Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասում երեկ դիպուկահարի գնդակից հայ արհեստավոր է զոհվել։
Ինչպես Tert .am-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը, զոհվածը 60-ամյա Անդրանիկ Ավետիսյանն է։ Ընդհանուր առմամբ Հալեպում իրավիճակը չի փոխվել։
Կառավարական զորքերի և զինյալ ընդդիմության միջև բախումները շարունակվում են մի շարք շրջաններում։ Քաղաքում համատարած գործազրկություն է, քանի որ վնասվել են մի շարք գործարաններ, իսկ շատերն էլ հայտնվել են վտանգավոր գոտիներում։
Աշխատանք չլինելու պարագայում դժվարանում է օրվա ապրուստն ապահովելը, քանի որ պարենամթերքի գինը նախորդ տարիների համեմատ զգալիորեն թանկացել է։
Դեկտեմբերի 25-ից չի գործում Հալեպի միջազգային օդանավակայանը, և Հալեպ-Երևան-Հալեպ չվերթը մեկ ամսից ավելի է չի կայանում։
Փոխարենը գործում է Դամասկոս-Լաթաքիա-Երևան չվերթը, սակայն հալեպահայերի համար Լաթաքիա կամ Դամասկոս հասնելը վտանգավոր է, քանի որ ցամաքային ճանապարհներն էլ բախումների պատճառով ապահով չեն։
Հիշեցնենք, որ վերջերս Բեյրութից Լաթաքիա ճանապարհին հայ երիտասարդ էր սպանվել։