Վերջին տարիներին Հայաստանի ԲՈՒՀ-երի դիմորդների թվի անընդհատ անկումը դարձել է սովորական երեւույթ: ԲՈՒՀ-երը սկսել են տարբեր ուղիներ փնտրել՝ իրենց ուսանողների թիվը համալրելու համար: Մասնավորապես, ինչպես պարզեց «Ժողովուրդ»-ը, Հայաստանի պետական ագրարային ինստիտուտի որոշ բաժիններում ուսանողներ են ընդունում՝ առանց բարդությունների և քննություն հանձնելու:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ինստիտուտի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանի հետ, որը հաստատեց մեր տեղեկությունները եւ այդ հանգամանքը հետեւյալ կերպ պարզաբանեց. «Դա Կառավարության հատուկ որոշմամբ է եղել: Բացառության կարգով ատեստատի տվյալներով ուսանողներ են ընդունվել, որը նախորդ տարում է գործել: Իսկ դիմորդների նվազումը համընդհանուր բնույթ է կրում»:
Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երեւանի պետական կոնսերվատորիայում եւս դիմորդների «դեֆիցիտ» է եղել, եւ առանձին բաժիններում դիմորդներն այնքան քիչ են եղել, որ ԲՈՒՀ-ի ղեկավարությունը ներքին կարգով հրահանգել է ոչ մեկին «դուրս չթողնել», եւ բոլոր դիմածներն ընդունվել են: