ԱՃԻ ՊԼԱՆՆ ԱՐԴԵՆ ԳԵՐԱԿԱՏԱՐՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա յոթ ամիսների արդյունքներով Հայաստանում տնտեսական աճ է արձանագրվել, այն էլ ոչ ավել, ոչ պակաս, 4,2 տոկոսով: Նման թիվ հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրության ծառայությունը: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ԱՎԾ-ն ոչ թե կատարել, այլ անգամ գերակատարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` տնտեսական աճ արձանագրելու վերաբերյալ հրահանգը, որը, ինչպես հայտնի է, նա հնչեցրել էր ՀՀ Կառավարության այս տարվա մայիսի 21 նիստում:

Որքան էլ պաշտոնական վիճակագիրները ջանում են «պլպլացրած» թվեր հրապարակել, միեւնույն է, չեն կարողանում թաքցնել Հայաստանի տնտեսությունում առկա ծանր կացությունը: Ինչպես նախորդ ամիսներին, հուլիսի ամփոփ արդյունքներով եւս առեւտրի շրջանառությունը նվազել է 4,7 տոկոսով: Հայտնի է, որ գյուղմթերքի առեւտրի ակտիվացման շնորհիվ ամռան ամիսներին եւ հատկապես հուլիսին առեւտրաշրջանառության ծավալները էապես մեծանում են: Սակայն, ինչպես տեսնում ենք, այս հանգամանքը միեւնույն է՝ բավարար չի եղել իրավիճակը շտկելու համար: Այսինքն՝ սպառողների դրամական միջոցները հուլիսին եւս շարունակել են նվազել, ինչպես մինչ այդ:
Պաշտոնական տվյալներով՝ արդյունաբերական արտադրանքի ծավալները յոթ ամիսների արդյունքներով աճել են 4,1 տոկոսով: Սակայն այստեղ էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ արդյունաբերական արտադրանքի ծավալները ներկայացված են դրանց գումարային արտահայտությամբ: Այսինքն՝ գնաճը եւս այս դեպքում նպաստել է, որ պաշտոնական վիճակագիրները աճ «նկարեն»: Ի դեպ, նույն պաշտոնական տվյալներով այս տարվա յոթ ամիսներին գնաճը կազմել է 5 տոկոս: Այլ կերպ ասած՝ եթե գնաճը հանենք, ապա կստացվի, որ արդյունաբերության աճ ոչ միայն չի եղել, դեռ մի բան էլ անկում է եղել: Այսինքն՝ այս տարի անցած տարվանից մոտ 1 տոկոսով քիչ ապրանք է արտադրվել, բայց քանի որ այն ավելի թանկ գնով է հաշվարկվել, դրա գումարային արժեքն ավելի մեծ է ստացվել:
Յոթ ամիսների արդյունքներով Հայաստանից արտահանվել է 809 միլիոն 300 հազար դոլարի ապրանք, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից պակաս է 4,4 տոկոսով: Ի դեպ, արտահանման անկման ծավալների թիվը փոքրացել է մեկ ապրանքի` պղնձի խտանյութի արտահանման ծավալների կտրուկ` մոտ 30 տոկոս աճի շնորհիվ: Իհարկե, հրապարակված տվյալներում առանձին ապրանքատեսակների արտահանման տվյալները նշված չեն, սակայն դեռեւս այս տարվա սկզբից նկատելի է, որ պղնձի խտանյութի արտահանման ծավալները հանքատերերը զգալի ավելացրել են:
Ինչ վերաբերում է ներմուծման ծավալներին, դրանք, անցած տարվա յոթ ամիսների համեմատ, նվազել են 30,7 տոկոսով:
Ուշագրավ է, որ պաշտոնական վիճակագիրները շինարարության ոլորտում ամբողջ թվով աճ չեն կարողացել գրել եւ բավարարվել են 0,4 տոկոսանոց աճ գրելով: Տվյալ դեպքում խանգարող հանգամանքը, թերեւս, եղել է այն, որ անշարժ գույքի գները Հայաստանում շարունակում են իջնել: Իհարկե, պաշտոնական տվյալներում անշարժ գույքի գների նվազման մասին ոչինչ չի նշվում: Ավելին՝ անշարժ գույքի շուկայի վերաբերյալ վերջին ամիսներին հրապարակված բոլոր պաշտոնական վիճակագրություններում ներկայացվում է, թե իբր շուկայում գնային փոփոխություն տեղի չի ունեցել:
Ի դեպ, ՀՀ Կառավարության` անցած շաբաթ տեղի ունեցած նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հանձնարարել էր հանրությանը փոխանցել վիճակագրական տվյալների դրական ազդակները: Իհարկե, դրական ազդակ «հաղորդելն» ամեն դեպքում լավ է: Բայց տվյալ դեպքում ուշագրավ կլիներ իմանալ, թե, ասենք, այն սպառողին, որ անցած տարվա համեմատ 5 տոկոսով աղքատացել է եւ քիչ է առեւտուր անում, Կառավարության անդամներն ինչպես են «ազդակներով» հարստացնելու:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՀՅԴ-Ն ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին ՀՅԴ-ականներն այցելել են ՀՀ նախագահի նստավայր եւ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Ըստ այդ լուրերի՝ ՀՅԴ ներկայացուցիչները Սարգսյանին են ներկայացրել Սահմանադրության նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ առաջարկելով նախագծում մի շարք փոփոխություններ կատարել: Երեկ «ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից մեկնաբանություն ստանալ, սակայն նա ասաց. «Երբ որ կհրապարակվի նախագծի վերջնական տեքստը, մենք ձեզ ամբողջական եւ հրապարակային կներկայացնենք մեր մոտեցումները»:

 

ՀԱՇՏՎԵՑ
«Էյր Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանի ծեծի պատմությունը երեկ հանգուցալուծվեց: Բանն այն է, որ տուժող Ավետիսյանը հայտարարություն տարածեց (տեքստը՝ 4-րդ էջում)՝ տեղեկացնելով, որ որոշել է ընդունել իրեն ծեծողների հաշտության առաջարկը: Այլ կերպ ասած՝ «Էյր Արմենիայի» տնօրենը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա թիկնազորի դեմ այլեւս չի բողոքում: Իր այս քայլն Ավետիսյանը պատճառաբանել է այն հանգամանքով, որ հակառակ դեպքում իրենց ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսի սեփականատեր «East Prospect Fund» hիմնադրամը կարող է վերանայել 68 մլն դոլարի ներդրում կատարելու իր որոշումը: Այսպիսով՝ Ռուբեն Հայրապետյանը հերթական անգամ «ջրից չոր դուրս եկավ»:

 

«ՄՈՒՐԱԴԸ ԿԱՏԱՂԵԼ Է»
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ օրերս ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր մոտ հրավիրված ժողովներից մեկի ժամանակ ենթականերից վրդովված տոնով հարցրել է, թե արդյոք նրանք ցանկանում են, որ ինքը հրաժարական ներկայացնի: Նա իր խոսքում մատնանշել է «Ժողովուրդ» օրաթերթի՝ իրեն քննադատող հրապարակումները եւ տարակուսել է, թե ինչու նախարարության աշխատակիցները դրանց չեն արձագանքում: Կարելի է ասել, որ Արմեն Մուրադյանն այդպիսով իր ենթականերին «հրահանգել» է այսուհետ «հակահարված» տալ այն բոլոր հրապարակումներին, որոնցում նախարարը եւ նրա գործունեությունը քննադատության կենթարկվեն: Այս ժողովի արդյունքում Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել են բազմաթիվ կեղծ էջեր, որոնց միջոցով նախարարի մասին քննադատական հոդվածների տակ մեղադրական եւ վիրավորական մեկնաբանություններ են գրառվում լրագրողների հասցեին: Վերը բերված լուրերի առնչությամբ մեկնաբանություն ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց առողջապահության նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանին, որը հարցը լսելով՝ ասաց, թե նման բան չկա:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՆՈՐ ՊԵՏ
ՀՀ ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժինը նոր պետ ունի: Ինչպես Armlur.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պետ է նշանակվել Ալբերտ Նազարյանը, ով նախկինում զբաղեցրել է արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման, Վայոց Ձորի մարզային բաժնի պետի պաշտոնը:

 

ՁԵՎԱԿԱՆ ՀԱՎԱՔՈՒՄ
Օգոստոսի 20-ին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում հյուրընկալվեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Խորհրդարանի նախագահը դիտեց բազեականների սպորտային մրցույթները: Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ նա նշեց. «Մեր նպատակն է ոչ թե քաղաքականացնել երիտասարդներին, այլ մղել իրենց խնդիրները լուծելու: Այսօր արդեն կարող ենք ասել, որ հայաստանյան ամառը երիտասարդական է նման երիտասարդական ծրագրերի շնորհիվ»: Գալուստ Սահակյանը պատասխանեց նաեւ երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին սահմանադրական բարեփոխումներին, ազգային գաղափարախոսությանը, խորհրդարանի աշխատանքին ու այդ կառույցի՝ հասարակական ընկալմանը: Հիշեցնենք, որ «Բազե» հավաքը մեկնարկել է օգոստոսի 17-ին: Այն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Հավաքին ամեն տարի մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից:

 

ՎԱՃԱՌԵՑԻՆ
Այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ «Օրանժ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերն ամբողջությամբ օտարվեցին «Յուքոմ» ընկերությանը: «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն ավելի վաղ հայտարարել էր, որ «Յուքոմ»-ին «Օրանժ Արմենիա»-ի բաժնետոմսերի վաճառքն ունի երկու նպատակ, առաջին՝ հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտում ստեղծել հայաստանյան ազդեցիկ ընկերություն, որը գործարքից հետո կզբաղեցնի հեռահաղորդակցության ողջ շուկայի մոտ 20 տոկոսը, երկրորդ՝ փոխլրացնող կարողությունների համադրմամբ հնարավորություն կառաջանա հաճախորդներին առաջարկել նշված փաթեթը: Պաշտոնական կայքէջի համաձայն՝ մինչ այժմ «Օրանժ Արմենիա»-ն կատարել է 277 միլիոն եվրոյի ներդրումներ՝ ներառյալ 51 միլիոն եվրո լիցենզիայի ձեռքբերման համար: Իսկ 2015-ի մարտի 31-ի դրությամբ ընկերության նախորդ տարիների ընդհանուր վնասը կազմել է 184.6 միլիոն եվրո:

 

ՀԵՏԱՁԳՎԵՑ
Վերաքննիչ քրեական դատարանը երեկ արդարացրեց ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող, Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին: Դատարանը բավարարեց Կիվիրյանի փաստաբանների բողոքը, որով պահանջում էին արդարացման վճիռ կայացնել:
Դատական նիստից հետո Արգիշտի Կիվիրյանը հայտարարել է, որ Հայաստանում, եթե արդարադատություն լիներ, ապա ինքն այս գործով տուժող կլիներ, իսկ ոստիկաններն էլ՝ ամբաստանյալներ: «Եթե պայքարում ես, ուրեմն հաղթող ես՝ անկախ արդյունքից»,- հայտնել է Կիվիրյանը:




Լրահոս