«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի մասին Հանրային հեռուստաընկերությամբ նկարահանված ֆիլմն այս օրերին մոնտաժվում է եւ, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին կցուցադրվի: Տեղեկացնենք, որ ֆիլմի նկարահանումները սկսվել են դեռեւս Մանուկյանի նախարար եղած ժամանակ: Ֆիլմի նպատակը նախարար Մանուկյանի մեկ օրը ներկայացնելն է եղել:
Համանման ֆիլմ արդեն պատրաստվել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: Սակայն Մանուկյանի դեպքում իրադարձություններն արագ եւ վատ սցենարով զարգացան, ու մինչ ֆիլմը կպատրաստվեր, նա դադարեց նախարար լինել, եւ նրա անցկացրած մեկ օրը դժվար թե հետաքրքրի որեւէ մեկին:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին այդ ժամանակ արձակուրդում գտնվող Հովհաննես Մանուկյանն անսպասելի հրաժարականի դիմում ներկայացրեց եւ ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից, եւ մինչ օրս ո՛չ նա ու ո՛չ էլ որեւէ մեկը չի պարզաբանել, թե ինչն է եղել այդ հրաժարականի պատճառը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: