ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՓՈՇՄԱՆԵԼ Է. ՆՐԱ ՄՈՏ ՉՍՏԱՑՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս տեղի ունեցած մի պաշտոնական ընդունելության ժամանակ, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, վերջինիս եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի միջեւ բավական ուշագրավ զրույց է տեղի ունեցել: Դեսպանը պատգամավորից հետաքրքրվել է, թե նոր կուսակցություն հիմնելու վերաբերյալ նրա ծրագրերն ի՞նչ փուլում են, ինչին ի պատասխան Օսկանյանն ասել է, որ ինքն այդ գործընթացը դադարեցրել է, նաեւ համոզվել է՝ նոր կուսակցություն ստեղծելը անիրագործելի ծրագիր է եւ անիմաստ: Սակայն այս երկխոսության ողջ հմայքն այն է եղել, որ Օսկանյանը փաստացի այնպես է դեսպանի հարցին պատասխանել, որ բոլորն այն լսեն: Հասկանալի է, որ Օսկանյանի խոսքն առավել շատ հասցեագրված է եղել իր կուսակիցներին, քանի որ փետրվարյան հայտնի դեպքերից հետո նրա եւ ԲՀԿ-ում մնացածների միջեւ կարելի է ասել, որ կապը կտրվել էր: Հետագայում այդ խզումը առավել տեսանելի դարձավ, երբ հայտնի դարձավ, որ Օսկանյանը մտմտում է նոր կուսակցություն հիմնել: Բայց ինչպես երեւում է՝ նա այդ գաղափարից հրաժարվել է եւ ամենայն հավանականությամբ իր գործունեությունը կշարունակի հենց ԲՀԿ-ի շրջանակներում:

 

 

 
«Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթերից երկուսը, որոնք թվագրված են 2005 թվականով, եւ հեղինակել է Հայաստանում այդ ժամանակ ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, ցույց են տալիս, թե որքան անողնաշար են ՀՀ իշխանությունները: Այդ փաստաթղթերը վերաբերում են Հայաստան-Իրան գազատարի կառուցմանը: Դրանից մեկում դեսպանը պատմել է, որ ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանն իր հետ զրույցում ասել է, թե ՌԴ-ն ջանք չի խնայում Հայաստանին համոզելու, որ գազատարի տրամաչափը փոքրացվի: Մովսիսյանն ասել է, որ ի սկզբանե գազատարը պիտի լիներ 1000 մմ տրամագծով, սակայն ռուսական կողմը պնդել է 253 մմ-ի տարբերակը, հետագայում համաձայնել են 500 մմ-ին: Մովսիսյանն հայտնել է, թե գազատարը նվազագույնը 720 մմ պետք է լինի, որպեսզի դրանով հնարավոր լինի տարեկան 2,4 մլրդ խմ. գազ մատակարարել: Բացի այդ՝ նախարարը նաեւ խոստովանել է, որ այդ գազատարի ողջ իմաստը ռուսական կախվածությունը նվազեցնելն է, որն, ըստ էության, չստացվեց: Հիշեցնենք, որ հետագայում այդ գազատարը 30 մլն դոլարով վաճառվեց հենց ռուսական կողմին:

 

 

 
Ինչպես հայտնի է՝ այս տարվա օգոստոսի 6-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել էր դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի` տխրահռչակ Մացոյի նկատմամբ վարույթ հարուցելու պահանջով: Սակայն մի քանի օր անց դիմումը մերժվել է: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ մերժման որոշումը եղել է ապօրինի: Բանն այն է, որ հանձնաժողովի 7 անդամներից 3-ը` Սամվել Թադեւոսյանը, Գագիկ Ավետիսյանը եւ Աշոտ Աբովյանը, չէին կարող որոշման կայացմանը մասնակցել, քանի որ արձակուրդում են եղել: Որոշման կայացմանը կարող էին մասնակցել միայն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Սլավիկ Թորոսյանը եւ Մխիթար Պապոյանն ու ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նարինե Բարսեղյանը: 7-րդ անդամը` նույն ինքը Մացոն, չէր կարող քննարկմանը մասնակցել, որովհետեւ խնդիրը վերաբերել է իր անձին:

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը երեկ հրավիրվել է նախագահական նստավայր՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման: Ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանը ՔԿՎ պետին կանչել է տեղեկացնլու, որ ինքը հենց նրան է ցանկանում նշանակել ՀՀ արդարադատության նախարար: Սակայն, ամենայն հավանականությամբ, նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի ՀՀԿ գործադիր մարմնի՝ այսօր կայանալիք նիստում Օսիկյանի թեկնածությունը ներկայացնելուց հետո: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Արթուր Օսիկյանից ճշտել վերը բերված լուրերը, սակայն Օսիկյանի հեռախոսին պատասխանեց այլ մարդ՝ ասելով, որ ՔԿՎ պետը զբաղված է: Հիշեցնենք, որ մինչ երեկ նախարարի թափուր պաշտոնի հիմնական թեկնածուն համարվում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը, սակայն վերջին օրերին նրա թեկնածության գլխին «մութ ամպեր» են կուտակվել, որի մասին գրել էինք երեկվա համարում:

 

 

 

 
ԿՈՆՍՈԼԻԴԱՑՎԱԾ

Ինչպես «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է՝ մոտ օրերս Բաղրամյան 26-ում կկայանա Սերժ Սարգսյանի հերթական սահմանադրական ֆոտոսեսիան քաղաքական ուժերի հետ: Մարտին տեղի ունեցած նախորդ ֆոտոսեսիային, ինչպես հիշում ենք, չմասնակցեց միայն Հայ ազգային կոնգրեսը, որին հրավեր չէր էլ ուղարկվել: Իսկ, ահա, մնացած ոչ իշխանականները՝ ի դեմս ԲՀԿ-ի եւ անգամ «Ժառանգության», շտապել էին նախագահական նստավայր՝ Ս. Սարգսյանի հետ իրենց բաժին լուսանկարների հետեւից: Իհարկե, հետագայում կոնկրետ «Ժառանգություն»-ում այդ հանդիպման պատճառով լուրջ վիճաբանություններ եղան Արմեն Մարտիրոսյանի, Ռուբիկ Հակոբյանի եւ Զարուհի Փոստանջյանի թեւի միջեւ, եւ կուսակցությունը ստիպված եղավ էլ ավելի կոշտացնել իր դիրքորոշումը՝ ընդդեմ Ս. Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների:
Այդուհանդերձ մարտին կայացած այդ ֆոտոսեսիայից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե իր հետ հանդիպած որեւէ քաղաքական ուժ հանդես չի եկել սահմանադրական փոփոխությունների դեմ՝ այդպիսով փորձելով ամրագրել, որ սահմանադրական փոփոխությունների հարցում ներքաղաքական կոնսոլիդացիայի ապահովման վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի առաջադրած պահանջը կատարվել է: Հետագայում էլ, երբ հրապարակվեց Սահմանադրության նոր նախագիծը, որը լի էր աղաղակող թերություններով եւ, ըստ էության, ամրագրում էր Հանրապետական կուսակցության մենիշխանության հնարավորությունը, Սերժ Սագսյանի հետ հանդիպած կուսակցություններից որեւէ մեկը հանդես չեկավ նոր Սահմանադրության դեմ հստակ, պաշտոնական հայտարարությամբ: Այս դեպքում էլ բացառությունը ՀԱԿ-ն էր, որը Սահմանադրության նախագծի հրապարակումից անմիջապես հետո այն որակեց պետական հեղաշրջման փորձ:
Ամեն դեպքում, Ս. Սարգսանի հետ առաջիկա հանդիպմանը, ըստ ամենայնի, դարձյալ չեն մասնակցի «Ժառանգություն»-ն ու ՀԱԿ-ը, իսկ խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը (այդ թվում եւ մեկական պատգամավորներ ունեցող) այս անգամ էլ կշտապեն օժանդակել Սերժ Սարգսյանի կողմից քաղաքական կոնսոլիդացիայի ցուցադրմանը: Այդ ուղղությամբ այս օրերին արդեն իսկ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հասցրել է համապատասխան հրահանգներ տալ «կոնսոլիդացված» քաղաքական ուժերին՝ զգուշացնելով, որ սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես գալու դեպքում հետեւանքներն իրենց ուշացնել չեն տա: Իսկ, ահա, այն ուժերը, որոնք կաջակցեն Ս. Սարգսյանի իշխանության երկարաձգումն ապահովող Սահմանադրության ընդունմանը, կունենան իրենց ապահով տեղը Ազգային ժողովում: Նկատենք, որ նման խոստումներ տալու հարցում իշխանությունները որեւէ խնդիր չեն տեսնում, քանի որ նոր Սահմանադրությամբ հնարավոր կլինի Ազգային ժողովը «լոճել» այնքան, որքան պետք է, եւ տեղավորել այնքան քաղաքական ուժերի, որքան անհրաժեշտ է: Միեւնույն է՝ վերջում իրենք ունենալու են «կայուն մեծամասնություն», որն էլ որոշելու է ամեն ինչ:




Լրահոս