«Ժողովուրդ»օրաթերթը գրում է. «ՀՀ Արագածոտնի մարզի Դպրեվանք գյուղում այս սեպտեմբերին դպրոցական զանգ չի հնչի: Քանի որ Դպրեվանքը տարիներ շարունակ ո՛չ դպրոց է ունեցել եւ ո՛չ էլ մանկապարտեզ: Գյուղապետ Արամայիս Ղասաբյանի խոսքերով՝ գյուղը դասվում է մեռնող գյուղերի շարքին: 58 բնակիչ ունեցող Դպրեվանքի աշակերտների թիվը կազմում է 4: Գյուղապետը մեծ ցավով արձանագրեց, որ գյուղն այս տարի առաջին դասարանցի չի ունենա: Այս առիթով էլ «Ժողովուրդ»-ը զրուցեց Դպրեվանքի գյուղապետ Արամայիս Ղասաբյանի հետ:
-Պարո՛ն Ղասաբյան, գյուղը դպրոց ունի՞:
-Ո՛չ դպրոց ունենք, ո՛չ մանկապարտեզ եւ ո՛չ էլ գրադարան: Իսկ գյուղապետարանն էլ վագոն-տնակն է: Դպրեվանքը 1991 թվականին է ստեղծվել, եւ ստեղծման օրից մենք դպրոց չունենք: Այն կառուցելու ցանկություն ունենք, բայց հնարավորություն չկա:
-Իսկ աշակերտ կա՞ գյուղում:
-Ունենք ընդամենը 4 աշակերտ: Իրենք էլ հաճախում են մեր հարեւան Արուճ գյուղի դպրոց:
-Ամեն անգամ ոտքո՞վ են գնում եւ հետ վերադառնում:
-Այո՛, ոտքով մեկ կիլոմետր քայլում են: Մեր գյուղին մոտ է: Բայց պատահում է, որ մեքենայով էլ են գնում:
-Այս տարի առաջին դասարանի աշակերտ ունենալո՞ւ եք:
-Չէ՛, ցավում եմ, բայց այս տարի չենք ունենալու առաջին դասարանցի: Հավանաբար հաջորդ տարի էլ չենք ունենա: Շուրջ 5-6 տարի է, ինչ չենք ունենում առաջին դասարանցի: Գյուղում երիտասարդ ընտանիք չկա: Բայց գյուղի ստեղծման տարիներին կային: Գնացին, որովհետեւ աշխատատեղ չկա, դպրոց չկա: Գան ի՞նչ անեն: Հիմա Դպրեվանքում ապրում է 18 ընտանիք»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: