Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր Ռուբեն Հայրապետյանի և «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի միջև տեղի ունեցած ծեծի գործով քրեական գործ չի հարուցվել: Դեպքի առթիվ դատախազությունը մանրամասներ է ներկայացնում:
ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՖՖ նախագահ Ռ. Հայրապետյանի և «ԷՅՐ Արմենիա» ընկերության համասեփականատեր Ա. Ավետիսյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն ապահովվելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով վերոնշյալ միջադեպի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, տեղեկացնում է.
2015թ. օգոստոսի 15-ին` ժամը 19:30-ին, ԵՔՎ ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին այն մասին, որ իրենց է զանգահարել Իզաբելլա Լեռնիկի Մելքումյանը և հայտնել, որ իր ամուսնուն` Արսեն Ավետիսյանին առևանգել է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը և գտնվում են Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
Նույն օրը, ժամը 22:30-ին «Արամյանց» ԲԿ-ից հաղորդվել է, որ գանգուղեղային տրավմա, քթի կոտրվածք և ձախ ազդրի փափուկ հյուսվածքների սալջարդ, քթային արնահոսություն ախտորոշումով իրենց մոտ է տեղափոխվել Արսեն Վարդգեսի Ավետիսյանը, ով վնասվածք է ստացել Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: ՀՀ ոստիկանության Նոր Նորք բաժնի հետաքննիչը ահազանգով մեկնել է բժշկական կենտրոն, կատարել կրիմինալ մատյանի զննություն, միաժամանակ կազմել է Արսեն Ավետիսյանի կողմից հաղորդում և բացատրություն տալուց հրաժարվելու մասին արձանագրություն:
2015թ. օգոստոսի 16-ին` Արսեն Ավետիսյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. օգոստոսի 15-ին` ժամը 18:30-ի սահմաններում, հանդիպում է ունեցել Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանի հետ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, որի ժամանակ Ռուբեն Հայրապետյանի հետ նստած է եղել ֆուտբոլի ակադեմիայի լողավազանին հարակից սրճարանում, մոտ 2-3 րոպե զրույցից հետո Ռ. Հայրապետյանը աջ ձեռքից քաշելով փորձել է տանել դեպի սրճարանի հետնամասը և ինքը փորձել է ազատել ձեռքը, սակայն նրա թիկնազորի աշխատողները սկսել են հարվածել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
2015թ. օգոստոսի 16-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ-ին: Կատարվել է դեպքի վայրի զննություն:
Օգոստոսի 17-ին Արսեն Ավետիսյանը բացատրությունով պնդել է հաղորդմամբ ներկայացրած տեղեկությունները՝ խնդրելով մանրամասն բացատրություն տալ ավելի ուշ: Նույն օրը բացատրություն է տվել Արսեն Ավետիսյանի կին Իզաբելլա Մելքումյանը, ըստ որի 2015թ. օգոստոսի 15-ին, ժամը 10:00-ին երեխաների հետ գնացել է Ջերմուկ քաղաք` հանգստանալու նպատակով, իսկ ամուսինը` Արսեն Ավետիսյանը, մնացել է Երևանում, քանի որ, ըստ վերջինիս, պետք է հանդիպեր Ռուբեն Հայրապետյանին` գումարային հարցի շուրջ զրուցելու համար: Ջերմուկում գտնվելու ժամանակ, ժամը 19:20-ի սահմաններում, իրեն Է զանգահարել ամուսնու եղբայր Արտեմ Ավետիսյանը և ասել, որ «Ռուբեն Հայրապետյանենք» Արսեն Ավետիսյանին տարել են ֆուտբոլի ակադեմիա և իր կամքին հակառակ պահում են այնտեղ: Լսելով այդ մասին` ինքը զանգահարել է 1-02:
Ի. Մելքումյանը նշել է նաև, որ ամուսինը այդ ընթացքում զանգահարել է իրեն և հայտնել, թե իբրև ամեն ինչ նորմալ է, իսկ այն հարցին, թե կարող է դուրս գալ այդ վայրից, ամուսինը պատասխանել է, որ ոչ: Ըստ իր ամուսնու խոսքերի՝ լրատվամիջոցների զանգից հետո Ռուբեն Հայրապետյանը իր հետ վարվել է համեմատաբար ավելի նորմալ և հանձնարարել իր աշխատողներին` մեքենյով ամուսնուն դուրս բերել այդ վայրից:
Օգոստոսի 18-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին են ուղարկվել Արսեն Ավետիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը` ՀՀ քր. դատ. օր.-ի 180-181-րդ հոդվածների կարգով նյութերի նախապատրաստումը շարունակելու և ընթացքը որոշելու համար: Նույն օրը կատարվել է լրացուցիչ դեպքի վայրի զննություն:
Արսեն Ավետիսյանը 19.08.2015թ. բացատրություն է տվել այն մասին, որ պայմանավորվածություն է ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ հանդիպել Ավանում գտնվող ֆուտբոլի ակադեմիայի լողավազանի հարակից սրճարանում: 15.08.2015թ. ժամը 18:30-ին իրենք հանդիպել են, մոտ երկու րոպե զրուցելուց հետո` չգալով ընդհանուր հայտարարի, Ռուբեն Հայրապետյանը քաշել է իր ձեռքից և փորձել է տանել սրճարանի հետնամաս, ինքը փորձել է ազատել ձեռքը ու այդ պահին Ռ. Հայրապետյանը բռունցքով հարվածել է իր դեմքին, ինչի հետևանքով ինքը վայր է ընկել և ձեռքով փակել դեմքը հարվածներից պաշտպանվելու համար: Վայր ընկնելուց հետո ինքը ստացել է բազմաթիվ հարվածներ, սակայն չի կարող նշել թե ով է իրեն հարվածներ հասցրել:
Ավետիսյանը հերքել է իրեն առևանգելու հանգամանքը՝ նշելով, որ, ըստ պայմանավորվածության, ինքն իր կամքով է գնացել Ֆուտբոլի ակադեմիա, հերքել է նաև իրեն` իր կամքին հակառակ այնտեղ պահելու հանգամանքը՝ կնոջ կողմից նման տեղեկություններ հայտնելը բացատրելով լարված վիճակում միմյանց սխալ հասկանալու արդյունք: Ինչպես նաև նշել է, որ հաշտվել է Ռ. Հայրապետյանի հետ և վերջինիս նկատմամբ բողոք պարտք ու պահանջ չունի:
Պարզվել է, որ դեպքի օրը Ա. Ավետիսյանին Ֆուտբոլի ակադեմիա են ուղեկցել վերջինիս մորեղբոր տղան՝ Ռուդոլֆ Թովմասյանը, Կարեն Ժորայի Պանգրատյանը, Սուրեն Ժուլվերի Թորոսյանը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում նրանք ևս իրենց բացատրություններում պնդել են Արսեն Ավետիսյանին ուղեկցելու, վերջինիս կողմից Ռուբեն Հայրապետյանին հանդիպելու հանգամանքները:
Արսեն Ավետիսյանի եղբայր Արտեմ Ավետիսյանը իր բացատրությունում նշել է, որ ինքը տեղյակ է եղել իր եղբոր և Ռուբեն Հայրապետյանի հանդիպման մասին, սակայն թե ինչ հարցի շուրջ` տեղեկություն չի ունեցել: Ըստ Արսեն Ավետիսյանի խոսքերի` վերջինս հանդիպել է Ռուբեն Հայրապետյանի հետ` զրուցելու ինչ-որ գումարի հարցով, այդ ընթացքում վիճաբանություն է ծագել նրանց միջև, որի ժամանակ ծեծի են ենթարկել Արսեն Ավետիսյանին:
Բացատրություններ են վերցվել նաև ՀՀ ՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայի աշխատակիցներից, ովքեր նշել են Ռ. Հայրապետյանի ու Ա. Ավետիսյանի առանձնազրույցի, այնուհետև նրանց միջև վիճաբանության, քաշքշուքի մասին:
Օգոստոսի 17-ին բացատրություն է տվել Ռուբեն Հայրապետյանն այն մասին, որ ճանաչում է Արսեն Ավետիսյանին և նրա հետ գտնվում է նորմալ հարաբերությունների մեջ: Արսենն իր բարեկամներից մեկին, որի անունը չի ցանկացել նշել, որոշակի գումար է պարտք, որի հետ կապված իրեն խնդրել են, որպեսզի զրուցի Արսենի հետ և պարզի, թե երբ է գումարը վերադարձնելու: Այդ նպատակով ինքը մոտ մեկ ամիս առաջ հանդիպել է Արսենի հետ, որտեղ վերջինս պարտավորվել է սույն թվականի օգոստոսի 15-ին վերադարձնել այդ գումարը: 2015թ. օգոստոսի 15-ի ժամը 16:30-ի սահմաններում գտնվել է Ֆուտբոլի ակադեմիայում, իրեն զանգահարել է Արսենը և ցանկացել հանդիպել: Հանդիպելով ֆուտբոլի ակադեմիայի տարածքում` առաջարկել է Արսենին նստել լողավազանի դիմացի սրճարանում և զրուցել: Զրույցի ընթացքում հարցրել է, թե գումարը արդյոք տվել է, թե ոչ: Արսեն Ավետիսյանի հետ խոսակցությունը չի ստացվել, այն վերածվել է անձնական բնույթի վիճաբանության, ինչի ժամանակ ինքը մեկ անգամ բռունցքով հարվածել է Ա. Ավետիսյանի դեմքին, ինչի արդյունքում վերջինս վայր է ընկել գետնին, որից հետո մի քանի անգամ ոտքերով հարվածել է նրա մարմի տարբեր մասերին:
Հարվածներից հետո Արսենի քթից արյուն է հոսել, և ինքը նրան տարել է զուգարան` լվացվելու, որից հետո վերադարձել են նույն սեղանի մոտ, շարունակել զրույցը, որից հետո իր աշխատակիցները Ավետիսյանին ուղեկցել են դուրս: Ռուբեն Հայրապետյանը հերքել է Ավետիսյանին առևանգելու, ազատությունից զրկելու, իր թիկնազորի կողմից Արսեն Ավետիսյանին ծեծելու հանգամանքը, ինչպես նաև Արսենի կողմից իրեն հարվածելու համգամանքը: Ինչպես նաև նշել է, որ իրենք հաշտվել են միմյանց հետ և չի առարկել, որ քրեական գործի հարուցումը մերժվի ոչ արդարացնող հիմքով:
21.08.2015թ. ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի Ա. Ավետիսյանի առողջությանը պատճառված վնասվածքների ծանրության աստիճանը կորոշվի դեպքից երեք շաբաթ հետո, այսինքն 05.09.2015թ. Ա. Ավետիսյանի ներկայանալուց հետո:
Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն, հանցագործությունների մասին հաղորդումները պետք է լուծվեն դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում (սույն դեպքում` առավելագույնը 26.08.15թ.), իսկ Ա. Ավետիսյանի հաղորդման լուծման համար էական նշանակություն ուներ վերջինիս առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը, բացատրություն է վերցվել դատաբժիշկ-փորձագետից:
Դատաբժիշկը եզրակացության պարզաբանման վերաբերյալ 24.08.15թ տված բացատրությամբ նշել է, որ Ա. Ավետիսյանի ստացած մարմնական վնասվածքներից քթի կոտրվածքը, պայմանավորված ապաքինման ընթացքով և արդյունքով, կարող է որակվել առողջությանը պատճառված թեթև կամ առավելագույնը միջին ծանրության վնաս, որը կարող էր առաջանալ մեկ հարվածից, ինչ վերաբերում է մյուս վնասվածքներին, ապա դրանք իրենց համակցության մեջ պարունակում են թեթև վնասի հատկանիշներ, իսկ առանձին առանձին վերցրած թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:
Այսպիսով, ձեռնարկված միջոցներով հերքվել են Ա. Ավետիսյանին առևանգելու, ազատությունից զրկելու հանգամանքները, հետևաբար այդ փաստերի առիթով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ, հիմնավորվել է Ռ. Հայրապետյանի կողմից Ա. Ավետիսյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստը, որի արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել է թեթև կամ առավելագույնը միջին ծանրության վնաս: Հաստատված դեպքի հանգամանքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ կամ 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին, որոնցով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն, քրեական գործ կարող է հարուցվել բացառապես դիմողի բողոքի առկայության դեպքում, ինչը սույն դեպքում բացակայում է, այսինքն` առկա է վարույթը բացառող հանգամանք: Հետևաբար որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, Ռ. Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
Որոշման պատճենն օրենքով սահմանված կարգով ուղարկվել է Ա. Ավետիսյանին և պարզաբանվել դրա բողոքարկման կարգը