ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե որ թվականից է սկսվել տների սեփականաշնորհման գործընթացը: Եւ խնդրում եմ ասել նաեւ, թե մինչեւ այսօր ինչ օրենքներ են փոփոխվել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Դեռեւս հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 13.06.1989թ. «Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» թիվ 272 որոշմամբ ՀՀ-ում պետական եւ հանրային բնակարանային ֆոնդի տների սեփականաշնորհումն սկսվեց իրականացվել վաճառքի ձեւով, որից հետո՝ 01.09.1993թ.-ից, սկսվեց պետական եւ հանրային բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց սեփականաշնորհման գործընթացը՝ ՀՀ Գերագույն խորհրդի կողմից 10.06.1993թ. ընդունված «ՀՀ պետական, հանրային եւ համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի (փոփոխված մի շարք օրենքներով) եւ ՀՀ Գերագույն խորհրդի 23.06.1993թ. ««ՀՀ պետական եւ հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի կիրարկման կարգի մասին» թիվ ՀՆ-0878-I որոշման 1-ին կետի պահանջների համաձայն, որոնք ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ Ազգային ժողովի կողմից 04.01.2007թ. ընդունված թիվ ՀՕ-199-Ն օրենքով:
ԱԺ-ի կողմից 30.05.2000թ. ընդունվել է նաեւ «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքը (գործում է մինչ օրս), որով կարգավորվում են պետական սեփականություն համարվող բնակարանային ֆոնդի բնակելի տարածությունների (բնակարաններ) անհատույց մասնավորեցման հետ կապված իրավահարաբերությունները, բացառությամբ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի:
կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չսեփականաշնորհված բնակարաններ ՀՀ տարածքում թերեւս քիչ լինեն: Այսուհանդերձ, գործընթացը շարունակվում է, եւ ամեն տարի որոշակի քանակությամբ քաղաքացիներ համալրում են սեփականատերերի շարքը: