ԱՂՋԻԿ ՓԱԽՑՆՈՂՆԵՐԻՆ ԴԱՏԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. hունվարի 24-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Իջեւան) ավարտվեց դիլիջանցի 4 երիտասարդների դատավարությունը:  Նրանք մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մարդուն առեւանգելը): Այս հոդվածը նախատեսում է 4-8 տարվա ազատազրկում: Դիլիջան քաղաքի բնակիչ, 1989թ. ծնված Սերգեյ Միքայելյանը 2012թ. նոյեմբերի 2-ի առավոտյան, նախնական համաձայնության գալով Դիլիջան քաղաքի բնակիչներ՝ 1986թ. ծնված Արթուր Շերոյանի, 1990թ. ծնված Ազատ Բաղդասարյանի եւ 1990թ. ծնված Արամ Աղաջանյանի հետ, վերջինիս պատկանող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Ուսանողական թաղամասի ավտոկանգառի մոտից, բռնություն գործադրելով, Ս. Միքայելյանի հետ ամուսնացնելու նպատակով առեւանգել են Դիլիջան քաղաքի բնակչուհի Գ. Տ.-ին, Վանաձոր տանող ճանապարհին աղջկան նստեցրել Արթուր Շերոյանի վարած «Օպել Վեկտրա-Բ» մակնիշի ավտոմեքենան եւ տարել Լոռու մարզի Յաղդան գյուղ՝ Սերգեյ Միքայելյանի բարեկամի տուն:
Դեպքի կապակցությամբ 2012թ. նոյեմբերի 5-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչության  Դիլիջանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ: 4 երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Երիտասարդները դատարանում հայտարարել են, որ համաձայն են առաջադրված մեղադրանքի հետ եւ միջնորդել են անցկացնել արագացված դատաքննություն: Դատավոր Սամվել Մարդանյանը 4 երիտասարդներին դատապարտել է 4-ական տարվա ազատազրկման եւ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ վճռել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել 2 տարի ժամկետով փորձաշրջան՝ նրանց վարքագծի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարելով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի համապատասխան բաժանմունքին: Դատարանը հաշվի է առել, որ երիտասարդները նախկինում դատված չեն եղել, բացի այդ, նրանք խոստովանել են իրենց մեղքը, զղջացել կատարածի համար, ինքնախոստովանական ցուցմունքներով աջակցել հանցագործության բացահայտմանը եւ հաշտվել տուժողի հետ, վերջինս էլ նրանց որեւէ պարտք ու պահանջ չի ներկայացրել: Դատարանը հաշվի է առել նաեւ այն, որ Ս. Միքայելյանը եւ Արթուր Շերոյանը միակողմանի ծնողազուրկ են: Ի դեպ, «չկայացած փեսացուն»՝ Ս. Միքայելյանը, ունի բարձրագույն կրթություն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս