Սեպտեմբերի 1-ին մի խումբ ուսանողներ իրենց նախաձեռնությամբ դասադուլ են իրականացնելու: Ուսանողների բողոքը վերաբերում է սահմանադրական փոփոխություններին: Նախատեսվում է առավոտյան ժամը 9:00-ին հավաքվել Երեւանի Ազատության հրապարակում, այնուհետեւ շարժվելու են դեպի Երեւանի պետական համալսարան, որտեղից էլ երթը շարունակելու են մյուս բուհերի տարածքներով:
Հիշեցնենք, որ նախաձեռնության հեղինակներից Զարուհի Սիմոնյանը հայտարարել էր, որ դասադուլի նպատակն ուսանողներին իրազեկելն է, որ սահմանադրական փոփոխություններն ավելացնելու են երկրում եղած մի շարք խնդիրների թիվը, նվազեցնելու են ժողովրդավարության մակարդակը, լուծելու է Սերժ Սարգսյանի վերարտադրության խնդիրը: «Հետագայում պատրաստվում ենք մեծացնել իրազեկման շրջանակը եւ միասնական «ոչ»-ի ճակատ կազմել. անհրաժեշտ է, որ ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնի, պայքարի: Միայն հասարակական լայն ընդվզման դեպքում կարող ենք արդյունքի հասնել: Ամբողջ աշխարհում շատ ընդունված են դասադուլները, իսկ մեր ուսանողները փորձում են հնարավորինս հեռու մնալ քաղաքականությունից, ինչը միանշանակ սխալ է»,-նշել էր նախաձեռնության հեղինակը:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է իշխանության ներկայացուցիչներից պարզել, թե ինչ են պատրաստվում անել սեպտեմբերի 1-ին՝ ուսումնական տարվա սկզբին: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե դեռեւս հասարակության շրջանում անհասկացություն կա՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված: Հանրապետական կուսակցության պատգամավորը վստահ է, որ առաջիկա քննարկումներից հետո անգամ բողոքող ուսանողներն իրենց այո-ն են ասելու Սահմանադրության նոր նախագծին:
-Պարո՛ն Բաղդասարյան, ի՞նչ են պատրաստվում անել իշխանության ներկայացուցիչները՝ սեպտեմբերի 1-ին բողոքի ակցիան չեղյալ համարելու համար: Մի խումբ ուսանողներ նպատակ ունեն սեպտեմբերի 1-ին դասադուլ անել սահմանադրական փոփոխությունների դեմ, արդյո՞ք ուսանողներին «արգելելու» եք նման քայլի դիմել:
-Ես որեւէ տեղեկություն չունեմ: Պետք է ուսանողների հետ բացատրական աշխատանք տանել եւ սահմանադրական փոփոխությունները ճիշտ ներկայացնել, երբ որ ուսանողներն ընկալեն դրա կարեւորությունը եւ ապագայում դրա առաջնայնությունը, ամեն ինչ կհարթվի: Ես կարծում եմ, որ ինֆորմացիայի պակաս կա, որը պետք է լրացնել: Իսկ դրա համար ժամանակ է անհրաժեշտ:
-Ինչո՞ւ եք կարծում, որ ուսանողները ինֆորմացիա չունեն Սահմանադրության նախագծի վերաբերյալ, ուսանողները պնդում են, որ ուսումնասիրել են ու պարզել, որ այդ փոփոխությունները մեր երկրին անհրաժեշտ չեն: Ո՞վ պետք է իրազեկի ուսանողներին, որպեսզի փոխեն իրենց դիրքորոշումները, գուցե Հանրապետական կուսակցությո՞ւնը:
-Այսինքն՝ ես կարծում եմ, որ կարող է՝ ուսանողների համար պարզ չի, թե իրականում Սահմանադրությունում ինչ փոփոխություններ են կատարվելու, դա պետք է անեն հանձնաժողովի ներկայացուցիչները, քաղաքական ուժերը, որպեսզի ամեն ինչ ավելի հստակ լինի: Կարծում եմ, որ երբ Ազգային ժողովում քննարկումներ սկսվեն, հանրությանն ամեն ինչ ավելի հստակ կլինի: Ես կարծում եմ, որ հանրության շրջանում եւս պետք է լուրջ աշխատանք իրականացվի, լավ մատուցվի այդ ամենը, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է իրականում կատարվում, որովհետեւ դա բոլորի Սահմանադրությունն է, դա բոլորին է վերաբերում, դա միտված է բոլորի ապագային:
-Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ հանրությունը ինքը չի ուսումնասիրել նոր Սահմանադրության նախագիծը ու միայն խորհրդարանական քննարկումները կկարողանան հանրությանը ապացուցել, որ այդ փոփոխություններն անհրաժեշտ են:
-Ո՛չ, ես կարծում եմ, որ բավականին աշխատանքներ կատարվել են իրազեկման հարցում, նաեւ մարզերում, ուղղակի ինչ-որ չափով ինֆորմացիայի պակաս դեռ կա: Կարծում եմ, որ երբ կլինի նախագծի վերջնական տարբերակը, քննարկումներ կկազմակերպվեն խորհրդարանում, այդ ժամանակ էլ վերջնական տարբերակը կմատուցվի հանրությանը: Մամուլով, հեռուստատեսությամբ այդ իրազեկումը կլինի, երբ կլինի նախագծի վերջնական տարբերակը:
-Ըստ Ձեզ՝ այդ իրազեկումից հետո «դեմ» չի՞ լինելու հանրությունը սահմանադրական փոփոխություններին:
-Ինձ թվում է՝ ոչ, եթե ըմբռնումով մոտենան, ինձ թվում է՝ դեմ չեն լինելու, քանի որ այդտեղ շատ լուրջ քայլ է կատարվում դեպի ապագա: Դե, որոշ քաղաքական ուժերի թմբկահարության արդյունքում է, որ հանրությունը կարծում է, թե դա վերարտադրության համար է կատարվում, բայց իրականում նման որեւէ բան չկա: Եթե իշխանությունը ցանկանում է վերարտադրվել, ապա դա կարող է անել նաեւ այս Սահմանադրության միջոցով: Իրականությունը սա է, սրանով ավարտենք: Շնորհակալ եմ:
Հ.Գ. Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց դասադուլի հետ կապված զրուցել նաեւ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, որը հայտարարեց, թե ինքն արձակուրդում է: «Ես քաղաքում չեմ, արձակուրդում եմ, թույլ տվեք՝ իմ մի քանի օրվա արձակուրդը ես վայելեմ»,-հայտարարեց Ա. Սիմոնյանը:
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ ԴԱՀԿ-Ն «ՊԱՏԺՈՒՄ» Է
Հուլիսի 30-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2011-ից սկսած Հայաստանում ամենուրեք տեղադրված արագաչափերն ու տեսախցիկները ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների ավտոմեքենաների թույլ տված խախտումներն արձանագրել են, սակայն տույժի ենթարկելու վարչական ակտը օրինախախտներին չի առաքվել:
Այս տարվա սկզբին, երբ նախագահի վերահսկողական ծառայությունը ՀՀ ճանապարհային ոստիկանությունում ստուգումներ է անցկացրել, պարզել է այդ ամենն ու զեկուցել Սերժ Սարգսյանին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս օրերին հայրենի պետական պաշտոնյաները ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումից նամակներ են ստանում առ այն, որ 2014 թվականին ճանապարհային երթեւեկության կանոնները խախտել են ու չեն վճարել:
Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ՀՀ ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետ Արմեն Հակոբյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու է ՃՈ-ն հիմա միայն որոշել «պատժել» պաշտոնյաներին:
-Պարո՛ն Հակոբյան, ինչո՞ւ են բարձրաստիճան պաշտոնյաները նոր տեղեկանում, որ ճանապարհային երթեւեկության կանոններ են խախտել մոտ մեկ տարի առաջ, ինչո՞ւ եք որոշել հիմա «պատժել»:
-Կոնկրետ, խնդրում եմ՝ գրավոր գրեք, թե որ պաշտոնյաների մասին է խոսքը, որ ժամանակահատվածի խախտում է, ու երբ են ստացել, ես կասեմ՝ Ձեր գրավոր հարցերին կպատասխանեն:
-Օրինակ՝ 2014 թվականի խախտումների վերաբերյալ գրեթե բոլոր պաշտոնյաները գրություն են ստացել, գործը «հասել» է ԴԱՀԿ-ը, ինչո՞ւ էր ՃՈ-ն մինչեւ այժմ աչք փակում այդ խախտումների վրա:
-Եթե խախտում եղավ, որոշակի ժամանակահատված հետո մարդը ծանուցում է ստանում այդ խախտման մասին, դա ավտոմատ համակարգ է, իսկ պաշտոնյաների խնդիրը կարող է կապված լինել հարցմանը ուշ պատասխանելու հետ, այսինքն՝ պաշտոնյաների մեքենաները որոշակի մարդու է, չէ՞, կցված, վարորդն է ստանում, պաշտոնյան չի ստանում, կարող է՝ դրա պատճառով ուշ է եղել: Գրավոր գրե՛ք Ձեր հարցերը, կասեմ՝ Ձեզ կպատասխանեն:
-Բայց այդ ուշացումը տարիներով է եղել, թե՞ պայմանավորվածություն է եղել ուղղակի ՀՀ պաշտոնյաներին չտուգանել:
-Բոլորի մեքենաները, բոլորի վարորդները օրենքի առաջ հավասար են, իրականում նման բան չկա: Մեղքը նրանցն է եղել, եթե, իհարկե, նման բան եղել է:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԴԱՏԱՎՃԻՌԸ ԿԲՈՂՈՔԱՐԿԵՆ
Ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի մայրը՝ տիկին Փառանձեմը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել: Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի կայացրած դատավճռով ֆինանսական բուրգի գործով մեղադրյալ Արթուր Անդերասյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի, Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ մինչեւ վերջերս Երեւանում գործող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի անունները շահարկելով տարբեր քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի գումարներ եւ անշարժ գույք հափշտակելու մեջ: Այսինքն՝ ողջ քրեական գործն այնպես է կառուցած, որ դրանով անցնող բոլոր պաշտոնյաները, որոնք, ի դեպ, իրավական համակարգի ղեկավար կազմում են եղել, դառնան «տուժողներ»: Սակայն այն փաստը, որ այս գործի ի հայտ գալուց հետո բոլոր պաշտոնյաները ազատվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից, վկայում է այն մասին, որ նրանք այդքան էլ «զոհեր» չեն: Պարզապես նրանք իրենց դիրքի շնորհիվ կարողացան խուսափել քրեական պատասխանատվության ենթարկվելու հեռանկարից եւ պաշտոնանկությամբ «փրկվեցին»:
ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼ ԵՆ
«Ժողովորդ»-ին հայտնի դարձավ, որ Աջափնյակ վարչական շրջանի առանձնատներից մեկում վերելակում զոհված 5-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կարճվել է: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2015 հունիսի 4-ին: Երեխան վերելակում եղել էր դայակի եւ եւս մեկ երեխայի հետ, ինքնաշեն վերելակը բռնել էր երեխայի մազերը եւ նրա ծնոտը մնացել էր երկու հարկերի արանքում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ): Ի դեպ, «Ժողովուրդ»-ը գրել էր, որ դեպքից հետո զոհված երեխայի ընտանիքի անդամները մինչ օրս այդ տանն այլեւս չեն ապրում:
ՆԱՎԹՆ ՈՒ ՌՈՒԲԼԻՆ
Նավթի միջազգային գները շարունակում են իջնել: Երեկ մեկ բարել նավթի միջազգային գինը իջավ մինչեւ 46 դոլար: Վերջին անգամ նման ցածր գին արձանագրվել էր հեռավոր 2009 թվականին՝ 2008-ի տնտեսական ճգնաժամից հետո: Նավթի գների անկմանը զուգահեռ իջնում է ռուսական ռուբլու փոխարժեքը: Երեկվա դրությամբ 1 դոլարի փոխարժեքը ռուսական ռուբլով հասել է 70 ռուբլու սահմանագծին: