Հասարակության մեջ անհրաժեշտություն են դառնում սահմանադրական բարեփոխումները. Արտակ Զաքարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սա այն գործընթացն է, որն ամեն տարի չես իրականացնի, և իրականացնելուց առաջ պետք է առավելագույնս համաձայնեցված և լավ մշակված վերջնարդյունք ունենա և դրվի համաժողովրդական հավանության»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին, ասաց ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Վերջինիս խոսքով` ժողովրդավարությունն անընդհատ պահանջում է խնամք: «Որևէ մի երկիր չի կարող ասել, որ հասել է լիարժեք ժողովրդավարության, հետևաբար, իրավական, քաղաքական համակարգի հավասարակշռված կիրառումը պետական և հանրային կյանքում շատ կարևոր է, որ խոսենք ժողովրդավարական ինստիտուտների մասին»,-նշեց նա:

Ըստ պատգամավորի` «Ոչ»-ի հիմնավորումները դառնում են անէական: «Իրականում մեր հասարակության մեջ և´ պետական կառավարման, և´ քաղաքական հարաբերությունների մեջ անհրաժեշտություն են դառնում բարեփոխումները, այդ թվում` Սահմանադրության բարեփոխումները,-նշեց նա:-Մենք պետք է կարողանանք մեր հասարակությոն պահանջների ներքո շարժվել առաջ և բավարարել բոլոր պահանջները»:

Պատգամավորի դիտարկմամբ՝ վերջին տարիներին անընդհատ իշխանությունների հասցեին լսվում են քննադատություններ, սակայն իշխանությունը շատ գործողություններ իրականացնում է օրենքներով և Սահմանադրությամբ առաջնորդվելով: Վերջինիս կարծիքով` Սահմանադրական բարեփոխումները, 1995 և 2005 թվականների բարեփոխումների հետ համեմատ, ավելի մեծ ուշադրություն և կարևորություն ունեն:

Լրագրողներից մեկի հարցին՝ ինչու է ՀՀ նախագահը որոշել Սահմանադրությունը փոխել իր քաղաքական ասպարեզից հեռանալուց 3 տարի առաջ, այլ ոչ շուտ, և արդյոք դաշտից դուրս չմնալու համար է, Զաքարյանը նշեց` նման դիրքորոշումները հիմնավոր չեն և իրականությոնը չեն համապատասխանում:

«ՀՀ նախագահը Հայաստանի քաղաքական կյանքում առանցքային դերակատարներից մեկն է, որի կենսագրությունն ամենակարևոր կերպով կապված է եղել ՀՀ և ԼՂՀ կայացման և զարգացման բոլոր փուլերի հետ»,-ասաց նա` հավելելով, որ փոփոխություններն արվում են հանրային և քաղաքական պահանջարկներից ելնելով:




Լրահոս