ԳԱՎԱՌՑԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը, որ համարվում էր թանգարան՝ բաց երկնքի տակ, կամաց-կամաց վերածվում է խաղատների երկրի: Ամեն քայլափոխի՝ լինի մայրաքաղաք, թե հեռավոր շրջաններ ու գյուղեր, կարելի է հանդիպել խաղատուն հիշեցնող ապարատների, որոնք մարդկանց հեշտությամբ կարող են խաղամոլ դարձնել:

Հիշեցնենք, որ 2003 թվականին ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ մայրաքաղաք Երեւանից հանվեցին բոլոր տեսակի շահումով խաղերն ու խաղատները՝ տեղափոխվելով մարզեր, որպեսզի մարզերի համաչափ զարգացումն ապահովվեր: Ու քանի որ խաղամոլները հիմնականում մայրաքաղաքի տարածքում էին լինում, զլանում էին հասնել Ջերմուկ կամ Ծաղկաձոր, ուստի բիզնեսի այդ տեսակը կամաց-կամաց կորցրեց իր հմայքը: Կազինոները կամաց-կամաց սկսեցին փակվել, եւ դաշտը խոշորացավ՝ հնարավորություն տալով ընդամենը մի քանի խոշոր խաղատների գործունեություն ծավալել: Բայց քանի որ այն համարվում է խիստ եկամտաբեր բիզնես, ուստի ոլորտը չէր կարող երկար ժամանակ «անտեր մնալ»:
Կամաց-կամաց սկսեցին խաղամոլության ոլորտում աշխուժություն դրսեւորել լոտոները, որոնց գովազդներով հեղեղված է ողջ հեռուստաեթերը: Եւ, ահա, վերջին շրջանում լոտոներին գումարվել են կազինոներ հիշեցնող ապարատների, բուքմեյքերական գրասենյակներում կազմակերպվող տարաբնույթ թղթախաղերի գովազդները, որոնցով բառացիորեն խաղամոլության քարոզարշավ է իրականացվում: Այնպիսի ոգեւորությամբ են գովազդում առցանց «բլոտ» խաղալու հնարավորությունը, կարծես թե ազգովի դարեր շարունակ երազել ենք ունենալ առցանց խաղամոլությամբ զբաղվելու հնարավորություն եւ ահա ստացել ենք այն:
Դրան գումարվել են նաեւ ամեն քայլափոխի հանդիպող «Էլ լոտոյի» ապարատները, որոնք խաղամոլության են դրդում քաղաքացիներին: Հիշեցնենք, որ «Էլ լոտոյի» ապարատները սկզբում տեղադրվել էին «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում, որտեղ աշխույժ է առեւտուրը, այսինքն՝ շատ քաղաքացիներ են մուտք ու ելք անում այնտեղ: Բայց երբ լրատվամիջոցները հրապարակեցին այդ մասին, «Երեւան սիթի» սուպերմարկետների հետ «կապ չունեցող» գործարար Սամվել Ալեքսանյանը, խուսափելով ավելորդ քննադատություններից, հրահանգեց հավաքել այդ ապարատները: Բայց նույն «Էլ լոտոյի» ապարատները սկսել են սնկի պես աճել բազմաթիվ այլ խանութներում, գազալցակայաններում, բենզալցակայաններում եւ այն օբյեկտներում, որտեղ մարդիկ հաճախ են լինում: Եւ այստեղ հարց է առաջանում՝ ո՞վ է այդ ապարատների տերն ու տանիքը, ում հրահանգով են դրանք տեղադրվում հանրապետության ողջ տարածքում. անգամ հեռավոր քաղաքներում են սկսել «աճել» «Էլ լոտոյի» ապարատները:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այդ ապարատները փաստացի պատկանում են հեղինակություն համարվող Արա, Ալիկ Բանդուրյաններին: Նրանք ծագումով Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքից են, առավել հայտնի՝ քյավառցի Արա-Ալիկ անունով: Նրանք հանրության լայն շրջանակներին դեռ այդքան էլ հայտնի չեն, բայց քրեական աշխարհում խոսվում է, որ եղբայրները «ժամ-ժամ» են աճում ու բարգավաճում՝ շնորհիվ ՀՀ նախագահի նստավայրի ու Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի: Ասել է թե՝ նրանց բիզնեսը Հայաստանում զարգանալու խնդիր չունի, եւ «վերեւից» հրահանգված է «Էլ լոտոյի» ապարատները շարել ուր պատահի, ոնց պատահի:
Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ մեր երկրում այսօր «լավ են ապրում» ու զարգանում են միայն պետական պաշտոն զբաղեցնողներն ու քրեական աշխարհի ներկայացուցիչները: Ընդ որում, երկուսն էլ ապրում են հասարակ քաղաքացիների հաշվին. պաշտոնյաները թալանում են, իսկ քրեական աշխարհը՝ «խաղացնում»: Բայց այս երկու օղակներն էլ իրար հետ սերտ կապի մեջ են, քանի որ ցանկացած մակարդակի ընտրություն կազմակերպվում է՝ շղթայի այս օղակները օգտագործելով, ուստի նրանք չեն կարող միմյանց «նեղացնել»:
Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ Արա, Ալիկ Բանդուրյան եղբայրների հաղթարշավը մեր երկրում չի կարող կասեցվել իշխանությունների գործողություններով, քանի որ առաջիկայում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն է, որն անցկացնելու համար անհրաժեշտ կլինի նորից դիմել քրեական աշխարհի ներկայացուցիչների օժանդակությանը:
Ի դեպ, հայտնի է, որ Արա, Ալիկ Բանդուրյան եղբայրները լարված հարաբերություններ ունեն մահացած Արմեն Կանեւսկոյի թիմի ու բարեկամների հետ: Ու թեեւ հիմա ամեն ինչ նորմալ է, բայց առաջիկայում բոլորն էլ պայթյունը կանխատեսում են: Սպասենք զարգացումներին:
Այս թեմային «Ժողովուրդ»-ը դեռ առավել մանրամասն կանդրադառնա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԿՈՂՄԵՐԻ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ
Ինչպես հայտնի է՝ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանն իրավապահներին հաղորդում է տվել այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի թիկնապահներն իրեն եւ կնոջը ծեծել են: Այդ հաղորդման հիման վրա էլ քրեական գործ է հարուցվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «ծեծողները» տեղի ունեցածն իրավապահներին հետեւյալ կերպ են ներկայացրել: Իբր Վահան Մարտիրոսյանի բնակարանից վիճաբանության ձայներ են լսվել: Ավելին՝ ասվում է անգամ, թե նրա կինն այդ ընթացքում ահազանգել է ոստիկանություն եւ ասել, որ սկեսուրն իրեն ծեծում է: Իսկ հարեւաններն էլ բացատրություն են տվել, թե իբր իրենք լսել են, որ Մարտիրոսյանները վիճաբանում են, եւ իրենք միջամտել ու ամոթանք են տվել «կռվարար» ամուսիններին: Բայց ամուսինները, միեւնույն է, չեն դադարել, եւ վեճը տեղափոխվել է բակ, եւ սկսել են իրար ծեծել: Այստեղ, արդեն, երկու երիտասարդ, որոնք Մհեր Սեդրակյանի թիմակիցներն են եւ հարեւանությամբ են բնակվում, իբր փորձել են կռվարար զույգին կարգի հրավիրել, բայց նրանց «խաղարարար» առաքելությունը վերաճել է ծեծկռտուքի:
Այժմ նախաքննությունը պետք է պարզի՝ արդյո՞ք Վահան Մարտիրոսյանի հարեւանները Մհեր Սեդրակյանի ահից կամ նրան շատ հարգել եւ սիրելուց են նման բացատրություն տվել, թե իրոք ամուսինները վիճել են, եւ հարեւանները, որոնք միաժամանակ Սեդրակյանի շրջապատից են, իսկապես ցանկացել են նրանց բաժանել:
Երբ վերը բերված վարկածի վերաբերյալ մեկնաբանության համար «Ժողովուրդ»-ը դիմեց Վահան Մարտիրոսյանին, նա ասաց, թե այդ ամենն իրականությանը չի համապատասխանում: Ըստ նրա՝ իր կինը իրավապահներին ահազանգել է հենց թիկնապահների կողմից ծեծի ենթարկվելու ժամանակ: «Երեւի հասկանում եք, որ տան միջադեպի համար ոչ ոք ոստիկանություն չի զանգահարում: Վիճաբանություն մեր տանը չի եղել, մենք հանգիստ նստած ենք եղել, երբ այդ մարդը մտել է մեր տուն: Մեր տունը սեփական տուն է, եւ եթե վիճաբանություն լիներ, ոչ ոք չէր կարող լսել, քանի որ մեր տունն է, ու անմիջապես փողոցն է գալիս»,- պարզաբանեց Մարտիրոսյանը:
Անդրադառնալով հարեւաններին, թե վերջիններս իրավապահներին բացատրություն տալուց պատմել են, թե Վահանը տանը կնոջ հետ է վիճել, եւ իրենք հանդարտեցնելու համար են միջամտել, ակտիվիստը պատասխանեց. «Մեր փողոցը համատարած, բացի ինձնից, Սեդրակյան Մհերին կուռք են համարում: Օրինակ՝ դիմացիս հարեւանները բաղկացած են Սեդրակյան Մհերի բարեկամներից, մի քանի տուն այն կողմ նրա տունն է, մի քիչ ներքեւ՝ ռեստորանը: Եթե հարեւանները ասելով՝ նկատի ունեն իրենց, ապա, բնականաբար, նրանք այդ ցուցմունքն էլ կտային իրավապահներին եւ մի բան էլ կասեն, թե թմրամոլ եմ կամ հարբեցող՝ դրանով փորձելով ամեն կերպ շեղել գործը»,- ասաց Մարտիրոսյանը: Ի դեպ, նա նաեւ հավելեց, որ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով իր կինը կորցրել է երեխային:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ՆԱՀԱՆՋ ԵՐԳՈՎ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՑ

«Էյր Արմենիա» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է իրեն ծեծի ենթարկելու դեպքերին:

-Սիրելի՛ հայրենակիցներ… մեր ընտանիքի` «Էյր Արմենիա» ընկերության կողքին է ողջ Հայաստան աշխարն ու հայ ժողովուրդը: Այս ամենը մեզ հավատ ու ուժ տվեց՝ հաղթահարելու ստեղծված իրավիճակը եւ խնդրի լուծմանը հասնելու օրինական ճանապարհով: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ՀՀ իշխանություններին, իրավապահ մարմիններին, ԶԼՄ-ներին՝ կնոջս եւ եղբորս ահազանգին արագ արձագանքելու եւ նպատակային միջոցառումների իրականացման համար: Հարգելի՛ հայրենակիցներ, հիշյալ իրադարձությունների արդյունքում կրկնակի ծանր կացության մեջ է հայտնվել իմ ղեկավարած «Էյր Արմենիա» ավիաընկերությունը: Այս կարճ ժամանակահատվածում մենք բախվեցինք վերջին ամիսների ընթացքում քայլ առ քայլ հասած հաջողությունները կորցնելու վտանգին: Իմ հիմնական գործընկեր եւ «Էյր Արմենիա» ավիաընկերության 49 տոկոսի սեփականատեր «East Prospect Fund» hիմնադրամի ներկայացուցիչները երեկ հայտարարություն էին տարածել՝ հորդորելով գտնել խնդրի լուծման օրինական ճանապարհը… Ներկայումս իրականացված ներդրումներից ուղղակիորեն կախված է ոչ միայն «Էյր Արմենիա» ավիաընկերության վերագործարկումը, այլ նաեւ՝ շուրջ 250 աշխատակիցների աշխատավարձերի վճարումը, ինչպես նաեւ՝ մեր գործընկերների հանդեպ պարտավորությունների կատարումը:
Իմ գործընկերները ինձ հորդորում են պահպանել հավասարակշռություն եւ ողջախոհություն, ընդունել հաշտության նպատակով ինձ մեկնված ձեռքը, կատարել կշռադատված քայլեր եւ որոշումներ կայացնելիս հաշվի առնել «Էյր Արմենիա» ավիաընկերության ապագային վերաբերող յուրաքանչյուր կետ: Ես գիտակցում եմ իմ կողմից կայացրած որոշումների կարեւորությունը եւ պատասխանատվություն կրում դրանց համար, հետեւաբար հաշտության առաջարկ ընդունելը, «Էյր Արմենիա» ավիաընկերության ապագայի մասին հոգ տանելը, կազմակերպության խնդիրների լուծմանն ուղղված իմ գործընկերների ջանքերը, վերջին շրջանում բազմաթիվ փորձություններ հաղթահարած իմ ընտանիքի անդամների ակնկալիքներն ինձ համար ընդունելի են դարձնում միայն հաշտ ու առողջ միջավայրում փոխադարձ վստահությամբ աշխատելու եւ արարելու տարբերակը: Ես այսօր դուրս եմ գրվում հիվանդանոցից՝ շնորհակալություն հայտնելով նաեւ ինձ հոգատարությամբ շրջապատած բժշկական անձնակազմին եւ հավաստիացնում, որ տնային պայմաններում բուժումս ավարտելուց հետո կարճ ժամանակում կանցնեմ աշխատանքի եւ կտամ հասարակությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները:




Լրահոս