Օրեր առաջ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ տարեց տղամարդուն ապտակած ոստիկանն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներողություն է խնդրել և նշել, որ զղջում է արարքի համար:
Մինչ այդ «Ոչ թալանին» նախաձեռնությունը հավաքվել էր ոստիկանության շենքի դիմաց և պահանջել, որպեսզի ոստիկանը ներողություն խնդրի: Նրանք մինչ ուրբաթ ժամանակ էին տվել, և հայտարարել, որ հակառակ դեպքում իրենք կրկին հավաքվելու են և քայլերի դիմեն:
Armlur.am-ը զրուցեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանի հետ ՝ պարզելու համար նրանց դիրքորոշումն ու հետագա քայլերը: Վերջինս նշեց՝ որ նրանց հետագա քայլերը կախված է իրենց պահանջների բավարարումից:
«Մենք ինֆորմացիա ունենք, որ ծառայողական քննությունն ավարտվել է ու դատախազություն է ուղարկվել գործը: Այդ ամենը երբ վերջնական ճշտենք, բնականաբար արդեն դիրքորոշում կհայտնենք: Այս պահին ինֆորմացիա ճշտելու փուլում ենք»,-նշեց նա, հավելելով. «Մեր պահանջները հստակ դրված են : Եթե բավարարվի, ոչինչ էլ չենք անի, եթե չբավարարվի նորից կհավաքվենք»: