ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՂՁ ՉԵՆ ՄԹԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում գյուղացին գյուղմթերքի իրացման խնդրի առաջ է կանգնած: Գյուղացիները չեն կարողանում նույնիսկ իրենց բերքի ինքնարժեքը ստանալ: Թեեւ գյուղնախարար Սերգո Կարապետյանն անընդմեջ խոստումներ է տալիս, որ այլեւս գյուղացին չի կանգնելու իրացման խնդրի առաջ, այնուամենայնիվ, փաստ է, որ մարդիկ կանգնել են խնդրի առաջ:

«Մեր գյուղացիական տնտեսություններն արդեն այսօր պետք է ամբողջովին վստահ լինեն, որ իրենց արտադրած բերքը, անկախ որեւէ հանգամանքից, ամբողջ ծավալով, առանց որեւէ խնդրի կիրացվի, եւ այդ գործընթացը պատշաճ ու հստակ կազմակերպելու համար պետության կողմից բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացվում են: Մենք խիստ հետեւողական ենք լինելու, որպեսզի բերքն այգիներում չմնա, եւ մթերումները ժամանակին իրականացվեն: Գյուղացին այս հարցում մտահոգություն չպետք է ունենա»,- այս հայտարարությունն արել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վայոց Ձորի մարզում ապրիլի 29-ին հրավիրված խորհրդակցությանը: Սակայն հակառակ Հայաստանի գլխավոր գյուղատնտեսի՝ գյուղացին շարունակում է մտահոգություններ կրել, ավելին՝ դրանք կիսում է միայնակ:
«Ժողովուրդ»-ը գյուղատնտեսության նախարարությունից հետաքրքրվեց՝ այս ընթացքում որ ընկերություններն են դեղձ մթերում եւ որքանով: Մեր հարցմանն ի պատասխան՝ ԳՆ-ից փոխանցեցին հետեւյալը. «Այսօրվա դրությամբ դեղձի մթերումներ է սկսել միայն «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն՝ կոմպոտի արտադրության նպատակով: Եւ 1կգ-ն մինչեւ 300 դրամով է մթերվում, իսկ խտանյութի արտադրության համար դեղձի մթերումները կսկսվեն ավելի ուշ, եւ մթերման գները կորոշվեն այդ ժամանակ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մթերող ընկերությունների կողմից մթերման գները սահմանվում են ինչպես արտադրանքի տեսականուց եւ որակական ցուցանիշներից կախված, այնպես էլ ելնելով տվյալ հումքից ստացվող պատրաստի արտադրանքի իրացման միջազգային շուկայում ձեւավորված գներից»: Եւ այսպես, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պաշտոնապես «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ բացի նախարարին պատկանող «Արտֆուդ» ընկերությունից՝ որեւէ այլ ընկերություն դեղձ չի մթերում: Իսկ որքանո՞վ են իրական այդ հավաստիացումները:
Մենք փորձեցինք կապվել նաեւ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի՝ «Արտֆուդ» ընկերության հետ: Ընկերության մթերման հարցերով պատասխանատու Դավիթ Ավետիսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ընկերությունը դեռ չի սկսել դեղձի մթերման աշխատանքները: «Դեղձը դեռ համատարած չի հասունացել, եւ այն մինիմում քանակը, որը մեզ անհրաժեշտ է, որպեսզի մեր հոսքագիծը անխափան աշխատի, այն դեռեւս մեզ չեն առաջարկում: Քանի որ համատարած լիովին հասունացած դեղձ, որպես այդպիսին, չկա: Այն փոքր քանակ վաղահաս դեղձը, որը վերցրել էինք, մենք արդեն դրա դիմաց ամբողջությամբ բնակիչներին վճարել ենք»,- ներկայացրեց «Արտֆուդ»-ի ներկայացուցիչը:
Ստացվում է՝ դեռ մթերում էլ չեն արել: Մինչդեռ Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչները այս օրերին փորձում են իրենց ունեցած դեղձը իրացնել տեղական շուկայում: Ինչպես Արարատ գյուղի, այնպես էլ Նորաշենի բնակիչները նույնպես իրենց դեղձը սպառում են տեղական շուկայում, քանի որ մթերող չկա:
Այս իրավիճակը եւս մեկ անգամ վկայում է այն իրողության մասին, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Հ1-ին տրված հարցազրույցներից բացի՝ իրականում որեւէ աշխատանք չի կատարում՝ գյուղացու հոգսը թեթեւացնելու համար: Նա ընդամենն ապահովում է իր ինքնագովազդը եւ ոչ ավելին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԿՐԱԿՈՒՄ ԵՆ ՈՒ ԿՐԱԿՈՒՄ
Վերջին շրջանում ադրբեջանական զինուժի կողմից ԼՂ եւ ՀՀ սահմանների ուղղությամբ ակտիվություն է նկատվում: Ադրբեջանական կողմն անընդհատ լարվածության տակ է պահում հատկապես Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ գյուղեր՝ տարբեր տեսակի զենքերով կրակելով ու գնդակոծելով:
«Ժողովուրդ»-ն այս առիթով կապ հաստատեց Տավուշի մարզի Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանի հետ՝ պարզելու, թե ինչ մթնոլորտ է համայնքում:
Վերջինս նշեց, որ այժմ սահմանում հանգիստ է, եւ կրակոցներ չկան: «Ժողովուրդ»-ի կողմից հնչեցրած մի շարք հարցերին, թե վերջին անգամ երբ են կրակոցներ եղել եւ ինչ հաճախականությամբ, Այդինյանը դժվարացավ պատասխանել: «Դե, օր կա կրակում են, օր կա չէ, ինչ իմանամ»,- ասաց նա:
Համայնքի ղեկավարը հավաստիացրեց նաեւ, որ գյուղում վախի մթնոլորտ չկա: «Գիշերները մարդիկ հանգիստ քնում են: Մեր դիրքերում կանգնած զինվորները շատ խիզախ ու նվիրված են մեր հայրենիքին: Մեր գյուղացիներն էլ են այդպես՝ իրենց հույսով, խիզախ ու նվիրված: Ապրում ենք»,-նշեց նա:
Մեր այն հարցին, թե մարդիկ ինչպես են պաշտպանվում կրակոցներից, գյուղապետը կրկին դժվարացավ պատասխանել: «Այդ հարցին չեմ կարող պատասխանել: Դա մեր գյուղի գաղտնիքն է»,-եզրափակեց նա:

 

ԹԱՆԿ ԿՎՃԱՐԵՆ
Օրեր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ Կառավարությունը էլեկտրաէներգիայի թանկացումը խոշոր բիզնեսի համար չի սուբսիդավորի: Armlur.am-ն այս հարցի շուրջ զրուցեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ՝ պարզելու Ծառուկյանի դիրքորոշումը, քանի որ վերջինս համարվում է խոշոր հարկատու: Տոնոյանը նշեց, որ այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը չի կարող փոխանցել, քանի որ վերջինս ընտանիքի հետ գտնվում է արձակուրդում: Տոնոյանը, սակայն, նշեց. «Եթե էլեկտրաէներգիան թանկանում է բոլորի համար, բնական է, որ դա որոշակի կերպով անդրադառնալու է նաեւ ձեռնարկությունների վատնած հոսանքի` յուրաքանչյուր ամիս վճարած վարձավճարի վրա»:

 
ԲԹԱՆԱԼՈՒ ՀԱԿՈՒՄՆԵՐ
Համացանցում չափազանց երկար ժամանակ անցկացնելը մարդուն ենթարկում է հիշողության բթացման եւ երազել դադարելու ռիսկին։ Այս մասին հայտնել են Լեսթերի համալսարանի գիտնականները։ Նրանք նկատել են, որ համացանցի չափազանց կիրառումը խանգարում է ուղեղին կատարել իր հոգեկան գործառույթները, որոնք անհրաժեշտ են ամենօրյա պարզ հանձնարարությունների իրագործման համար։ Փորձին մասնակցել են 18-65 տարեկան 107 տղամարդ եւ 103 կին։ Նրանք համացանցից օգտվել են շաբաթական միջինը մոտ 23 ժամ։
Որքան շատ են նրանք ժամանակ անցկացրել համացանցում, այնքան շատ են գանգատվել ճանաչողական անբավարարությունից։ Նրանց համար դժվար է դարձել կենտրոնանալը, տեղեկատվությունը հիշելը։ Նրանք նաեւ սկսել են տարածքում տեղաշարժի ժամանակ ավելի շատ դիպչել տարբեր առարկաների։
Այնպես որ, կյանքն առանց ինտերնետի ու համացանցի, ավելի հետաքրքիր է, քան վիրտուալ տարածքում ապրելը: Պարզվում է՝ այն նաեւ վնասակար է առողջության համար: Իսկ արժի՞ բթանալ հանուն գլոբալիզացիայի:

 

ՄՐԳԻ ԹԱՐՄՆ Է ԼԱՎԸ
Ռայսի համալսարանի գիտնականները պարզել են, որ միրգն ու բանջարեղենը որքան երկար են մնում սառնարանում, այնքան շատ են կորցնում օգտակար հատկությունները: Պարզվում է, որ նշված մթերքները շատ զգայուն են լույսի եւ մթության փուլերի նկատմամբ: Եթե միրգը կամ բանջարեղենը երկար ժամանակ պահվում են սառնարանում, այդ փուլերը խախտվում են: Արդյունքում մթերքը դառնում է ավելի քիչ օգտակար, այդ պատճառով միրգն ու բանջարեղենը պետք է պահպանել բնական լուսավորության պայմաններում: Գիտնականներն ավելացնում են, որ հատապտուղներն ու կանաչիները ավելի լավ է օգտագործել անմիջապես հավաքելուց հետո: Կեսօրին նրանց մեջ ամենաբարձր վիտամինների կենտրոնացումն է:




Լրահոս