«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը վաղուց է ծրագրել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի «գլխին» սկանդալային մի պատմություն «սարքել»: Ըստ այդ տեղեկությունների՝ Առաքելյանը իր ընկերոջ՝ Հայկի հետ, որը եւս ներկայումս կալանքի տակ է, նախկին ռուս ընկերուհուն «կապել» է Սահակյանի հետ: 24-ամյա ռուս աղջիկը սկսել է նամակներ գրել Հովհաննես Սահակյանին՝ առաջարկելով հանդիպել: Իսկ երբ արդեն նրանց «ինտերնետային կապն» ապացուցող որոշակի «նյութ» է եղել, Տ. Առաքելյանը սկսել է Սահակյանից գումար պահանջել՝ պատգամավորի եւ աղջկա խոսակցությունը չհրապարակելու դիմաց:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Առաքելյանը «լռության» համար պահանջել է 20 հազ. ԱՄՆ դոլար, որից հետո իրադարձությունների զարգացմանն արդեն իրավապահներն են միջամտել: Ու երբ զոհը, իրավապահների հետ նախապես պլանավորելով, «համաձայնել է» գումարը վճարել, փողը «փոխանցելու» պահին հայտնվել են իրավապահները եւ ձերբակալել Տիգրան Առաքելյանին: Ըստ ՀՀԿ-ականների՝ Առաքելյանը ծրագրած է եղել նույն սցենարով մի քանի այլ ՀՀԿ-ականներից եւս գումար «պոկել»: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց վերը բերված պատմության վերաբերյալ զրուցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ, սակայն նա կտրականապես հրաժարվեց մեր հարցերին պատասխանել:
Հ. Գ. Այսպիսով՝ պարզ է դառնում, որ այն խոսակցությունները, թե պատգամավորը սկայպով շփվել էր 14-ամյա աղջկա հետ, իրականությանը չեն համապատասխանում: Իրականում պատգամավորին սեքս-սկանդալի մեջ ներքաշող աղջիկը չափահաս է եղել: Նա ընդամենն ունեցել է 14-ամյա քույր եւ «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա պատգամավորի հետ կապվել է ոչ իր կամքով, այլ նշված անձանց հարկադրանքով. իրավապահներին այս փաստն արդեն հայտնի է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԴԱՀԿ ծառայության հայտարարություններում այս օրերին կարելի է հանդիպել ցեմենտի մեծածավալ խմբաքանակների վաճառման հայտարարությունների: Օրիակ՝ Մ-600 մարկայի ցեմենտը վաճառվում է տոննան 40 հազար դրամով, իսկ Մ-400 մարկայի ցեմենտի տոննան 27 հազար դրամ է: Պատճառն այն է, որ Հայաստանի արդյունաբերության երբեմնի հսկան՝ «Հրազդան-ցեմենտը», այսօր կանգնած է սնանկացման եզրին: Գործարանի արտադրանքը դատարանի որոշմամբ առգրավվել է եւ հանվել աճուրդի՝ ձեռնարկության պարտքերը մարելու համար: Բայց եթե անգամ ողջ ցեմենտը վաճառվի, դրանից ստացված գումարը կբավարարի միայն գործարանի պարտքերի մի չնչին մասը մարելուն: Ի դեպ, ուշագրավ է նաեւ այն փաստը, որ չնայած ցեմենտը շուկայականից կրկնակի էժան գնով է վաճառվում, բայց ոչ ոք դեռ չի ցանկանում գնել այն, քանի որ ճգնաժամը խժռել է շինարարության ոլորտը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին մեկ ամսում Հայաստանի պաշտոնյաները ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունից վճարման կարգադրություններ են ստանում առ այն, որ իրենք պարտավոր են վճարել ամիսներ կամ անգամ մեկ տարի առաջ թույլ տված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար: Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետ Արմեն Հակոբյանից փորձեց պարզել, թե այս ինչ պատմություն է, ինչպես է ստացվել, որ ՃՈ-ն որոշել է «պատժել» պաշտոնյաներին՝ նրանց՝ նախկինում թույլ տված «մեղքերի» համար: «Եթե խախտում եղավ, որոշակի ժամանակահատված հետո մարդը ծանուցում է ստանում այդ մասին, դա ավտոմատ համակարգ է: Իսկ պաշտոնյաների խնդիրը կարող է կապված լինել հարցմանն ուշ պատասխանելու հետ: Այսինքն՝ պաշտոնյաների մեքենաները որոշակի մարդու է, չէ՞, կցված, վարորդն է ստանում, պաշտոնյան չի ստանում, կարող է՝ դրա պատճառով է ուշացել»,- ասաց ՃՈ պետը:
Այն, որ հայկական հեռուստաեթերում հիմնականում հեռարձակվում են տարբեր տեսակի լոտոների ու վիճակախաղերի գովազդներ, վաղուց որեւէ մեկի համար գատնիք չէ: Հեռուստաեթերը գնալով մարդկանց կենցաղից դուրս է գալիս, ուստի առանձնապես հետաքրքիր էլ չէ, թե ինչ է գովազդվում: Բայց մյուս կողմից կյանքը ցույց է տալիս, որ եթե մարդիկ չեն գնում լոտոյի մոտ, ապա լոտոն է գալիս իրենց մոտ: Այս դեպքում խոսքը վերջերս ամեն քայլափոխին (խանութներում, բենզալցակայաններում, գազալցակայաններում) հանդիպող «Էլ լոտոյի» ավտոմատ սարքերի մասին է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս ավտոմատները պատկանում են քրեական աշխարհի հետ սերտ կապեր ունեցող եղբայրներին՝ գավառցի Արա, Ալիկ Բանդուրյաններին, որոնց «բիզնեսն» օր օրի ծաղկում ու ընդլայնվում է: Իհարկե, խաղամոլության պրոպագանդան միանգամայն համահունչ է Հայաստանի իշխանությունների արժեհամակարգին: Մարդիկ չեն կարողանում տնտեսությունը զարգացնել, լոտոներին են զարկ տալիս:
ՏԱՍԸ ՏԱՐԻ ԱՆՑ
Նախօրեին տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ՀՀ Կառավարությունը սկսել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան հետ պահանջելու գործընթաց, որովհետեւ սեփականատերերը չեն կատարել պայմանագրային պարտավորությունները։ Նախորդ տասը տարիների ընթացքում չեն կատարվել խոստացված միլիոնավոր դոլարների ներդրումները, չեն կառուցվել նկարահանման տաղավարներ, կինոստուդիան չի վերազինվել ժամանակակից ու հզոր տեխնիկայով, բավարար քանակով ու անհրաժեշտ որակով չի թվայնացվել հայկական կինոժառանգությունը։ Իսկ այժմ արդեն լրացել է այդ ամենի համար սահմանված վերջնաժամկետը։
Այն, որ անցած տասը տարիներին «Հայֆիլմը»՝ որպես ֆիլմարտադրող ընկերություն, մեռած էր, անհերքելի փաստ է: Ընկերության սեփականատերերը սկզբնական փուլում հայկական կինոյի մի քանի դասական գլուխգործոցները թվայնացնելուց եւ «Հայֆիլմի» լոգոն փոխելուց անդին այդպես էլ չանցան: Ավելին՝ մասնագետների պնդմամբ՝ անգամ այդ մի քանի ֆիլմերի թվայնացումն էլ կատարվեց աղաղակող թերություններով ու բացթողումներով, ինչի արդյունքում հայկական կինոյի ոսկե ֆոնդի գլուխգործոցները շատ դեպքերում ներկայացված են բնօրինակից նկատելի շեղումներով:
Ինչեւէ, խորհրդային տարիներից մնացած հսկայական կինոֆոնդը եւ ռեսուրսային բազան այսօր արդեն գրեթե փոշիացվել է, եւ այս ամենի համար մեղավոր են ոչ միայն ընկերության սեփականատերերը, այլեւ կոնկրետ այն պաշտոնյաները, ովքեր ժամանակին հովանավորեցին եւ առաջ տարան այս գործարքը: Մինչդեռ մասնագետները դեռեւս այն ժամանակ ահազանգում էին, որ նոր սեփականատերը (որն այն ժամանակ նաեւ «Արմենիա TV»-ի սեփականատերն էր) մեր ազգային հարստությունը համարվող մշակութային այս անգին ժառանգությունը ծառայեցնելու է բացառապես սեփական բիզնես շահերին, եւ «Հայֆիլմը» դառնալու է ոչ թե հայկական կինոյի անունը բարձր պահող նոր գլուխգործոցների դարբնոց, այլեւ ընդամենը էժանագին սերիալներ արտադրող բիզնես ինդուստրիա: Սակայն ամբողջ տասը տարի պահանջվեց, որպեսզի ՀՀ իշխանություններն ի վերջո փորձեն քայլեր ձեռնարկել ի սկզբանե սխալ եւ ձախողակ այս գործարքը չեղյալ անելու ուղղությամբ:
Կհաջողվի դա, արդյոք, պարզ կդառնա առաջիկայում: Սակայն ոլորտին մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ՝ այս հարցի պատասխանն առավելապես կախված է նրանից, թե որն է Գաֆեսճյաններից եւ Սարգսյանների ընտանիքից «Հայֆիլմը» «վերցնելու»՝ իշխանությունների իրական մոտիվացիան: Արդյոք այս դեպքում էլ գործընթացը չի արվում այն նույն տրամաբանությամբ եւ նույն նպատակով, ինչպես որ արվեց «Արմենիա TV»-ի դեպքում, երբ այն հանձնվեց Սերժ Սարգսյանի ընտանիքի տնօրինմանը: Ամեն դեպքում, ակնհայտ է մեկ բան. «Հայֆիլմն» այսօր կարիք ունի ոլորտին քաջագիտակ, շահագրգիռ եւ իրական ներդրումների պատրաստ սեփականատիրոջ, որը կկարողանա վերածնել հայկական կինոն: