Գիտության եւ սպորտի զարգացման ու օգնության միջազգային բարեգործական հիմնադրամի աշխատակիցները ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի եւ նրա կնոջ` Նելա Միխայելովնա Կոբզոնի գլխավորությամբ այսօր կայցելեն Գյումրի: Ռուսաստանից ժամանած հյուրերին կուղեկցեն ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, երգիչներ Արման Հովհաննիսյանը, Մհերը, դուդուկահար, ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Սեյրանյանը: Հիշեցնենք, որ հայ երգիչների մասնակցությամբ Կոբզոնը մի քանի բարեգործական համերգներ է անցկացրել Երեւանում, ու այդ համերգներից գոյացած մոտ 3,600,000 դրամ գումարն այսօր կտրամադրվի Գյումրու 4-րդ երաժշտական դպրոցի փողային նվագախմբին՝ երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար:
Նշենք, որ սա Կոբզոնի առաջին այցը չէ Գյումրի: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը, երգիչը բազմիցս է եղել Գյումրիում եւ իր աջակցությունը ցուցաբերել քաղաքի մշակույթի զարգացմանը: Այս այցելության ընթացքում երգիչը կլինի Գյումրու քաղաքապետարանում եւ 4-րդ երաժշտական դպրոցում. «Կոբզոնն ինքն անձամբ է ցանկություն հայտնել ծաղկեպսակ դնել երկրաշարժի զոհերի հուշարձանին, այցելություն կլինի նաեւ «Պատվո բլուր» հուշահամալիր, որտեղ եւս պսակ կդնի: Ի. Կոբզոնը կգնա նաեւ Գյումրու ճարտարապետության եւ կենցաղի տուն-թանգարան («Ձիթողցոնց տուն»), որից հետո «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի կունենա քաղաքի մտավորականության, արվեստի ներկայացուցիչների հանդիպումը նրա հետ»:
Մինչ հյուրերին ճանապարհելը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը Ի. Կոբզոնին կհանձնի Գյումրու քաղաքապետի հուշամեդալ շնորհագրի հետ միասին:
Գյումրի