ՏՄՊՊՀ-ի աջակցությամբ, ԼՂՀ մրցակցային մարմինը համալրվել է համակարգչային սրահով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` փետրվարի 7-ին, ԼՂՀ կատարած այցի ընթացքում, Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հանդիպել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող Հանձնաժողովի նախագահ` Հ. Ղահրամանյանի եւ Հանձնաժողովի աշխատակազմի հետ:
ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հ. Ղահրամանյանը ընդգծել է, որ երկու Հանձնաժողովների համագործակցությունն իսկապես բավականին արդյունավետ է եւ իր գոհունակությունն է հայտնել ՏՄՊՊՀ-ի կողմից իրենց կառույցին ցուցաբերվող աջակցության համար: Հանդիպման ընթացքում նախանշվել են հետագա համագործակցության հիմնական ուղղությունները:
Տեղեկացնենք նաեւ, որ Հայաստանի ՏՄՊՊՀ-ն ԼՂՀ գործընկերներին աջակցում է նաեւ տեխնիկական վերազինման հարցում: Այսօր ԼՂՀ Հանձնաժողովում տեղի է ունեցել նաեւ  նոր համակարգիչներով համալրված դահլիճի բացումը:  Գործարկվել է նոր տեղեկատվական բազան, որը հնարավորություն կտա  ստանալ տեղեկատվություն ինչպես համատեղ իրականացվող վարույթների շրջանակում ուսումնասիրվող շուկաների, այնպես էլ միջազգային գների վերաբերյալ:
Հ. Ղահրամանյանն իր գոհունակությունը է հայտնել եւ կարեւորել ժամանակակից տեղեկատվական բազա ունենալու անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն օգտակար է ոչ միայն Հանձնաժողովի մասնագետների, այլ նաեւ ողջ Արցախի շահագրգիռ կառույցների եւ անհատների համար, ովքեր կարող են այցելել Հանձնաժողով, օգտվել տեղեկատվական հարուստ բազայից  եւ ստանալ անհրաժեշտ ինֆորմացիան:
Ա. Շաբոյանը նշել է նաեւ, որ Հայաստանի ՏՄՊՊՀ-ը կշարունակի օժանդակել, որպեսզի ԼՂՀ մրցակցային հանձնաժողովի մասնագետները մասնակցեն միջազգային տարբեր սեմինարներին եւ համաժողովներին, ինչպես նաեւ փորձի փոխանակման նպատակով կազմակերպվող տարբեր դասընթացներին:




Լրահոս