Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԲՀԿ ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Աբրահամ Մանուկյանի, Վահան Բաբայանի և Վարդան Վարդանյանի հետ` քննարկելու Սահմանադրական բարեփոխումների հետ կախված հարցեր:
Հանդիպումից հետո Armlur.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նշեց՝ կուսակցությունը դրական է գնահատում հանդիպումը և այն անհրաժեշտ է համարել:
«Մենք Սահմանադրության տարբեր գլուխների հետ կապված հայտնել ենք մեր մտահոգությունները, ինչպես կայուն քաղաքական մեծամասնության ձևավորման ընթացակարգերի, ընտրիչների ինստիտուտի և այլնի: Բնականաբար, իրավական գործընթաց է սպասվում»,-ասաց նա, հավելելով. «Այսինքն` այս տեքստի առանձին գլուխներ, ինչպես հասկացանք, կարող են բարեփոխվել»:
Մելքումյանը նաև նշեց, որ ԲՀԿ-ն վերահաստատում է որ «ոչ»-ի շարժմանը չի միանա: «Մեր վերջնական որոշումը քաղաքական խորհուրդը կընդունի մոտ ապագայում»,-եղրափակեց նա: