«ԴԺԳՈՒՅՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ»
Երեկ՝ երեկոյան, տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որը վարել է Սերժ Սարգսյանը: Նիստին մասնակցել են ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաեւ ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ: Նիստի ընթացքում, ի թիվս ընթացիկ հարցերի, անդրադարձ է եղել նաեւ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին: Ներքի՞ն, թե՞ արտաքին ուժերն են կատարվածի հետեւում. նիստից հետո պատասխանելով «ԳԱԼԱ»-ի լրագրողի հարցին` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է. «Կարեւորը բացահայտումն է, եւ այստեղ էդքան չեմ կարեւորում՝ արտաքին կամ ներքին ուժերն են, համենայնդեպս, հանցագործություն է, շատ դժգույն հանցագործություն, որի բացահայտումը ոչ միայն իրեն՝ Պարույր Հայրիկյանին է անհրաժեշտ, այլեւ մեր ամբողջ ժողովրդին»:
ՈՎ ԻՆՉՔԱՆ Է ՄՈՒԾԵԼ
ԿԸՀ երեկվա նիստում քննարկվել է նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ հունվարի 14-ից հունվարի 30-ը կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից կազմված տեղեկանքը: Ըստ տեղեկանքի՝ Հրանտ Բագրատյանը հիմնադրամ է վճարել 5,72 միլիոն դրամ, որից ծախսել է 4 մլն 529 հազար 500 դրամը: Պարույր Հայրիկյանը կատարել է 1 մլն 24 հազար դրամի մուծում, որից ծախսել է 783 հազար 900 դրամը, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 60 մլն դրամի մուծում, ծախսել է 32 մլն 99 հազար 180 դրամ, որից 2 մլն-ը հայտարարագրման ոչ ենթակա ծախսեր են: Անդրիաս Ղուկասյանը կատարել է 4,1 միլիոնի մուծում, ծախսել է 2 մլն 86 հազար 600 դրամ: Սերժ Սարգսյանը կատարել է 69 մլն 743 հազար դրամի մուծում, ծախսել 36 մլն 177 հազար 30 դրամը: Վարդան Սեդրակյանը կատարել է 500 հազար դրամի մուծում, ծախսել 270 հազար դրամ:
Ըստ տեղեկանքի` Արման Մելիքյանն ընդհանրապես նախընտրական հիմնադրամ չի բացել, Արամ Հարությունյանն էլ բացել է, սակայն հիմնադրամին ոչ մի լումա չի մուծել եւ չի ծախսել:
ՄԱՀԱՓՈՐՁ ՉԷ, ԲԱ Ի՞ՆՉ Է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան երեկ, անդրադառնալով Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին, այն որակել է «շատ լուրջ միջադեպ Հայաստանում նախագահական ընտրությունների նախաշեմին»: Նա ասել է. «Ես այն որպես մահափորձ չէին որակի, կարծում եմ՝ նախքան որակումներ տալը հարկավոր է քննել մանրամասները»: Բորդյուժան նաեւ կարծիք է հայտնել, որ կատարվածը չի փոխի իրադրությունը Հայաստանում. «Ես հենց նոր եմ այնտեղից վերադարձել եւ կարող եմ ասել, որ նախընտրական ողջ քարոզարշավը հանգիստ է ընթանում, պատշաճության եւ ժողովրդավարության շրջանակում` այլ պետությունների քարոզարշավներից տարբերվելով հենց զսպվածությամբ եւ կառուցողականությամբ: Ես հուսով եմ` հենց այդպես էլ կշարունակվի»:
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՄԵՆԱԲԱՐՁՐՆ Է
Ազգային վիճակագրության հրապարակած «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2012թ. հունվար-դեկտեմբերին» զեկույցի տվյալներով՝ Հայաստանի տարածքում ամենից նախանձելի վիճակում գտնվում են սյունեցի աշխատավորները։ Նրանք ավելի բարձր են վարձատրվում, քան Երեւանում աշխատողները (131,359 դրամ)։ Երեւանի վարձու աշխատողները վարձատրության չափով երկրորդ տեղում են։ Նրանց հաջորդում են Արմավիրի եւ Կոտայքի մարզերը, որտեղ միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 104,937 եւ 104,312 դրամ։
ՎԱՐԿԸ «ԿՊԱՎ»
ՀԲ հայկական գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին երեկ տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի ներքո Հայաստանին 45 մլն ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը: Այդ վարկային միջոցները թույլ կտան վերականգնել մոտ 170 կիլոմետր ճանապարհ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու եւ Սյունիքի մարզերի 31 համայնքում։ Վարկը տրամադրվելու է 25 տարի ժամկետով` 10-ամյա արտոնյալ ժամանակահատվածով: