Երևանի քաղաքապետարան –մասնավոր հատված համագործակցության արդյունքում մայրաքաղաքի Իսահակյան 22/10 հասցեի գետնանցումը կահավորվել է հատուկ կարիքներով մարդկանց համար նախատեսված արտասահմանյան արտադրության վերելակով: Իրականացված աշխատանքին տեղում ծանոթացել են Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը:
Վերելակի աշխատանքը առաջինը փորձարկել է հաշմանդամների <<Ունիսոն>> ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը, ով իր գոհունակությունն է հայտնել հատուկ կարիքներով մարդկանց համար մայրաքաղաքում կյանքի կոչված հերթական նախաձեռնության առիթով և նշել, որ Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին լրջագույն ուշադրություն է դարձնում ոլորտի խնդիրներին, որոնք քաղաքային իշխանությունների հետևողականության շնորհիվ գնալով ավելի նվազում են: Հարկ է նշել, որ վերելակները նախատեսված են նաև մանկասայլակների համար:
Վերելակների առկայության վերաբերյալ կտեղադրվեն հատուկ ցուցանակներ, իսկ կոնկրետ շահառուներին վերելակից ինքնուրույն օգտվելու հարցում կաջակցեն տարածքի անվտանգության ծառայության աշխատակիցները: Հիշեցնենք, որ մայրաքաղաքը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով այս տարի շարունակվել են փողոցների և մասնավոր ընկերությունների թեքահարթակների կառուցման աշխատանքները, բացի այդ, ձմեռվանից Երևանում երթևեկում են հաշմանդամների՝ վերելակներով կահավորված 10 ավտոբուսներ, որոնց թիվն առաջիկայում կավելանա, այժմ էլ վերելակով է կահավորվել Ա. Իսահակյանի արձանին կից գետնանցումը:
Ի դեպ հաշվի առնելով, որ գետնանցումում նաև առևտրի կենտրոն է գործելու, այստեղ շինարարի հետ պայմանավորվածության արդյունքում կառուցվել է նաև հաշմանդամների զուգարան,ինչպես նաև տեղադրվել է միջհարկային մեկ այլ վերելակ: Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը հատկանշել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքաշինական բոլոր նոր նախագծերում պարտադիր պայման է թեքահարթակների առկայությունը: