Armlur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ երեկոյան Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի բնակիչ 55-ամյա Գևորգ Գալոյանը դանակահարել է կնոջը` 52-ամյա Գայանե Գրիգորյանին, ինչի հետևանքով վերջինս շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արագածի բաժին: Դանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:
ՀՀ քննչական կոմիտեից Armlur.am-ը տեղեկանում է, որ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նույն մարզի բնակիչ Գայանե Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նախնական տվյալներով՝ ամուսիններն իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են: Վիճաբանության ընթացքում ամուսինը խոհանոցային դանակով հարվածել է կնոջ կրծքավանդակի աջ հատվածին։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացած դանակը։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, Գ. Գրիգորյանը ճանաչվել է տուժող:
Կատարվում են անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ եւ բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ, հարցաքննվել են վկաներ։
Գ. Գալոյանը ձերբակալվել է սպանության կասկածանքով և հարցաքննվել, որի ժամանակ մանրամասն ցուցմունք է տվել կատարված դեպքի վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է:
Գեղադիրի գյուղապետ Գնել Գևորգյանն Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ամուսինն հոգեկան շեղումներ ունի, մի քանի անգամ հոգեբուժարանում է պառկել: Այս ընտանիքը ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում է ապրում: Նրանք մի որդի ունեն, ով ամուսնացած է, 3 անչափահաս երեխա ունի, որոնցից մեկը հաշմանդամ է:
«Կինը քնած է եղել, որ ամուսինը դանակով հարվածել է թոքին: Դրանից հետո էլ տնից չի գնացել, հանգիստ նստել, ոստիկաններին է սպասել ու դանակն էլ ցույց է տվել, որով սպանել է կնոջը»: