ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԿԴՐՎԻ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ընդունված է համարել, որ 2013թ. նախագահական ընտրությունները մրցակցային չեն, եւ արդյունքում Սերժ Սարգսյանն առանց որեւէ բարդության կապահովի իր հաղթանակը, սակայն ԱԱ նախկին փոխնախարար, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ անգամ այս դեպքում նա լեգիտիմության խնդիր կունենա:
«Այսօրվա դրությամբ Ս. Սարգսյանը կհաղթի նախագահական ընտրություններում, բայց միեւնույն է, նա այդպես լեգիտիմություն ձեռք չի բերի: Իշխանությունները մեծագույն խնդիրներ ունեն, եւ այդ խնդիրներն օր օրի աճում են. եթե իշխանությունները լրջագույն ընտրակաշառք չբաժանեն, անձնագրեր չհավաքեն, եթե կեղծ անձնագրերով ընտրողների քվեարկության չտանեն, ապա ընտրություններին լավագույնը 10-15 տոկոս մասնակցություն կգրանցվի: Այսինքն` ընտրությունների օրը կունենանք դատարկ քաղաք, դատարկ տեղամասեր. ահա ինչից է սարսափում Ս. Սարգսյանը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Գուրգեն Եղիազարյանը: Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով կասկածի տակ կդրվի Ս. Սարգսյանի ընտրությունների լեգիտիմությունը, եւ գերտերությունները ցանկացած պահի այդ փաստը կօգտագործեն նրա դեմ` ֆիքսելով դա, կհայտարարեն ՀՀ նախագահական ընտրությունները չճանաչելու մասին:
Բացի այդ, ըստ Գ. Եղիազարյանի, Ս. Սարգսյանի դեմ կօգտագործվի նաեւ այն հանգամանքը, որ թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանն արդեն 10 օր է` հացադուլ է անում, իսկ նախագահի 3 թեկնածուներ էլ կասկածի տակ են դնում ընտրացուցակների մաքրության հարցը: Ասել է թե՝ այս ընտրությունները, այնուամենայնիվ, հեշտ ու հանգիստ չեն ընթանում: «Նախագահի թեկնածուներից մեկը` Ա. Ղուկասյանը, իրեն ենթարկել է մահացու վտանգի` դեմ դուրս գալով բռնապետությանը: Դա բողոքի վերջին ճիչն է, որին հաջորդում է միայն ինքնահրկիզումը: Որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչով կավարտվի արդեն ավելի քան 10 օր տեւող հացադուլը: Բացի նրանից, նախագահի 3 թեկնածու հայտարարություն տարածեցին` իշխանություններից պահանջելով լրջագույն պայմաններ: Հիմա այս ամենին գումարվել է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը: Եւ հայտնի չէ` ներսում այս ամենն ինչ ընթացք կստանա: Նախագահի ընտրությունների քարոզարշավը միայն արտաքուստ է անցնում հանգիստ ու խաղաղ պայմաններում, եւ հիմա այն նոր որակներ է ստանում` հայտնվելով լրիվ ուրիշ հարթության վրա: Այս ամենի մասին պետք է շատ լուրջ խորհել»,-նշեց Գ. Եղիազարյանը:
ՍԴՀԿ ներկայացուցչի դիտարկումներն ուշագրավ են մեկ այլ առումով. ընդամենը մեկ օր առաջ Կոտայքի մարզում Ս. Սարգսյանը հայտարարել է. «Լավ, ազատ, արդար ընտրություններով ընտրված նախագահի լեզուն միշտ երկար է լինում, երկար է լինում միջազգային ատյաններում, երկար է լինում երկրի ներսում բարեփոխումներ իրականացնելիս»: Գ. Եղիազարյանը համոզված է, որ Ս. Սարգսյանին բախտ չի վիճակվի երկար լեզու ունենալ, մանավանդ որ գերտերություններն արդեն իսկ սկսել են անուղղակի կերպով ակնարկներ անել: «Արեւմուտքը, նախագահական ընտրությունների հետ կապված, բավական մեծ թվով դիտորդներ է գործուղել Հայաստան: Սա պատահական չէ. եթե ընտրությունների ժամանակ արձանագրվի մասնակցության խայտառակ ցածր ցուցանիշ, նրանք կհայտարարեն, որ ընտրությունները կայացած չեն: Մյուս կողմից, Ռուսաստանն է նրա առաջ շարունակում խնդիր դնել` ԵվրԱզԷ՞Ս, թե՞ արեւմտյան արժեքներ: Ռուսաստանն արդեն հայտարարել է, որ գնդակը Հայաստանի դաշտում է, ու եթե գնդակը լավ չտնօրինեն, ապա այն կվերածվի ականի: Պատահական չէ, որ հարեւան Վրաստանի նախագահ Սահակաշվիլին էլ իր հերթին էր ասել, թե Հայաստանը սխալ քաղաքականություն է վարում` հագուրդ տալով մե՛կ ԵվրԱզԷՍ-ին, մե՛կ արեւմուտքին, որ իրենց հարեւանը եւս պետք է որդեգրի մեկ ուղեգիծ` դեպի արեւմուտք: Սա արեւմտյան տերությունների հիշեցումն էր ՀՀ-ին»,-համոզված է Գ. Եղիազարյանը: Այնինչ, նրա խոսքով, Ս. Սարգսյանը դեռ մինչեւ ընտրությունները պետք է հայտարարեր իր գեոքաղաքական կողմնորոշման մասին` դեպի ԵվրԱզԷ՞Ս, թե՞ արեւմուտք:
Հ.Գ. Ի դեպ, ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ մինչեւ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը, պարզ էր, թե իշխանությունները որ թեկնածուի համար են նկարելու 2-րդ հորիզոնականը, սակայն հիմա ամեն ինչ խառնվել է իրար. «Եւ նա, ով պետք է գրավեր 2-րդ տեղը, կարող է եւ նախատեսված տոկոսները չստանալ»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս