Երեկ Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու քարտուղար Աղվան Վարդանյանը, ի վերջո, խոսեցին նոր Սահմանադրության նախագծի մասին: Պարզվում է՝ նոր Սահմանադրության նախագիծը 90-95 տոկոս համապատասխանում է ՀՅԴ-ականների պատկերացումներին: Ուշագրավն այն է, որ նոր Սահմանադրության նախագծի մասին խոսում են այն պատգամավորները, որոնք դեռեւս ամիսներ առաջ հայտարարում էին, թե ՀՅԴ-ում «սահմանադրագետը» պատգամավոր Արծվիկ Մինասյանն է, քանի որ ինքն է «զբաղվում» նոր նախագծի աշխատանքներով: Այսօր Մինասյանն «անհետացել» է. նա այլեւս չի խոսում: Հասկանալի է, որ ՀՅԴ-ում իրավիճակ է փոխվել:
«Մենք կարող ենք հայտարարել, իբրեւ քաղաքական մտածողություն, իբրեւ քաղաքական ուժ, որը իր պատկերացումներն ունի երկրի ապագայի հանդեպ, մեր տեսակետները, մեր մոտեցումները հաղթանակել են՝ չունենալով իշխանություն, չլինելով իշխանության մեջ, պառլամենտում ունենալով ընդամենը հինգ պատգամավոր: Այսօր երկիրը այս Սահմանադրությամբ գնալու է այն ուղղությամբ, որը մենք գծել էին, որը մենք պատկերացնում ենք: Որեւէ քաղաքական ուժի համար, ես կարծում եմ, ավելի մեծ հաղթանակ դժվար է պատկերացնել»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ա. Վարդանյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշել է, թե նոր համակարգի դեպքում որեւէ պաշտոնյա չի գտնվի, որ ունենա այն լիազորությունները, որ այսօր ունի ՀՀ նախագահը. «Ապակենտրոնացման մասին պետք չէ խոսել, ոչ թե որ ինչ-որ մեկը կկենտրոնացնի իր ձեռքում իշխանությունը: Իշխանափոխության խնդրի առումով լավագույնս արձանագրված է, որ ընտրակարգը պետք է փոխվի, եւ ընտրական փոփոխություններ պահանջողների համար լավագույն դաշտն է բացվում աշխատելու»: ՀՅԴ-ականը վստահորեն հայտարարել է, որ խաղի կանոնները փոխվել են, ու առաջիկայում նոր Սահմանադրության նախագծով բոլորովին այլ որակի Հայաստան ենք ունենալու:
Ռուստամյանը բացառել է նաեւ ՀՀ իշխանությունների վերարտադրությունը՝ հավելելով, թե վերարտադրության գոյություն ունեցող հիմքերն այս Սահմանադրությունում նվազեցվում են:
Իսկ թե ինչու են ՀՅԴ-ում դերերը փոխվել, եւ այլեւս Արծվիկ Մինասյանը չի խոսում Սահմանադրության մասին, որը բովանդակային առումով գիտակ էր, այդպես էլ անհասկանալի է մնում: «Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցերի շուրջ զրուցել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում:
Ի դեպ, վերջին շրջանում, երբ Ա. Մինասյանին դիմում ենք Սահմանադրության նախագծի վերաբերյալ մեկնաբանության համար, վերջինս ուղղորդում է դեպի Աղվան Վարդանյան՝ նրան դիմեք: Վարդանյանն էլ շատ «գաղտնապահ» է:
Հավելենք, որ այսօր Արծվիկ Մինասյանը մասնակցում էր Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը, սակայն հարցեր չտվեց և հանդիպման կեսից հեռացավ` լրագրողների հարցերին չպատասխանելով:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ