Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ԿԸՀ-ն ամեն ինչ անում է, որպեսզի հասարակության մոտ վստահություն լինի նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
-Պարո՛ն Մուկուչյան, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը «բիծ» գցե՞լ է նախագահական ընտրությունների վրա:
-Այս պահին, անկեղծ ասած, չէի ուզենա այդ առումով որեւէ դատողություն անել, որովհետեւ ընտրական գործընթացները, թերեւս բոլոր գործառույթները, որոնք մինչ այսօր իրականացվել են, խոսում են այն մասին, որ ընտրական գործընթացը լիակատար, բնականոն հունով առաջ է ընթանում: Եւ եթե մենք արդեն նայում ենք դիմում-բողոքների առկայությանը, ապա դա էլ ինքնին խոսում է այն մասին, որ իրականում ընտրական գործընթացներն ընթանում էին լիարժեք, ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան:
-Որպես իրավաբան՝ Դուք որեւէ վարկած ունե՞ք, թե ով կարող էր կրակել ՀՀ նախագահի թեկնածուի վրա:
-Բնական է՝ չունեմ եւ չեմ կարող ունենալ, դա իրավապահների աշխատանքի ոլորտն է, իրենք են աշխատում, փաստական հանգամանքների հետ, ըստ էության, իրենք են ծանոթ, իրենք են անում հետեւությունները: Եւ ես կարծում եմ՝ այդ հարցի վերաբերյալ իրավապահ մարմիններն արդեն քննության ավարտին իրենք կիրազեկեն:
-Հայաստանում առաջին անգամ է, որ ընտրությունների նախաշեմին խաղաղ իրավիճակ է: Մրցակցություն չկա թեկնածուների միջեւ, ինչն արձանագրվեց նաեւ եվրոպական կառույցների կողմից:
-Ես կօգտագործեի ոչ թե խաղաղ եզրույթը, այլ քաղաքակիրթ, որովհետեւ մենք այս ընտրապայքարի ժամանակ ավելի շատ լսում ենք թեկնածուների ծրագրային դրույթների մասին: Եթե մենք նախորդ անգամները հետեւում էինք ընտրապայքարին, որի ժամանակ շատ ավելի տեսակետներ էին հնչում, ապա հիմա ականատես ենք ընտրապայքարի:
-Հասարակությունն ընտրական գործընթացների նկատմամբ անվստահություն ունի, եւ այսօր ակնկալվում է, որ նախագահական ընտրություններին հասարակության շատ քիչ մասն է մասնակցելու: Ի՞նչ է արվում այդ վստահությունը վերականգնելու համար:
-Պետք է նկատել, որ մենք բավական ռեսուրսներ հրապարակեցինք, որը նպատակ ուներ ընտրական գործընթացի մասնակիցներին իրազեկ դարձնելու իրենց իրավունքներին: ԿԸՀ-ում ունեցանք առաջին բաց դռների օրը, որի նպատակն է հասարակության մոտ բարձրացնել այդ վստահության գործոնը: Կարեւորագույն խնդիրներից մեկն էլ ընտրական գործընթացներում թափանցիկության ապահովումն է, որպեսզի յուրաքանչյուրն ի զորու լինի հետեւել ընտրական գործընթացին: Եւ եթե մենք այս ասպեկտով ենք նայում, ապա ԿԸՀ-ն անգամ բանավոր դժգոհություն չի ստացել այս ընթացքում: Սրանք այն գործոններն են, որոնք լիարժեք հնարավորություն են տալիս այդ վերահսկողությունն իրականացնելու: Կարծում եմ՝ թափանցիկությունն է, որ ազդում է ընտրությունների վրա, եւ ԿԸՀ-ն ամեն ինչ անում է դրա համար:
-Տարբեր ժամանակաշրջանում ԿԸՀ նախագահին անվանել են «թվանկարիչ», Դուք վատ չե՞ք զգում, որ այդ պաշտոնն եք զբաղեցնում:
-Եթե չեմ սխալվում, ինձ հետ կապված՝ նման որակում չի եղել: Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ այս պաշտոնը շատ պատասխանատու պաշտոն է, եւ համենայնդեպս, ես՝ որպես ԿԸՀ նախագահ, գիտակցելով պատասխանատվությունը, ամեն ինչ անում եմ իմ պարտականությունները կատարելու համար:
-Իսկ չե՞ք կարոտում դատավորի պատմուճանը եւ մուրճը:
-Գիտեք, երբեւէ չեմ էլ մտածել այդ առումով: Ես այս պահին աշխատում եմ ԿԸՀ-ում եւ մտածում եմ միայն այդ գործառույթները կատարելու մասին:
ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻՆ ԹՎԱՆԿԱՐԻՉ ՉԵՆ ԱՍԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ