Այսօր Վենետիկի հանձնաժողովի անդամներին հարց ուղղելիս ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկայացրեց ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ կատարվածը և նշեց, որ վերջինս Սերժ Սարգսյանի ճնշման ներքո հրաժարվեց քաղաքականությամբ զբաղվել:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, նախքան իր հարցն ուղղելը, նշեց. «Մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին` ԲՀԿ-ի հանդեպ հոգատարության համար»:
Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների նախագծին, նա նշեց, որ հիմնական մտահոգությունը քաղաքական մենաշնորհ ձևավորելու մեջ է:
Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները նշեցին, որ իրենք ևս այդ հարցը բարձրացրել են: «Քաղաքական կայունության նպատակին հասնելը իրականում վերապահված է ազգային դերակատարներին, եթե չասենք` բացառապես նրանց: Ահա, թե ինչու երկրորդ փուլի վերաբերյալ մենք մտահոգություններ էինք հայտնել: Մենք կարծում ենք, որ այս դրույթը պետք է կարճացվի ու սեղմ դարձվի, և չպետք է մեկ եղանակ լինի` կայունություն ձևավորելու համար: Պետք է լինի որոշակի ընտրություն, ընտրողները պետք է ունենան որոշակի նպատակներ` այդ քաղաքական կայունությանը հասնելու համար: Եթե հարցնեք՝ կա՞ սրա հետ կապված համաձայնություն, ապա ես կասեմ, որ հասել ենք ընդհանուր ընկալման: Վենետիկի հանձնաժողովը համարում է, որ այն, ինչ գրված է տեսքում, պետք է փոխվի»,- նշեց անդամներից Քրիստոֆ Գրաբենվարտերը: