«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի առանձնահատկություններից մեկը այդ փաստաթղթի փնթի կառուցվածքն է: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ փաստաթղթի առաձին գլուխները կազմողները մեկը մյուսից բացարձակապես անտեղյակ են եղել: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս իրավիճակի պատճառն այն է, որ նոր Սահմանադրության նախագիծը մշակող հանձնաժողովի անդամները «թիմերի» են բաժանված եղել: Օրինակ՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն աշխատել են միասին, իրավաբան Վարդան Պողոսյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը` միասին, Գեւորգ Դանիելյանն ու Դավիթ Հարությունյանն էլ բացարձակապես բոլորից անկախ են աշխատել:
Այս բոլոր «խմբերը» մեկմեկու նկատմամբ առավել քան խանդոտ են եղել, եւ յուրաքանչյուրը փորձել է մյուսին ցույց տալ, որ ինքը նրանց խորհուրդների կարիքը չունի, բայց կարող է գտնել դիմացինի սխալներն ու բացթողումները: Արդյունքում, նախագծում կրկնության բազմաթիվ դեպքերի կարելի է հանդիպել, երբ նույն խնդրի վերաբերյալ միանգամից մի քանի տեղում նույնանման ձեւակերպումներ կան: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գեւորգ Դանիելյանն, իհարկե, ասաց, թե մեկը մյուսից անտեղյակ գործելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում:
Հ. Գ. Ենթադրվում է, որ խորհրդարանը նախագիծը կքննարկի հոկտեմբերի 5-ից 6-ը: Իսկ հանրաքվեն կնշանակվի նոյեմբերի վերջին, հավանաբար 29-ին»:
Մանրմասները թերթի այսօրվա համարում: