: Հայաստանցիների մեծ սերունդը հիմա էլ մեծ սիրով է հիշում երգչուհուն, նրա կատարումներն ու թավշյա ձայնը: Մինչեւ իր կյանքի վերջին օրերը Բելլա Դարբինյանը մնում էր հայ երգի թագուհին:

Նա տարբեր հավաքույթների ու ելույթների ժամանակ միշտ ուշադրության կենտրոնում էր հայտնվում, քանի որ սուր հումոր ուներ և հրաշալի նմանակում էր իր պատմությունների հերոսներին: Նրա ելույթները երբեք միայն երգելով չէին սահմանափակվում. Բելլա Դարբինյանը միշտ շոու էր անում ու գերում հանդիսատեսին իր արտիստիկ պատմություններով: Նա խոսում էր հանդիսատեսի հետ, պատմում էր որևէ դեպք, պատմության կեսից հորինում շարունակությունը, համեմում երևակայական դրվագներով:

Մի անգամ մի խումբ երգիչներ Արցախ էին այցելել ու պետք է ելույթ ունենային գյուղերից մեկում, եւ նոր ճանաչում ձեռք բերող երիտասարդ Բելլա Դարբինյանը հանկարծ անսպասելի մեծ ուշադրության ու ծաղկեփնջերի է արժանանում: Հավաքված ամբոխից մի ծեր կին է դուրս գալիս, փաթաթվում է նրան ու ասում. «Վայ, Օֆելյա Համբարձումյան ջան…»: Բելլան խիստ նայում է կնոջն ու ասում. «Ես Օֆելյա Համբարձումյանը չեմ»: «Բա հո՞վ ես»: «Ես Հովհաննես Բադալյանն եմ»: Այդ պատմությունն ամենից շատ զվարճացրել է Հովհաննես Բադալյանին…

Հետխորհրդային տարիները Բելլա Դարբինյանի համար շատ ծանր էին: «Շատ բան համընկավ` մութ ու ցուրտ տարիները, նրա թոշակի անցնելու ժամանակն ու անհուսությունը: Համերգներ չէին լինում, նա զրկվել էր ուշադրությունից: Ասում էր. «Ամբողջ կյանքում ես բեմի վրա եմ եղել` ողողված վառ լույսերով, իսկ հիմա հայտնվել եմ մթության մեջ»: Բայց, միեւնույն է, նա հումորը չէր կորցնում: Մի վերարկու ուներ, որը միշտ տանն էր հագնում, քանի որ շատ ցուրտ էր: Նստում էր բնակարանի խոհանոցում` սոլյարկայով վառվող վառարանի առաջ, ու իր վերարկուն` ի պատիվ Լևոն Տեր-Պետրոսյանի, «Լևոնտի» ֆիրմայի էր անվանում»,- պատմում է Թերեզա Կասյանը:

Բելլա Դարբինյանն ուժեղ կին էր և դժվարությամբ էր հաշտվում անգործության հետ: Իհարկե, Հայաստանում բոլորը շարունակում էին սիրել, լսել ու հարգել նրան, սակայն բեմի թագուհուն բեմ էր հարկավոր: Նա կարոտում էր լույսերին ու հանդիսատեսին: Եվ նա բեմ վերադարձավ 1997 թվականին Ամերիկայում, որտեղ աննկարագրելի ջերմ ընդունելության արժանացավ: Երգչուհու հարազատներն ամեն ինչ արեցին, որ նա իրեն մոռացված չզգա: «Սփյուռքի վերաբերմունքը չի կարելի հայաստանցիների վերաբերմունքի հետ համեմատել: Սփյուռքում մարդիկ հայ երգի կարոտ ունեն, երեւի պատճառն այն է, որ այնտեղ մարդկանց կենցաղային հոգսերն ավելի թեթեւ էին, քան այստեղ»,- ասում է երգչուհու դուստրը: Ամերիկան նոր շունչ տվեց Բելլա Դարբինյանին, որտեղ նա նաեւ երկու ձայներիզ ձայնագրեց: Ձայներիզների նախաձեռնողներն ափսոսացին, որ երգչուհու անմոռանալի ու վարպետորեն կատարված ձայնագրությունները կարող են անհետ կորչել եւ փորձեցին պահպանել դրանք: Իհարկե, Բելլա Դարբինյանի ձայնը պահպանվել է Հանրային ռադիոյի ու հեռուստատեսության ձայնադարանում, սակայն այն շատ հազվադեպ է հնչում էկրանից: Ժամանակներն են փոխվել…

Բելլա Դարբինյանը տարբեր երկրներում ապրելու ու ելույթ ունենալու առաջարկներ է ստացել: Նա կարող էր ռուսական էստրադա մուտք գործել ու կայուն դիրքեր զբաղեցնել, սակայն միշտ նախընտրել է փոքր Հայաստանը: Այդպես է նրան հուշել ներքին ձայնը:

Երգին ու սիրուն հավատարիմ մնալու համար մեծ ուժ է պետք: Իսկ Բելլա Դարբինյանը շատ ուժեղ էր:




Լրահոս