2015թ. օգոստոսի 6-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ վարույթ հարուցելու պահանջով: Սակայն որոշ Ժամանակ անց օմբուդսմենի դիմումը մերժվեց: «Ժողովուրդ»-ին հանժնաժողովի որոշումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես են օրենքը խախտելով Կարեն Անդրեսայանի դիմումը մերժել:
Նշենք, որ օմբուդսմենը դատավորին պատժելու համար հիմք էր ընդունել Արթուր Այվազյանի` հայտնի Մանախի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը: Փաստաբանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանից խնդրել էր իր պաշտպանյալի մասով վերացնել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի համապատասխան որոշումը, որով մերժվել էր փոխել Արթուր Այվազյանի ռեժիմը: Բայց դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժել էր պաշտպանի բողոքը: Ինչպես նկատում ենք՝ Հայկ Ալումյանը ձեռքերը ծալած չէր նստել եւ առաջին ատյանի որոշումը բողոքարկել էր վերաքննիչ քրեական դատարանում, ինչի արդյունքում հուլիսին դատարանը մասնակիորեն բավարարել էր Ալումյանի վերաքննիչ բողոքը՝ փոխելով առաջին ատյանի դատարանի որոշումը: Եվ, ահա, օմբուդսմենը համարել է, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը դուրս է եկել օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից եւ թույլ տվել ՀՀ քրեական դատավարության դրույթների ակնհայտ եւ կոպիտ խախտումներ:
Ահա, այս հիմքով Կարեն Անդրեասյանը դիմել էր դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովին՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:
Եվ, ահա, հրապարակումից որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ հանձնաժողովը որոշում է կայացրել Մարտիրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցել, քանի որ ուսումնասիրելով ներկայացված հաղորդումը եւ ամփոփելով պարզված հանգամանքները` գտել է, որ դատավորի կողմից թույլ չեն տրվել նյութական եւ դատավարական նորմերի էական, անվիճելի եւ անհերքելի խախտումներ:
Ո՞վ է դատավոր Մացոն
Նկատենք, որ Մնացական Մարտիրոսյանը պատահական դատավոր չէ: Վերջինս հայտնի է որպես քաղաքական հնչեղ գործերով իշխանության պատվերներ կատարող, ավելի կոնկրետ՝ քաղաքական պատվերների դատավոր: Նա հանրությանն ավելի հայտնի դարձավ մարտի 1-ից հետո «7»-ի գործի քննությամբ ու ակնհայտ շինծու դատավճիռների հրապարակմամբ: Դրանից հետո նա քննում էր նաեւ Նիկոլ Փաշինյանի, ապա նաեւ ՀԱԿ ակտիվիստների գործը՝ բոլոր գործերով արձակելով մեղադրական դատավճիռներ: Որպես քաղաքական դաշտի հովանավորյալը, ըստ էության, Մնացական Մարտիրոսյանին պատժելը կասկածելի էր թվում: Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը փորձեց հասկանալ, թե ինչ հանգամանքներում հանձնաժողովի անդամ դատավորները որոշում կայացրին:
Որտե՞ղ է թաքնված շան գլուխը
Ինչպես գիտենք՝ 2015 հուլիսի 25-ին դատավորների ընդհանուր ժողովը դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ էին ընտրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սլավիկ Թորոսյանին, ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նարինե Բարսեղյանին, Կենտրոն դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանին եւ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Աշոտ Աբովյանին: Ուշագրավ է, որ Մնացական Մարտիրոսյանը հանդիսանում է հենց նույն հանձնաժողովի անդամ, եւ ենթադրվում էր, որ դժվար թե այդ հանձնաժողովը նրան կարգապահական պատասխանատվության ենթարկեր: Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ դատավորներից հետաքրքրվեց, թե արդյո՞ք վախն էր, որ չկարողացան պատժել Մնացական Մարտիրոսյանին, թե այլ խնդիր կար:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սլավիկ Թորոսյան
-Պարո՛ն Թորոսյան, վախեցա՞ք պատժել Մնացական Մարտիրոսյանին:
-Ես արձակուրդում եմ եղել եւ տեղյակ չեմ, թե ինչի մասին է խոսքը:
-Իսկ եթե հանձնաժողովի անդամները բացակայում են, հնարավո՞ր է նիստ հրավիրել եւ որոշում կայացնել:
-7 հոգի են, եթե 4-ն էլ լինեն, բավարար է:
-Լավ, իսկ որպես հանձնաժողովի անդամ՝ ի՞նչ եք կարծում՝ Ձեր մյուս գործընկերները ինչո՞ւ պետք է վախենային պատժել Մնացական Մարտիրոսյանին:
-Չէ, եթե անդամներից մեկի հարցն է, ապա նա չի մասնակցում: Ես զբաղված եմ, այլ բան չեմ կարող ասել:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն էլ հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ:
Իսկ, ահա, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանից տեղեկացանք, որ դատավոր Գագիկ Ավետիսյանն արձակուրդում է եւ աշխատանքի կվերադառնա օգոստոսի 21-ին:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Աշոտ Աբովյանը եւս արձակուրդում է, եւ, ըստ էության, նշված դատավորները, ինչպես Սամվել Թորոսյանը, չեն մասնակցել հանձնաժողովի նիստին:
Հաշվի առնելով, որ Մնացական Մարտիրոսյանն էլ նույն հանձնաժողովի անդամ է եւ հիմք ընդունելով դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կանոնակարգը՝ ըստ որի՝ հանձնաժողովի անդամի կողմից դատավորի կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի կատարման վերաբերյալ հարցի քննարկմանը հանձնաժողովի տվյալ անդամը չի մասնակցում, ապա ստացվում է, որ դատավորներից 4-ը չեն մասնակցել Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման կայացմանը: Մինչդեռ հենց Սամվել Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հանձնաժողովի անդամների 4-ի ներկայության դեպքում կարող էր որոշում կայացվել: Ուսումնասիրեցինք նաեւ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կանոնակարգը, որտեղ հստակ գրված է, որ հանձնաժողովի որոշումն ընդունվում է, եթե դրա օգտին քվեարկել է հանձնաժողովի անդամների մեծամասնությունը: Բայց, ինչպես պարզվեց, 7 դատավորներից 4-ը չի մասնակցել ժողովին, ու հետաքրքիր է՝ օրինական ի՞նչ հիմքով են դատավորներն իրենց գործընկերոջը պաշտպանող որոշում կայացրել:
Այս որոշումն էլ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի համար կարող է լրացուցիչ դիմում ներկայացնելու հիմք հանդիսանալ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈ՞ՒՆ Է ՍՊԱՌՆՈՒՄ
«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել պատգամավորներին պատկանող ընկերությունների դեմ ներկայացված դատական հայցերին եւ, առհասարակ, նրանց դատարանի միջոցով սնանկ ճանաչելու գործընթացին:
Գրել էինք, որ 2015թ ապրիլի 8-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանին սնանկ է ճանաչել, իսկ, ահա, հունիսին էլ Կոտայքի մարզի դատարանը մեկ այլ քաղաքացու բողոքի հիման վրա պատգամավորին պատկանող 13 անուն գույքի վրա արգելանք է դրել: Ֆինանսական լուրջ խնդիրների եւ դատական հայցերի մեջ են հայտնվել նաեւ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանին պատկանող ընկերությունները, եւ չի բացառվում, որ հաշվի առնելով մի շարք դատական հայցերը՝ պատգամավորը եւս սնանկ ճանաչվի: Հիշեցնենք, որ նա ԲՀԿ-ին դավաճանեց, որպեսզի փրկի ունեցվածքը, բայց կարծես թե չի ստացվում:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Սպիտակ Կամար» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն է, լուրջ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել: Տեղեկացանք, որ 2015թ հուլիսի 31-ին «Էկոմիքս» ՍՊԸ-ն դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է, որ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանին պատկանող ընկերությունից բռնագանձվի 2 միլիոն դրամ: «Կարին» ՍՊՆ-ն էլ իր հերթին է 2015 դիմել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ Արագած Ախոյանին պատկանող ընկերությունից պահանջելով 2 միլիոն դրամ:
Իսկ, ահա, «Տուֆաբլոկների գործարան» ԲԲԸ-ն ոչ միյան դիմել է Արաբկիր դատարան՝ պահանջելով ընկերությունից բռնագանձել 2 միլիոն դրամ, այլեւ միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ պատգամավորին պատկանող ընկերության գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչն այս գործով դատավոր Սամվել Թադեւոսյանը բավարարել է:
Այսինքն՝ պատգամավորին պատկանող ընկերությունն այս օրերին գտնվում է արգելանքի տակ: Նկատենք, որ Արագած Ախոյանին պատկանող միայն այս ընկերությունը չէ, որ դատական քաշքշուկների մեջ է հայտնվել: 2015 օգոստոսի 2-ին գրել էինք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով, որ դատարանի միջոցով «Խաչարամ կոնսերվատորիա» ՍՊԸ-ից բռնագանձվի 950 հազար 400 դրամ: Իսկ, ահա, ըստ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական տվյալների՝ «Խաչարամ կոնսերվատորիա» ՍՊԸ-ի համահիմնադիրը ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն է: Այս գործերով դատական նիստերը դեռեւս շարունակվում են, հուսանք, որ պատգամավորը դատարանի միջոցով կկատարի իր պարտավորությունները, իսկ եթե ոչ, ապա պատգամավորին սնանկ կճանաչեն, եւ գործի կանցնի ԴԱՀԿ-ն:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԵԿ ԶՈՒՅԳ ԱԿԱՆՋՕՂԻ ՀԱՄԱՐ
Օգոստոսի 21-ին կշարունակվի Ռուզաննա Կիրակոսյանի դատավարությունը, որի նկատմամբ կայացված վճիռը մեկ անգամ արդեն բեկանվել է եւ դարձյալ ուղարկվել նոր քննության:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի քննվել Ռուզաննա Կիրակոսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նա մեղադրվում է այն բանի համար, որ աշխատելով Երեւանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունում որպես ֆիլդշերական բրիգադայի սանիտար՝ 2014թ. սեպտեմբերի 21-ին ընդգրկված է եղել հերթապահության գրաֆիկում եւ ժամը 09:00-ից կատարել աշխատանքային պարտականությունները: Այն է` ահազանգ ստանալով այն մասին, որ Մաշտոցի պողոտայի 51 շ. 36 բնակարանում դիակ կա, Ռ. Կիրակոսյանը շտապօգնության մեքենայի վարորդ Հայկ Վարդանյանի հետ մեկնել է վերը նշված բնակարան, ապա Սիլվա Պետրոսյանի դիակը պատգարակով տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենայի սրահ, որի ընթացքում էլ Ռ. Կիրակոսյանը Ս. Պետրոսյանի դիակից հափշտակել է զգալի չափի՝ 50.000 ՀՀ դրամ արժողության մեկ զույգ ոսկյա ականջօղ: Գործում, որպես իրեղեն ապացույց, կցված են նաեւ ականջօղերը: Իսկ Ռուզաննա Կիրակոսյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: