Երկու զինվորական է զոհվել Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում ճանապարհամերձ հատվածում ականի պայթյունի հետևանքով, փոխանցում է Anadolu գործակալությունը:
Հեռահար կառավարմամբ պայթյունի թիրախը եղել է զինծառայողներին տեղափոխող մեքենան: Արդյունքում երկու զինվորական զոհվել են, երեքը՝ վիրավորվել ու հիվանդանոց են տեղափոխվել: Պայթյունը կազմակերպելու մեջ կասկածում են Քրդստանի աշխատավոր կուսակցության զինյալներին: Նրանց չեզոքացման ուղղությամբ օպերացիա է տարվում:
Հավելենք, որ Թուրքիայում իրավիճակը կտրուկ վատացել է հուլիսի 20-ին «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Սիրիայի հետ սահմանին կազմակերպված ահաբեկչությունից ու երկրի հարավ-արևելքում ոստիկանների սպանությունից հետո: