ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՀՆՉԵՑՐԵԼ Է ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՍՊԱՌՆԱԼԻՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքսի» կողմից հրապարակված այս փաստաթուղթը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, որը պատմում է իր եւ ՀՀ-ում Վրաստանի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Տաբատաձեի միջեւ 2010թ. փետրվարի 16-ին կայացած հանդիպման մասին: Կողմերը հիմնականում քննարկել են հայ-վրացական հարաբերությունները: Զրույցի ընթաքում վրացի դիվանագետը մի շարք վիճահարույց հայտարարություններ է արել, որոնք պարզորոշ կերպով ցույց են տալիս հայ-վրացական հարաբերությունների իրական որակը:

Տաբատաձեն անթաքույց կերպով հայտարարել է, որ Հայաստանի պահվածքն իրենց համար ընդունելի չէ: Ավելին՝ դիվանագետը հնչեցրել է հայ-վրացական սահմանը փակելու մասին «սպառնալիք»՝ «հայերին դաս տալու» միտումով:
Այսպես՝ Յովանովիչը հայտնում է, որ վրացի դիվանագետի բարձրացրած առաջին խնդիրը վերաբերել է սահմանների ճշգրտմանը: Տաբատաձեն պնդել է, որ հայերը պահանջում են սահմանները շտկել բացառապես իրենց հարմար եղանակով եւ պահանջելով կոնկրետ տարածք որեւէ հատվածում՝ հրաժարվում են փոխհատուցում տրամադրել: Յովանովիչն արձագանքել է, որ հայկական աղբյուրներից իրեն հայտնի է, որ 1934թ.-ից սկսած՝ սահմանազատման կանոնավոր աշխատանքներ, որպես այդպիսին, չեն տարվել, ինչի արդյունքում Հայաստանը կորցրել է մոտ 700 հեկտար տարածք: Վրաստանի դեսպանը նկատել է, որ իրենց համար այլեւս անընդունելի է սահմանային հատվածում բնակվող գյուղացիների կողմից սահմանային անկանոն անցումները, քանզի Վրաստանն այլեւս կայացած պետություն է եւ չի կարող հանդուրժել կոռուպցիայի, սուվերենության խախտման եւ այլ ապօրինությունների հիմք տվող նման ավանդույթը: Նրա պնդմամբ՝ իր կառավարությունը պատրաստ է ճկուն կեցվածք որդեգրել այդ հարցում, սակայն բոլոր մանրամասները պետք է նախապես ճշգրտվեն: Այս կապակցությամբ դիվանագետը շեշտել է, որ իրենք ավելի մեծ գործ են անում միջսահմանային համագործակցության հարցում, քան Հայաստանի իշխանությունները: Նկատի ունենալով Բավրա-Բաթումի ճանապարհի ու Հայաստանի հյուսիս-հարավի միակցման ճանապարհի հիմնահարցը՝ Տաբատաձեն պնդել է, որ իրենց մնացել է 80 կմ կառուցեն՝ ի տարբերություն աշխատանքներից շատ հետ մնացած Հայաստանի: Նա տեղեկացրել է, որ ՀՀ Կառավարությունը ցանկանում է այդ ճանապարհին տալ «տարածաշրջանային պրոյեկտի» կարգավիճակ, ինչը Վրաստանի համար անընդունելի է, քանզի այդ դեպքում իրենք պիտի ճանապարհը առաջնահերթություն դարձնեն: Ըստ էության, վրացիները Հայաստանի հետ հարաբերությունները բնավ էլ իրենց համար գերակա չեն համարել եւ այսօր էլ կարծես նույն կերպ են մտածում: Այստեղ իրականում մեծ գործ ունի անելու Հայաստանի իշխանությունը, քանզի Վրաստանի պես կենսական նշանակություն ունեցող երկրի հետ պետք է վարել միանգամայն բարձրորակ քաղաքականություն, այլ ոչ թե արհամարհել ու ծաղրել:
Վրացի դիվանագետը, քննարկելով Հայաստանի՝ Վրաստանից կախվածություն ունենալու պարագան, հավելել է, որ հայերը ցուցադրում են ապերախտ կեցվածք: Ըստ նրա՝ հայերը չեն գնահատում վրացիների կատարած լավ գործն ու բարի վերաբերմունքն իրենց հանդեպ: Նա նաեւ կարեւորել է Ռուսաստանից դեպի Հայաստան առաքվող զենքի ու զինամթերքի հիմնախնդիրը:
Տաբատաձեի համոզմամբ՝ վերջին շրջանում զենքի փոխադրումն ահռելի չափերի է հասել, թեեւ իրենք հարգելով Հայաստանի Կառավարության խնդրանքը՝ որեւէ խոչընդոտ չեն հարուցում այդ ճանապարհին: Նրա տպավորությամբ՝ Հայաստանն ավելի մեծ թվով զենք է գնում, քան նրա բյուջեն կարող է թույլ տալ: Վրացի դիվանագետն անակնկալ հարց է ուղղել Յովանովիչին, թե արդյո՞ք վերջինս չի կասկածում, որ զենքը կարող է լինել Իրանի համար կամ էլ տեղավորվել Գյումրիի ռուսական ռազմաբազայում: Ամերիկացի դիվանագետը, արտահայտելով հանդերձ իր Կառավարության մտահոգությունը զենքի կուտակման հարցի առնչությամբ, համոզմունք է հայտնել, որ զենքը գալիս է բացառապես Հայաստանի համար: Հատկանշական է, որ վրացին, կարծես, փորձել է վեճ հրահրել՝ անիմաստ կասկածներ սերմանելով հայ-ամերիկյան հարաբերություններում: Անշուշտ, դա բարեկամ երկրի դեսպանի ազնիվ պահվածք համարել չի կարելի, սակայն հարկ է ընդունել, որ Հայաստանի իշխանություններն էլ իրենց հերթին են քանիցս բամբասել ու անտեղի վիրավորանքներ հղել իրենց վրացի գործընկերների հասցեին օտար դիվանագետների հետ զրույցներում:
Վերջում Տաբատաձեն արձանագրել է, որ Հայաստանի Կառավարությունը դիտավորյալ կերպով ճնշում է գործադրում իրենց վրա՝ զգալով Վրաստանի թուլությունը Օսեթական պատերազմից հետո: Ռուսաստանի հրահանգներին վերագրելով Հայաստանի Կառավարության վարմունքը՝ նախկին դեսպանը հավելել է, որ իրենց ԱԳՆ-ում կա այն տրամադրությունը, որ Հայաստանին պետք է դաս տալ եւ փակել սահմանը, եթե ծայրահեղական այդ օրակարգը շարունակվի: «Մենք կարող ենք մի օր էլ փակել սահմանը»,- հայտարարել է Տաբատաձեն: Լավ իմանալով սահմանը նման անհեթեթ բացատրությամբ փակելու անհնարինությունը՝ դեսպանը, այդուհանդերձ, իրեն թույլ է տվել նման արտահայտություններով պարուրել հայ-վրացական հարաբերությունները երրորդ երկրի դիվանագետի առաջ: Վրաստանի դեսպանի ձեւակերպումները հստակորեն ցույց են տալիս, որ հայ-վրացական հարաբերությունները բնավ բարձր մակարդակի վրա չեն, ինչը, սակայն, կարծես ամենեւին էլ չի մտահոգում ՀՀ իշխանություններին: Սա կարելի է համարել Սերժ Սարգսյանի «փայլուն» դիվանագիտության հերթական արարը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՍԴ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻՆ ԿՈՂՄ Է

ՀՀ Սյունիքի մարզի Առաջաձոր համայնքի բնակիչներն առանձնապես հետաքրքրված չեն նոր սահմանադրության նախագծով: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Առաջաձորի դաշնակցական գյուղապետ Դավիթ Մովսեսյանի հետ:

-Պարո՛ն Մովսեսյան, նոր Սահմանադրության նախագծի շուրջ ի՞նչ տեսակետ ունեք:
-Իմ կուսակցական պատկանելիությունը «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ն է, եւ ես սահմանադրական բարեփոխումների կողմնակից եմ: Ճիշտն ասած՝ ամբողջությամբ չեմ հասցրել ուսումնասիրել, ընթացքում որոշ հարցեր են առաջացել իմ մոտ, բայց ընդհանուր նախագիծն իմ կողմից ընդունելի է: Այսօրվա մեր Սահմանադրությունն էլ վատը չէ, ինչն էլ որ փոփոխեն կամ չփոփոխեն, այնուամենայնիվ, մեր հանրապետության մեջ Սահմանադրություն պետք է կիրառվի:
-Դուք Ձեր տեսակետը կուսակցության ներսում հայտնե՞լ եք, քննարկե՞լ եք:
-Առայժմ՝ ոչ: Նման քննարկումներ անպայման կլինեն: Երբ պահը գա, ամեն ինչն էլ կլինի: Մինչ այդ մեր կուսակցությունն էլ հաշվի կնստի, կբացատրի, մի խոսքի կգանք:
-Պարո՛ն Մովսեսյան, գյուղացիներն ի՞նչ են մտածում այս մասին:
-Այսօր գյուղում մնացել են ընդամենը 70-80 տարեկան մարդիկ, իսկ նրանք ապրում են միայն իրենց թոշակով ու մտածում են օրվա մի կտոր հացը վաստակելու մասին: Այսօր գյուղացին սահմանադրական փոփոխություններին բացարձակ տեղյակ չէ: Մեկը կարող է այո ասել, մյուսը՝ ոչ, բայց առանց գիտակցելու, թե ճիշտը որն է, սխալը՝ որը:
-Այնուամենայնիվ, չե՞ք նախատեսում գյուղացիների հետ այս թեմայի շուրջ ժողով անցկացնել:
-Այս կարգի քննարկումներ գյուղում չեն լինելու: Ոչ մի ժողով էլ չենք անցկացնելու: Ինձ հարցնեն, ես իմ կարծիքը հայտնեմ, կդառնա, որ ագիտացիա եմ անում: Եթե իրենք հարցեր կունենան, ինձ հետ առանձին կքննարկեն: Իսկ ժողով անցկացնել չի նախատեսվում: Ես չեմ խառնվելու ու ոչ մեկի վրա ճնշում չեմ գործադրելու:
-Իսկ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն ուսումնասիրելիս կոնկրետ ո՞ր կետերն եք ընդունում:
-Գուցե՞ դեռ փոփոխության այն ենթարկվի: Բայց եթե այսօր նախագահի ինստիտուտը եթե ճիշտ գործի, ապա ամեն ինչ լավ կլինի: Սահմանադրության որոշ կետեր, եթե հիմա օգտագործվեր, լավ կլիներ: Մեզ պետք չէր Սահմանադրությունը հենց այս պահին փոխել, քանի որ ավելի կարեւոր գործեր ունենք մեր պետության մեջ, որոնք լուծման կարիք ունեն:
-Իսկ Ձեր կուսակցությունում առաջիկայում այս թեմայի շուրջ ե՞րբ կլինի քննարկում:
-Գերագույն մարմինը կորոշի: Այս պահին հստակ չէ: Առաջիկայում հաստատ քննարկում կանցկացվի: Շատ հնարավոր է, որ մեր կուսակցությունը դաշտն ազատ թողնի, որպեսզի յուրաքանչյուրն իր կարծիքն ազատ արտահայտի:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
«ԽՈՊԱՆ» ԳՆԱԼԸ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ
Տավուշի մարզում ավելացել է այն բնակիչների թիվը, ովքեր հրաժարվում են Ռուսաստան՝ սեզոնային աշխատանքի մեկնելու սովորույթից կամ էլ ամռան կեսին այնտեղ գործը կիսատ թողած՝ ստիպված Հայաստան՝ տուն են վերադառնում: Պատճառը Ռուսաստանի դեմ արեւմտյան երկրների կիրառած պատժամիջոցների եւ նավթի համաշխարհային ցածր գնով պայմանավորված՝ ռուսական ռուբլու փոխարժեքի շարունակվող անկումն է:
Նշենք, որ հայերի մի զգալի մասն այնտեղ աշխատում է շինարարության մեջ, ֆիզիկապես դժվար գործ է կատարում, բնակվում անտանելի պայմաններում: Եւ, ահա, այդ ծանր պայմաններում կատարած աշխատանքի վարձատրությունը, երբ փոխանակում են դրամի կամ այլ արժույթի հետ, պարզվում է, որ արդյունքը նպաստավոր չէ: Ռուսական արժույթի անկումին ավելացել է ուկրաինական էժան աշխատուժի հետ մրցակցելու գործոնը:
Նոյեմբերյան քաղաքի 40-ամյա բնակիչը Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու համար այս տարի թողեց փրկարարի աշխատանքը: Սակայն երկու ամիս Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում շինարարությունում աշխատելուց հետո վերադարձավ Նոյեմբերյան: Նա «Ժողովուրդ»-ին ասաց, որ մտադիր է առաջիկայում որպես պայմանագրային զինծառայող անդամագրվել հայոց բանակին: Տղամարդու խոսքերով՝ Ռուսաստանից Հայաստան եկած միկրոավտոբուսի ուղեւորների մեծ մասն իր նման Ռուսաստան արտագնա աշխատանքի գնացած տղամարդիկ էին, որոնց «խոպանի» գործը չէր ստացվել: Նոյեմբերյանցին ասաց. «Ուկրաինայի բնակիչները հեղեղել են Ռուսաստանի շրջանները: Նրանց՝ որպես փախստականների, տեղավորել են մեծ հանրակացարաններում, ուր կոմունալ վարձեր չեն մուծում: Ուկրաինացի փախստականները ստիպված համաձայնում են շինարարական աշխատանքները կատարել ցածր գներով, մեզ նման գներով աշխատելը, տանից-տեղից հեռու, այլեւս ձեռնտու չէ»: Այսպիսով՝ առաջվա ռուսական երազանքն այլեւս անհրապույր մի բան է դարձել: Մարդիկ ստիպված են ապրելու հնարավորություններ փնտրել հայրենիքում:

 

ՔԱՄԻՆ ԾԱՌԵՐ Է ՋԱՐԴԵԼ
Այս տարվա եղանակային պայմանները Տավուշի մարզում բարենպաստ չեն: Հունիսի 11-ին Դեբեդի հովտում, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում կարկտահարությունը մեծ վնաս պատճառեց Արճիսի, Լճկաձորի, Այրումի այգիներին, ցանքերին, բնակարանային ֆոնդին եւ այլն: Օգոստոսի լույս 18-ի գիշերն էլ Նոյեմբերյան քաղաքում ուժեղ քամի է եղել: Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ քամուց իր այգում ջարդվել են բերքով բեռնված 5 հատ արքայանարնջի (կորոլյոկ) եւ խնձորի ծառեր: Նա հայտնեց, որ իր հարեւանների այգիները եւս վնասներ են կրել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս