Շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրը մեր երկրում խիստ անհանգստացնող է՝ կապված օդի աղտոտվածության, ջրային ավազանների մաքրության եւ այլ հիմնահարցերի հետ: Այս համատեքստում առանձնակի սուր է Սեւանա լճի մաքրության ապահովման խնդիրը, որի լուծման ուղղությամբ, 2011թ. պետբյուջեի հաշվետվության համաձայն, հատկացվել է 125,2 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատությամբ կրճատվելով 56,6%-ով:
Սեւանա լճի հանդեպ հոգածության ծրագիրը Կենսաբազմազանության եւ բնության պաշտպանության դասի բաղկացուցիչ մասն է: Նկատենք, որ այս դասի ծրագրերին, 2011թ. պետբյուջեի ծախսային մասի հաշվետվության համաձայն, ուղղվել է 5,2 մլրդ դրամ՝ տարեկան ծրագիրը կատարելով ընդամենը 73,8%-ով: Այս զգալի շեղումը պայմանավորված է եղել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ իրականացվող՝ Սեւանա լճի բնապահպանական վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի ցածր կատարողականներով: «Կառավարության խրախուսմամբ» ցածր կատարողականների պատճառների հետ կապված հարցի շուրջ առեղծվածը պահպանելով՝ արձանագրենք, որ 2010թ. համեմատ այս բնագավառի ծախսերն աճել են 44,5%-ով՝ պայմանավորված Արփա-Սեւան թունելի վերանորոգման եւ Սեւանա լճի բնապահպանական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ծախսված միջոցների ավելացմամբ:
Այս համատեքստում առանձնանում է Սեւանա լճի հանդեպ կառավարության վարած քաղաքականությունն ու դրա օգտակար գործողության գործակիցը: Սեւանա լճի հետ կապված խնդիրները նոր չեն ծագել: Բավական է հիշել, որ նրա լողափերն ուղղակի հանձնվեցին իշխանության հետ սերտաճած տնտեսվարողներին, որոնք ոչ միայն նվեր ստացան պետությանն ու ժողովրդին պատկանող այս հարստությունը, այլեւ սկսեցին շահագործել այն՝ ֆինանսական ահռելի եկամուտներ ունենալով: Իսկ ահա պետական գերատեսչությունների հոգածությունը լճի հանդեպ, ըստ էության, համարժեք էր վաճառքի այդ քաղաքականությանը: Հատկանշական է անտառատնկարկների մաքրման ծառայությունների եւ ընդհանրապես այսօրինակ աշխատանքների ցածր որակը: Ըստ 2011թ. պետբյուջեի կատարողականի՝ Սեւանա լճի անտառատնկարկների մաքրման ծառայություններին տրամադրվել է 300 հազար ԱՄՆ դոլարից ավելի գումար՝ 99,8%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը: Դեռ 2010թ. ձեռք բերված հողահան էքսկավատորի եւ այլ օժանդակ մեխանիզմների օգտագործումը հնարավորություն է ընձեռել հաշվետու տարում 274 հա տարածքի վրա իրականացնել անտառատնկարկների մաքրման «ավելի որակյալ աշխատանքներ»: Այսուհանդերձ, պարզվում է, որ 2010թ. համեմատ այս ուղղությամբ հատկացվող միջոցները պակասել են 56,6%-ով՝ ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքների ծավալի նվազման պատճառով:
Փաստորեն, կառավարությունը նվազեցրել է ջրածածկ տարածքներում առկա ծառերի եւ թփերի մաքրման աշխատանքները, ինչի փոխարեն, սակայն, ավելացել են ձկան պաշարների համալրման ծառայությունների ծախսերը: 2010թ. համեմատ դրանք աճել են 2,1 անգամ՝ պայմանավորված 366,7 հազար հատ մանրաձկան՝ լիճ բացթողնման հանգամանքի հետ: Լճում եւ նրա ջրհավաք ավազանում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառման ծրագրի շրջանակներում կառավարությունը, համաձայն սեփական հաշվետվության, ծավալել է «լայն աշխատանքներ»: Վերջինների շարքին է դասվում «գետերում ձկնատեսակների եւ խեցգետնի հաշվառման, գույքագրման, ձկնապաշարների որոշման ուղղությամբ միջազգային փորձի ուսումնասիրությունը, մեթոդոլոգիաների գնահատումը, ընտրած մեթոդոլոգիաների հիմնավորումը»: Քանի որ Տ. Սարգսյանի կառավարությունը շատ բարձր է գնահատում միջազգային փորձը եւ միշտ հետեւում է դրան, ըստ երեւույթին, հենց դա է պատճառը, որ այս ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների շարքում է «բնական ձվադրավայրերի վերականգնման միջազգային փորձի ուսումնասիրությունը, մեթոդոլոգիաների գնահատումը, ընտրած մեթոդոլոգիաների հիմնավորումը»: Հետաքրքիր կլիներ պարզել, թե առանձին-առանձին որքան գումար է կառավարությունը հատկացրել այսօրինակ աշխատանքներին, եւ թե ինչ ընթացակարգերով են կատարվել այդ «միջազգային փորձի ուսումնասիրությունները»:
Ամփոփելով կառավարության վարած քաղաքականությունը Սեւանա լճի հանդեպ՝ փաստենք, որ ջրածածկ հատվածներում անտառատնկարկների մաքրման աշխատանքները 2011թ. նվազել են, մինչդեռ ձկնատեսակների պաշարների համալրման գործում՝ ավելացել: Բնականաբար, վերոհիշյալ աշխատանքները միմյանց չեն հակասում, ավելին, կարելի է ասել, նույնիսկ փոխլրացնում են: Բայց եւ այնպես, ակնհայտ է, որ Սեւանի ավազանում անտառածածկ հատվածների մաքրման գործն իր կարեւորությամբ առաջնային պետք է լիներ, եւ կառավարությունը պետք է օր առաջ ազատվեր դրանցից: Ի վերջո, դրանք շուտով վերածվելու են ճահիճների, ուստի առաջիկա տարիներին այս բնագավառի գերակա խնդիրը պետք է հենց սա լինի:
ՃԱՀԻՃՆԵՐՈՒՄ ՁԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԼԱ՞Վ ԵՆ ԶԳՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ