Թե ինչ «կատու էր անցել» Կապուտիկյանի և նրա մոր միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է, որ երբ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն իր աշխատասենյակում էր, ոչ ոք չպետք է նրան անհանգստացներ. նա սիրում էր առանձնանալ, իր մտքերի հետ մենակ մնալ, կարդալ ու գրել, գրել, գրել…

Եվ այն եզակիներից մեկը, ով «հանդգնում» էր խախտել նրա անդորրը, իրենց տան սիրուն, բրդոտ կատուն էր, որի հետ անչափ կապված էր գրողի մայրը, սակայն ինքը` Կապուտիկյանը, սարսռում էր այդ կենդանու հպումներից եւ խուսափում էր նրանից` տան անդամներին խնդրելով, որ կատվին հեռացնեն իր սենյակից: Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Ռաֆլետա Հաջյանը, ով նաեւ բանաստեղծուհու մորաքրոջ դուստրն է, «Ժողովուրդ»-ին պատմեց, որ երբ իր մորաքույրը կռացած քայլում էր տանը, կատուն թռչում էր նրա ուսերին, իսկ Կապուտիկյանի մայրն էլ ճչում էր` ուսերս ջարդե՜ց, ուսերս ջարդե՜ց: Տնեցիները դրանից հետո անմիջապես վրա էին հասնում, գրկում կատվին եւ իջեցնում:

Մի անգամ էլ, երբ տանը միայն Կապուտիկյանն ու մայրն են լինում, կատուն իր բնավորության համաձայն թռչում է գրողի մոր ուսերին: Վերջինս գոռգոռում է, ասում է` ծանրությունից ուսերս կոտրեց, ուսերս կոտրեց… «Այդ պահին Սիլվան դուրս է գալիս սենյակից, մոտենում է մորը, փորձում է գրկել կատվին, բայց երբ նրան դիպչում է, սարսափելի սոսկում է ու կատվին վայր է գցում, կատուն էլ իր հերթին մի ամբողջ աղմուկ է բարձրացնում, մորաքույրս էլ խառնվում է իրար, սկսում է Սիլվայի վրա զայրանալ, ասում է` էդ ինչ արիր իմ կատվին, ինչու նրան գցեցիր, իմ կատուն լաց եղավ…»,-պատմեց թանգարանի տնօրենը:

Այս դեպքից հետո անցնում է որոշ ժամանակ: Կապուտիկյանենց կատուն կորչում է: Բանաստեղծուհու մայրը շատ ծանր է տանում կատվի բացակայությունը. «Մորաքույրս սեւը կապեց, Սիլվային ասաց` դու ես մեղավոր, դու իրեն գցեցիր ցած, նեղացավ-գնաց»,-հիշեց Ռ. Հաջյանը: Այդպիսով` գրողի մայրը դստեր նկատմամբ քեն է պահում, այն աստիճան է նեղսրտում, որ մի գեղեցիկ բանաստեղծություն է գրում կորած կատվի մասին: «Դա մի շատ լավ հանգավորված բանաստեղծություն էր, կարդացի, ասացի` մորաքույր, ոնց որ իսկական բանաստեղծուհի լինես: Նա վիրավորվեց, վանեցու բարբառով ասաց` տո ծրտոտ, էն ժամանակ, որ ես բանաստեղծություն կգրեի, Սիլվան դո՞ր էր: Ասացի` մորաքույր, բա ինչո՞ւ ես ասում` Սիլվան հորից` Բարունակից է ժառանգել գրելու ունակությունը. քեզնից է ժառանգել: Մեկ էլ լրջացավ, ասաց` չէ, Սիլվան տեղով Բարունակն ի, էնոր խոսքը, էնոր միտքն ուրիշ ի…»:

Հ.Գ. Օգոստոսի 25-ը հայ գրող, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանի հիշատակի օրն է: Այդ առթիվ «Ժողովուրդ»-ը ներկայացրեց նրա կյանքից անհայտ մի դրվագ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս