Գյումրու Անկախության հրապարակի կանգառում հայտնաբերվել է կնոջ դի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր առավոտյան Գյումրու անկախության հրապարակի կանգառում հայտնաբերվել է մահացած կնոջ դի: Կանգառում տրանսպորտի սպասող քաղաքացիները սկզբում կարծել են, որ կինը ցրտահարվել եւ ուշագնաց է եղել, ահազանգել են Գյումրու շտապ բուժօգնության կայան: Խումբը անմիջապես այցելել է դեպքի վայր, պարզվել է, որ կինն արդեն մահացած է: “Առավոտյան ժամը 08:27-ին ընդունել ենք կանչ գուլպայի ֆաբրիկայի կանգառում, զանգողը հայտարարել է, որ նստարանին կին է նստած` երեւի մահացած է: Երբ որ մեր աշխատախումբը գնացել է, քաղաքացու մոտ սրտի աշխատանքն ու շնչառությունը բացակայել են, բբային ռեակցիան բացասական է եղել, այսինքն` արձանագրվել է բիոլոգիական մահ”,- մեր լրագրողի հետ զրույցում նշել է Գյումրու շտապ բուժօգնության կայանի տնօրեն Ռոբերտ Թորոսյանը:
Կանչը սպասարկող բրիգադի աշխատակիցները կատարվածի մասին անմիջապես տեղյակ են պահել ոստիկանության Գյումրու բաժնի հերթապահ մաս, քանի որ, ըստ կայանի տնօրենի, ֆիքսվել է բիոլոգիական մահ: “Եթե կլինիկական մահ լիներ, մերոնք ամեն ինչ կանեին, որպեսզի կարողանային հետ բերել սրտի աշխատանքը: Այդ կնոջը լավ ճանաչում ենք, շատ ենք կանչ գնացել, անունը Սուսաննա է”,- մեր լրագրողի հետ զրույցում նշել է Ռոբերտ Թորոսյանը: Ըստ նրա` կայանի աշխատախմբերը քաղաքացուն բազմիցս են սպասարկել՝ հիմնականում փողոցում, երբ նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ, եւ մի քանի անգամ հազիվ է հաջողվել վերջինիս գիտակցության բերել: “Մենք շատ ենք գնացել, հիմնականում Տիգրան Մեծ փողոցի վրա են կանչերը եղել, մեր աշխատողներն իրան ճանաչում են որպես ալկոհոլի հետ սեր ունեցող կին”,- ասել է Ռոբերտ Թորոսյանը:
Կնոջ դին անմիջապես տեղափոխվել է պաթոլոգոանատոմիական լաբորատորիա, որտեղից մեր լրագրողին փոխանցել են, որ դեռեւս պետք է համապատասխան զննություն իրականացվի, նաեւ փորձաքննություն կատարվի կնոջ մահվան պատճառները ճշտելու համար: Կա վարկած, որ քաղաքացու մահվան պատճառը կարող է նաեւ ցրտահարությունը լինել, քանի որ, ինչպես հայտնի է, նա դրսում է գիշերում եւ համարվել է անօթեւան, սակայն ըստ ՇՄ քննչական բաժնի քննիչ Հովհաննես Քաղցրիկյանի՝ կնոջ մահվան իրական պատճառները պարզ կդառնան դատաբժշկական փորձաքննության արդյունքում: “Օպերատիվ քննչական խումբն իմ գլխավորությամբ մեկնել է դեպքի վայր, որտեղ պարզել ենք, որ մահացողը հանդիսանում է Սուսաննա Ժորայի Սերոբյանը` ծնված 03.01.1967 թվականին, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառները պարզելու համար: Մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ է: ՇՄ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում”,- ասել է Հովհաննես Քաղցրիկյանը:




Լրահոս