Ինչպես արդեն հայտնի է, հունվարի 31-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երեւանի Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում մահափորձ է իրականացվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ: Ստացած հրազենային վնասվածքներով «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված նախագահի թեկնածուն երեկ՝ կեսօրին, վիրահատվել է: Բժիշկների հավաստմամբ` Հայրիկյանի վիճակը կայուն է` միջին ծանրության: Վիրահատությունից հետո Հայրիկյանը հանդիպել է լրագրողների հետ եւ ասել, որ կատարվածում կասկածում է արտաքին ուժերին:
«Ժողովուրդ»-ը երեկ այցելեց դեպքի վայր: Ինչպես նկատեցինք, Պարույր Հայրիկյանի բնակարանի մոտ ոստիկանության աշխատակիցները հսկողություն էին իրականացնում: Փորձեցինք զրուցել հարեւանների հետ, սակայն վերջիններս բավական վախեցած էին, ու երբ թակեցինք բնակարանների դռները, մի քանի անգամ հարցրին. «Ո՞վ է, ո՞վ է»: Երբ ներկայացանք, որ լրագրողներ ենք եւ ցանկանում ենք զրուցել, անգամ չբացեցին դռները:
Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց զրուցել մի քանի հարեւանների հետ, որոնք պատմեցին հետեւյալը. «Օգնության կանչն ենք լսել, ոչ թե կրակոցի ձայնը, եւ անմիջապես շտապել ենք ներքեւ: Վիրավոր վիճակում Պ.Հայրիկյանը հասցրել էր մուտքի մոտից բարձրանալ, հասել էր համարյա թե երկրորդ հարկի ճաղավանդակներին ու պառկել էր»: Հարեւանների խոսքով, երբ իրենք մոտեցել են Հայրիկյանին, նա ամբողջությամբ արյունոտված է եղել եւ խնդրել է, որ շտապօգնություն կանչեն, ինչից հետո նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Փորձեցինք զրուցել նաեւ Հայրիկյանի հարազատների հետ, սակայն տեղեկացանք, որ Պ. Հայրիկյանի բնակարանում մարդ չկա, նրա ընտանիքի անդամներն ու հարազատները հիվանդանոցում են:
Այցելեցինք «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բկ: Այնտեղ գտնվող Հայրիկյանի հարազատներից շատերը չցանկացան խոսել` պատճառաբանելով, թե լուրջ սթրես են տանում: Սակայն Հայրիկյանի դուստրը` Նարեն, պատմեց, որ դեպքի պահին իրենք նստած են եղել տանը, երբ ձայներ լսելով` անմիջապես վազել են պատուհանի մոտ ու տեսել, որ Հայրիկյանը բարձրանում է վերեւ. «Ձեռքի պայուսակը վեր թռավ, անմիջապես վազեցինք ներքեւ, երկրորդ կրակոցից ընկել էր, ամբողջն արյունոտված, հարեւանները զանգահարեցին շտապօգնություն, ոստիկանություն, անգիտակից էր»: Նարե Հայրիկյանը նաեւ պատմեց, որ հարեւաններից մեկը նկատել է, թե ինչպես է սեւ շորով, սեւ գլխարկով մեկը հետեւել նախագահի թեկնածուին դեռեւս նրա` տնից դուրս գալու ժամանակ:
Պ. Հայրիկյանի հարազատների պնդմամբ՝ նա որեւէ թշնամի չուներ եւ մինչ այդ որեւէ սպառնալիք չէր ստացել: Պ. Հայրիկյանի լիազոր ներկայացուցիչ Արկադի Վարդանյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ չի կարող ասել, թե ով կարող էր նման բան անել. «Ո՞ւմ կասկածենք, ի՞նչ իմանանք, թե ով կարող էր նման բան անել»:
Նշենք, որ ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, որի որդու քավորն էր Հայրիկյանը, միայն երեկ է այցելել հիվանդանոց: Օրվա երկրորդ կեսին էլ հիվանդանոց այցելեց Սերժ Սարգսյանը: Իշխանական բոլոր պաշտոնյաները կատարվածը գնահատել են որպես ոտնձգություն Հայաստանի պետականության, ժողովրդավարության եւ իշխանությունների դեմ:
Վիրահատությունից հետո երեկ Պարույր Հայրիկյանը իր հիվանդասենյակում զրուցել է լրագրողների հետ եւ նշել. «Նախագահական ընտրություններին մասնակցող որեւէ անձի դրան ընդունակ չեմ համարում: Կասկածում եմ օտար պետության՝ ինձ երկար տարիներ հետապնդած գաղտնի ծառայության, ոչ այս պետության՝ Ռուսաստանի, այլ նախկին, ես կասկածում եմ նրանց գործելակերպի վրա: Երբ ես կտրուկ ասացի, որ պետք է գնանք Եվրոպա, երբ այդ շեշտադրումը կատարեցի, ոմանց դա անհանգստացրեց, եւ ենթադրում եմ, որ դրա հետ կապված է: Ես անձնական հակառակորդներ չունեմ»: Հայրիկյանը նաեւ նշել է, որ տեսել է իրեն կրակողին. «Ես տեսա կրակողին: Երբ նրան տեսնեմ, կհիշեմ, որ ինքն էր: Ես վայրկյանի ազդեցության տակ պետք է որոշում կայացնեի, տեսա, որ ձեռքը ուղղում է կրծքիս, փորձեցի դժվարացնել իր քայլը, ձեռքով խանգարեցի իրեն, կրակոցը եղավ, ինչպես բռնցքամարտի ժամանակ՝ նոկաուտ եղա, բայց հասկացա, որ չպետք է կանգ առնեմ, փորձեց կրակել, ուզում էր կրակել գլխիս: Երբ առաջին կրակոցը ստացա, բարձր գոռացի, հարեւաններս դուրս եկան: Բղավում էի` օգնեցեք: Ինքը երկրորդ անգամ կրակեց, գնդակը անցել է մաշկիս տակով, լուրջ բան չկա: Հարեւաններս դուրս եկան, զգացի, որ մարդիկ կան, ինձ թվում էր, թե գնում եմ»:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Հայրիկյանը առաջիկա օրերին քարոզարշավ իրականացնելու հնարավորություն չի ունենա, իսկ Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն՝ «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը»։
Այսպիսով՝ Պ.Հայրիկյանը հարկադրված է դիմել Սահմանադրական դատարան` փետրվարի 18-ին նախանշված նախագահական ընտրությունները առնվազն 15 օրով հետաձգելու խնդրանքով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ եւ 305-րդ հոդվածների (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով) հատկանիշներով:
Ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցներ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի 1 գնդակ: Նշանակվել են համալիր փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ` հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ