Հայ Ազգային կոնգրեսի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ այսօր, մի շարք կայքերում, այդ թվում և Tert .am-ում, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթին տված հարցազրույցը ներկայացվել է “նենգափոխված”։
Ստորև ներկայացնում ենք ՀԱԿ-ի հայտարարությունը և Tert .am-ի պարզաբանումը հաջորդաբար
ՀԱԿ-ի հայտարարությունը
Այսօր լրատվական կայքերը տարածել են Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` “Չորրորդ ինքնիշխանություն” թերթին տված հարցազրույցը: Մասնավորապես www.tert .am, www.lragir .am, www.henaran .am և www.news .am և մի շարք այլ կայքերում հարցազրույցը ներկայացված է նենգափոխված: Մասնավորապես.
– Նոր կուսակցությունն, իմ կարծիքով, դավանելու է սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսությունը, որի էությունը լիակատար լիբերալ տնտեսական համակարգի և ժողովրդի սոցիալական պահանջների լիարժեք բավարարման ներդաշնակումն է՝ պետության չափավոր վերահսկողության շրջանակներում։ Նման գաղափարախոսություն դավանող կուսակցություններ աշխարհում գոյություն ունեն, և դրանցից ամենահայտնին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունն է՝ ի դեմս իր առաջնորդներ Բիլ Քլինթոնի և Բարաք Օբամայի։ Ինչ վերաբերում է քաղաքական ծրագրին, ապա այն, ըստ էության, չի տարբերվելու “Հայ Ազգային Կոնգրես” դաշինքի ծրագրից, այն է՝ ավազակապետության կազմաքանդում և սահմանադրական կարգի վերականգնում, ինչը նշանակում է բոլոր այն նպատակների իրականացումը, որոնք մեր ժողովրդի կամքով ամրագրված են ՀՀ Սահմանադրության մեջ։
Կայքերի ներկայացրած տարբերակում.
– Նոր կուսակցությունն, իմ կարծիքով, դավանելու է սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսությունը, որի էությունը լիակատար լիբերալ տնտեսական համակարգի և ժողովրդի սոցիալական պահանջների լիարժեք բավարարման ներդաշնակումն է՝ պետության չափավոր վերահսկողության շրջանակներում։ Նման գաղափարախոսություն դավանող կուսակցություններ աշխարհում գոյություն ունեն, և դրանցից ամենահայտնին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունն է՝ ի դեմս իր առաջնորդներ Բիլ Քլինթոնի և Բարաք Օբամայի։ Ինչ վերաբերում է քաղաքական ծրագրին, ապա այն, ըստ էության, չի վերաբերվելու “Հայ Ազգային Կոնգրես” դաշինքի ծրագրից, այն է՝ ավազակապետության կազմաքանդում և սահմանադրական կարգի վերականգնում, ինչը նշանակում է բոլոր այն նպատակների իրականացումը, որոնք մեր ժողովրդի կամքով ամրագրված են ՀՀ Սահմանադրության մեջ։
Հատկանշական է, որ երկու պարագայում էլ փոխված է մեկ կոնկրետ բառ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ գործ ունենք հարցազրույցի աղավաղման մի կենտրոնից ստացած հրահանգի կատարման հետ:
Վերոնշյալ կայքերից պահանջում ենք անմիջապես շտկել կատարած նենգափոխումը, ներողություն խնդրել ընթերցողներից և հետայսու ձեռնպահ մնալ հասարակությանը կեղծ տեղեկատվություն տրամադրելուց:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք գտնել Հայ Ազգային Կոնգրեսի պաշտոնական կայքում` www.anc .am
Մամլո Ծառայություն
Tert.am-ի պարզաբանումը
ՀԱԿ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում մատնանշված սխալն իսկապես տեղ է գտել Tert .am-ում, մի աննշան տարբերությամբ միայն. “չի տարբերվելու “Հայ Ազգային Կոնգրես” դաշինքի ծրագրիցե-ի փոխարեն Tert .am-ում տեղ է գտել, ոչ թե ,չի վերաբերվելու “Հայ Ազգային Կոնգրես” դաշինքի ծրագրից” (ինչպես նշված է ՀԱԿ հայտարարության մեջ), այլ “չի վերաբերվելու “Հայ Ազգային Կոնգրես” դաշինքի ծրագրին”։
Ամեն դեպքում, մեր կատարած սխալն արված է առանց որևէ դիտավորության, այլ վրիպակ է՝ թերթում կարդացածը կայքում ներմուծելիս սխալ վերարտադրելու արդյունք։
Հարկ է նշել նաև, որ նշված նախադասության՝ վրիպակին հաջորդող հատվածը (…այն է ավազակապետության կազմաքանդում և սահմանադրական կարգի վերականգնում, ինչը նշանակում է բոլոր այն նպատակների իրականացումը, որոնք մեր ժողովրդի կամքով ամրագրված են ՀՀ Սահմանադրության մեջ։) հակասում է վրիպակում արտահայտված մտքին, ինչը ակնհայտ է դարձնում, որ այն ընդամենը վրիպակ է։
Մեզ համար անհասկանալի է, թե համացանցի զարգացվածության ներկա մակարդակում, ինչ տրամաբանությունից ելնելով մեր կայքը, որն ընդամենը մեկն է այն մի քանի տասնյակ հայկական կայքերից, որոնք տպագիր մամուլի տեսություն են իրականացնում, պետք է գիտակցաբար նման սխալ աներ։ Ինչպես ասում են՝ “ասեղը պարկում չես պահի”։
Tert .am-ը ՀԱԿ-ի հայտարարությունից ժամեր առաջ՝ վրիպակի մասին իմանալուն պես, այն ուղղել է։
Իսկ թե մյուս լրատվամիջոցներում ինչպե՞ս է հայտնվել նույն սխալը՝ դժվար չէ ենթադրել։
Ի դեպ, նշված վրիպակը տեղ է գտել ՀԱԿ-ի մատնանշած կայքերից բացի այլ կայքերում ևս։
Ամեն դեպքում, հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը և հավաստիացնում, որ Tert .am-ի համար անընդունելի են ընթերցողին մոլորության մեջ գցելու մեթոդները, որոնք տվյալ պարագայում շատ ճղճիմ են։
Գևորգ Սահակյան
Tert .am կայքի գլխավոր խմբագիր