ՄԱՀԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ առավոտյան, Լոս Անջելեսում 81 տարեկան հասակում մահացել է Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եռակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը: Բռնցքամարտիկը ծնվել է 1932թ. ապրիլի 24-ին Երեւանում: 1959թ. հիմնադրել է Երեւանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի անփոփոխ տնօրենն էր մինչեւ 1995թ., երբ բնակության նպատակով տեղափոխվեց  ԱՄՆ:
Լեգենդար մարզիկի հուղարկավորությունը նախատեսված է ԱՄՆ-ում, սակայն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն փետրվարի 3-ին՝ ժամը 14-ին, հոգեհանգստի արարողություն է կազմակերպելու Սուրբ Սարգիս եկեղեցում:
Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ցավակցական խոսք է հղել Վլադիմիր Ենգիբարյանի մահվան կապակցությամբ. «Խորը վշտով ցավակցում եմ հայրենական սպորտի ականավոր ներկայացուցիչներից մեկի` Վլադիմիր Ենգիբարյանի մահվան կապակցությամբ: Սա անդառնալի կորուստ է հայ մարզաշխարհի համար: Նա Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն էր, Եվրոպայի եռակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն: Նրա եւ նրա դպրոցի սաների շնորհիվ բազմիցս տարբեր միջազգային հեղինակավոր մրցասպարեզներում մեր երկիրը առաջատար է հռչակվել: Վլադիմիր Ենգիբարյանը բոլորիս համար օրինակ է եղել եւ կմնա այդպիսին: Եւս մեկ անգամ խորապես ցավակցում եմ Ենգիբարյանի հարազատներին, ընկերներին, համախոհներին: Նրա հիշատակը մշտապես վառ կմնա հայ մարզաշխարհի պատմության մեջ»:




Լրահոս