Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը մամլո հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Ամեն երկուշաբթի սպասում եմ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը կզեկուցի Երևանի Բաբաջանյան 18/3 հասցեում Երևանի ավագանու ՀՀԿ անդամ Գևորգ Խաչատրյանի կողմից հողազավթման մասին, սակայն` ապարդյուն:
Պարոն Ասատրյանը համառորեն պնդում է, որ հողազավթման դեպք առկա չէ այն դեպքում, երբ Քաղաքապետի բառերով որակված «անօրինական» փոսն անմիջապես իմ պատուհանի տակ է գտնվում և դեռ մեկ տարի առաջ, իմ նամակին ի պատասխան 02.07.2014թ. թվակիր նամակում Քաղաքապետն անձամբ տեղեկացրել էր, որ հանձնարարված է «իր միջոցներով վերականգնվի տարածքի տեսքն ու բերվի պատշաճ սանիտարական վիճակի»: Քանի որ նամակում չի երևում, թե ում է հանձնարարված, ենթադրում եմ, որ հենց Գևորգ Խաչատրյանին է հանձնարարվել: Նա էլ առյուծի սիրտ է կերել ու չի կատարում պարոն Մարգարյանի հանձնարարությունը:
Պարոն Ասատրյանը տեղյակ չէ՞ այս հանձնարարականին, որ շարունակում է պնդել, թե այդտեղ հողազավթում չկա:
Խնդրում եմ պարզաբանել, թե եթե սա հողազավթում չէ, ապա ի՞նչ անուն ունի այս երևույթը, որի համար մեկ ուրիշ քաղաքացի կպատժվեր օրենքի ամբողջ խստությամբ, իսկ Երևանի ավագանու ՀՀԿ անդամի կողմից արված ապօրինությունը ոչ միայն չեք տեսնում, այլև ուզում եք ինձ համոզել, որ Բաբաջանյան 18/3 հասցեում, իմ պատուհանի տակ մոտավորապես 25 ք.մ. մակերեսով փոս չկա, որն իհարկե ո՛չ պարոն Քաղաքապետը, ո՛չ պարոն Ասատրյանն ամեն օր չեք տեսնում: