ԿՀԱՂԹԻ ՄԻԱՅՆ ՉԿԵՂԾՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքական դաշտում կամ ավելի կոնկրետ՝ ընդդիմության շրջանում լուրջ խորքային փոփոխություններ են տեղի ունենում, որոնք առավել տեսանելի կդառնան 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Թվում է, թե դեռ 2 տարի կա, եւ այսօր վաղ է ապագա ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք քաղաքական դաշտի մասին խոսել: Սակայն իրականում այսօր ընթացող գործընթացները դեռեւս երեք տարի առաջ են ծիլեր տվել, եւ գնալով դրանց վերջնարդյունքն ավելի տեսանելի է դառնում: Իսկ վերջնարդյունքը լինելու է այն, որ ներկայիս ընդդիմադիրների մեծ մասն, ի վերջո, հայտնվելու են լուսանցքից դուրս. նրանց տեղը զբաղեցնելու են նորերը:

Անշուշտ, ցանկացած քաղաքական ուժ կամ գործիչ վերջնարդյունքում ձգտում է իշխանության: Այսինքն՝ նոր ընդդիմությունը եւս ձգտելու է իշխանության: Ուստի, եթե նոր ընդդիմադիրները չեն ցանկանում իրենց քաղաքական կարիերան, հավերժ ընդդիմադիր լինելով, ամփոփել կամ էլ պաշտոն ստանալ իշխանությանը ծախվելու ճանապարհով, ապա այսօրվանից արդեն իրենց համար պետք է բացառեն նախորդ եւ պատմություն դառնալու ճանապարհին գտնվող ներկա ընդդիմության սխալները: Իշխանության համար պայքարի զուտ տեխնիկական սխալներից բացի՝ կա նաեւ մեկ շատ կարեւոր հանգամանք, որի մասին ընդդիմադիրները չեն սիրում հրապարակային խոսել: Մասնավորապես խոսքն այն մասին է, որ նոր ընդդիմությունը պետք է կարողանա ապրել այն սկզբունքներով, որը ինքը քարոզում է: Այսինքն՝ եթե տվյալ քաղաքական ուժը կամ գործիչը ընտրողին խոստանում է օրենքի առաջ հավասարություն, անկախ դատական համակարգ, խոսքի ազատություն եւ այլն, ապա ինքը պետք է այդ նույն սկզբունքներով ապրի:
Հայաստանի նախկին եւ ներկա ընդդիմության ամենամեծ խնդիրը եղել է այն, որ ընդդիմադիրներն իրական կյանքում կապ չեն ունեցել իրենց իսկ քարոզած սկզբունքների եւ հայացքների հետ: Ասվածն առավել հասկանալի դարձնելու համար ներկայացնենք վերջին 20 տարիների ընդդիմադիր կուսակցությունների եւ շարժումների օրինակները:
Այսպես՝ 1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմության առաջնորդը ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն էր: Փաստորեն, նախագահական ընտրություններից ընդամենը մեկ տարի չանցած հայտնի դարձավ, որ Վազգեն Մանուկյանի նախընտրական քարոզարշավը հիմնականում ֆինանսավորվել էր քրեական աշխարհի հետ սերտորեն կապված անձանց կողմից, մասնավորապես, հիմնական ֆինանսավորողներից մեկը եղել էր այն ժամանակ դեռեւս գործարար Ռուբեն Հայրապետյանը (ով այսօր մարդ է ծեծում իր սենյակում): Այլ կերպ ասած՝ Վազգեն Մանուկյանը չէր խորշել այն մտքից, որ իր քարոզարշավի կազմակերպման համար ծախսվեին այն ժամանակվա իշխանություններից «նեղացած» քրեական աշխարհի ներկայացուցիչների փողերը: Եթե Վազգեն Մանուկյանին հաջողվեր իշխանության գալ, ապա նա պարտավոր էր լինելու վարձահատույց լինել Ռուբեն Հայրապետյանին, իսկ թե ինչպես դա կիրականացվեր, դժվար չէ կռահել, մենք ամեն օր ականատես ենք լինում, թե ինչպես են իշխանությունները վարձահատույց լինում իրենց համար ծառայած քրեական տարերին: 1998-ի փետրվարյան հեղաշրջումից հետո ԱԺՄ-ի մի շարք ներկայացուցիչներ բարձր պաշտոններ ստացան, եւ ինչպես պարզվեց՝ այդ անձանց պաշտոնավարությունն առավել կոռումպացված ստացվեց, քան նրանց կողմից քննադատված նախորդ իշխանություններինը:
ՀՅԴ-ն, որը ՀՀՇ-ի հասցեին ծանրագույն մեղադրանքներ էր հնչեցնում, Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո սկսեց պաշտոն ստանալ եւ պարզվեց, որ այս սոցիալիստներն ավելի կապիտալիստ են, քան նախորդ ազատականները: Ընդհանրապես, վերջին մեկուկես տասնամյակում ՀՅԴ պարբերաբար մեկ իշխանություն է եղել, մեկ ընդդիմություն: Այս կուսակցության կողմից նշանակված նախարարներից միայն մեկի դեպքում չի կարելի ասել, որ պաշտոնավարման ընթացքում միլիոնատեր է դարձել: Իհարկե, այդ մեկի անունը չենք նշում` կուսակից ընկերների կողմից նրան չթիրախավորելու համար: Այսինքն՝ ամեն անգամ, երբ ՀՅԴ-ն իշխանություն է ունեցել, նա իրեն դրսեւորել է նույն ՀՀԿ-ի կամ իր կողմից ժամանակին քննադատված ՀՀՇ-ական պաշտոնյաների պես:
2002-2007 թվականների ընդդիմության ներկապնակն այսպիսին է եղել. ԱԺՄ, ՀՅԴ, ՕԵԿ, «Ազգային միաբանություն», ՀԺԿ, «Հանրապետություն»: Իսկ թե ինչ եղավ այս կուսակցությունների հետ, կարծում ենք՝ կարիք չկա ներկայացնելու: ՕԵԿ-ն այն աստիճան վարկաբեկվեց, որ այժմ կուսակցության անունը փոխելու խնդիր է դրված: «Ազգային միաբանությունից» մնացել է միայն Արտաշես Գեղամյանը, այն էլ դարձել է ՀՀԿ-ի սազանդարը: ԱԺՄ-ի դեպքում էլ ընդամենը պատմությունից հուշ մնացած անուններ են: Մի խոսքով, բերված ընդդիմադիր կուսակցությունների գերակշռող մեծամասնությունը ժամանակի ընթացքում իշխանությունների հետ գործարքի գնաց: Արդյունքում նախկին ընդդիմադիրները, որոնք պաշտոններ ստացան, ավելի կոռումպացված գործունեություն դրսեւորեցին, քան ժամանակին նրանց իսկ կողմից քննադատված պաշտոնյաները:
Ի դեպ, շատերին թվում է, թե ընտրող քաղաքացին տեղեկացված չլինելով՝ շատ հեշտությամբ է խաբվում: Սակայն անցած տարիների փորձը ցույց է տվել, որ մարդիկ տեղեկացված չլինելով հանդերձ՝ իրենց կենսափորձի հաշվին շատ լավ զգացել են կեղծիքը: Եվ, երբ եկել է պահը, որ պետք է ինքնազոհողությունների գնան` իշխող կեղծավորներին եւ թալանչիներին նորերով փոխարինելու համար, քաղաքացիների մի ստվար զանգվածը ետ է քաշվել ճիշտ ժամանակին: Ի վերջո, ինչ տարբերություն Սերժը կամ Ռոբերտն է իր թիմով թալանում, թե մեկ ուրիշը:
Այնպես որ, նոր ընդդիմությունը հաջողության հասնելու համար պարտադրված է լինելու իր կուսակցականների անձնական օրինակով ՀՀ քաղաքացուն համոզել, որ առկա թալանին եւ անօրենությանն իր կողմից դեմ արտահայտվելը ձեւական բնույթ չի կրում, եւ որ իր իշխանության գալու դեպքում Հայաստանն իսկապես վերափոխվելու է: Այս խնդիրը, թերեւս, ամենադժվար լուծելիներից է, քանի որ երկու տասնամյակ շարունակ փաստացի պարբերաբար խաբված ՀՀ քաղաքացուն համոզելու համար նոր ընդդիմադիրները ստիպված են լինելու անսահման ջանք ու եռանդ ներդնել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՏԱՏԱՆՎՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները փորձում են նոր Սահմանադրության նախագիծը հնարավորինս շուտ ուղարկել խորհրդարան: Ավելին՝ ի սկզբանե ծրագրվել է նոր Սահմանադրության նախագիծը քննարկելու նպատակով սեպտեմբերի 7-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, սակայն պատասխանատուները տեղեկացրել են, որ մասնագիտական հանձնաժողովը դեռ չի հասցրել փաստաթուղթը վերջնական տեսքի բերել: ԱԺ ՀՀԿ խմբակցությունում երեկ արդեն իսկ որոշել են նոր Սահմանադրության նախագիծը խորհրդարանում քննարկման դնել սեպտեմբերի 15-ին՝ ԱԺ առաջին նստաշրջանի երկրորդ օրը: ՀՀԿ-ականները միեւնույն ժամանակ չեն բացառում, որ եթե ինչ-ինչ պատճառներով չկարողանան առաջին քառօրյայում նախագիծը քննարկել, ապա դա կանեն սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին հաջորդող առաջին իսկ օրերին:
Ի դեպ, ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում ասում են, թե նոր Սահմանադրության նախագիծը խորհրդարանում «անցկացնելը» հնարավոր կլինի անցկացնել շատ հեշտ ու արագ, քանի որ խմբակցությունների մեծ մասի հետ արդեն իսկ ներքին պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

 

ՀԵՐԹՈՎ, ԿԱՐԳՈՎ
Նախօրեին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ այսօր ՀՀԿ-ն գործադիր մարմինի նիստ է հրավիրելու: Սերժ Սարգսյանի մեկամսյա «կարճատեւ» արձակուրդից հետո սա ՀՀԿ-ի առաջին «հավաքն» է: Ենթադրվում է, որ թիվ մեկ հարցը լինելու է ՀՀ արդարադատության նախարարի թեկնածուին հաստատելը: Ըստ ՀՀԿ-ականների՝ հաջորդը քննարկելու են նոր Սահմանադրության նախագծի հարցը: Իսկ երրորդ հերթում լինելու է ՀՀԿ-ականների սեքս-սկանդալի պատմության հարցը: ՀՀԿ-ականները պետք է որոշեն, թե ինչպես հանգուցալուծեն այդ պատմությունը: Երեկ «ժողովուրդ»-ը փորձեց ՀՀԿ կազմակերպչական գործերի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանից պարզել, թե ինչպիսինն է այսօրվա ԳՄ նիստի օրակարգը: «Գործադիր մարմնի օրակարգը ձեւավորվում է կուսակցության նախագահի եւ ԳՄ անդամների առաջարկությունների հիման վրա, տեղում»,- պատասխանեց Թադեւոսյանը:

 

ՀԱՅՑ՝ ԸՆԴԴԵՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ
Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանը, պարզվում է, դեռեւս անցած տարվա մայիսի 5-ին հայց է ներկայացրել Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի դեմ: Հայցը ներկայացվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջան ընդհանուր իրավասության դատարան: Սակայն զավեշտը հայցապահանջն է: Վարչական շրջանը դատարանից պահանջում է պատգամավորից բռնագանձել 27 հազար 416 դրամ: Հաշվի առնելով գումարի չափը եւ այն փաստը, որ հայցվորը վարչական շրջանն է, ակնհայտ է, որ պահանջվող գումարը պատգամավորի կողմից չվճարված գույքահարկն է: Ինչ արած, պատգամավորն էլ մարդ է եւ ՀՀ մյուս քաղաքացիների պես, հավանաբար, նա էլ սոցիալական դժվարությունների պատճառով չի կարողացել այդ գումարը վճարել:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
«Էյր Արմենիա» հայկական ավիաընկերության ռուս համասեփականատերերը հայտարարություն են տարածել եւ մտահոգություն հայտնել Արսեն Ավետիսյանի դեպքի հետ կապված. «…Կոչ ենք անում կողմերին պահպանել հավասարակշռություն եւ ողջախոհություն առաջ եկած խնդիրների լուծման համար: Մենք պատասխանատվություն ենք ստանձնել ընկերության ներդրումային քաղաքականության իրականացման, ընկերության պարտքերի եւ պարտավորությունների, այդ թվում 250 աշխատակիցների եւ գործընկեր կազմակերպությունների նկատմամբ, որոնք երկար ժամանակ է հանդիսանում են «Էյր Արմենիա» ավիաընկերության լավագույն գործընկերները: Վերջին իրադարձությունները կարող են վտանգել «Էյր Արմենիա» ավիաընկերության ներդրումային ծրագրերը եւ իրականացվող բարեփոխումները: Այդ իսկ պատճառով խնդրում ենք կողմերին եւ իշխանությունների ներկայացուցիչներին տվյալ իրավիճակում գտնել խնդրի լուծման օրինական ճանապարհը»:

 

ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԽՆԴԻՐ
«Հիմնադիր խորհրդարանի», Շ. Հարությունյանի խմբի եւ «Դեմ եմ» շարժման անդամներն այսօր «Նոյյան տապան» ակումբում պահանջում էին ոստիկանությունից վերադարձնել բողոքի տարբեր ակցիաների ժամանակ իրենցից առգրավված գույքը՝ բարձրախոսներ, համակարգիչներ, դրոշներ, պլակատներ եւ այլն: «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամը ներկայացնող «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կ. Եղնուկյանը նշեց, որ, օրինակ, ՀԱԿ-ից մոտ 2 տարի առաջ 2 բարձրախոս են վերցրել եւ այլեւս չեն վերադարձրել:

 

ՉՏՈՒԳԱՆԵՑԻՆ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր պետք է 5 մլն դրամի չափով տուգաներ «Հայաստանի էլեկտրական ցաներ» ընկերությանը, որը պետք է արվեր քաղաքացիների դիմումների հիման վրա, սակայն քաղաքացիները հայտնել են, որ միացումներն արդեն կատարվել են, եւ հիմա ամեն ինչ նորմալ է: Հենց այդ պատճառով էլ ՀԾԿՀ-ն չտուգանեց ՀԷՑ-ին:

 

ՆԱ ԳՆԱՑ
ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանն օգոստոսի 19-ից կմեկնի կարճատեւ արձակուրդ, որի մի մասն ընտանիքի հետ կանցկացնի արտերկրում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարությունից:




Լրահոս