Նախկին այլախոհները ԱԱԾ-ից պահանջում են իրենց դատավճիռները. հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իրավապաշտպան, իրավունքի եւ ազատության կենտրոն հ/կ նախագահ, Վարդան Հարությունյանը նախաձեռնել է խորհրդային տարիներին Հայաստանում ծավալված այլախոհական  շարժման մասին մի ուսումնասիրություն հրապարակել: Նախատեսվող ուսումնասիրության մեջ ի թիվս այլ նյութերի պետք է տեղ գտնեն նաեւ այդ տարիներին դատապարտվածների դատավճիռները: Դրանք ձեռք բերելու նպատակով դեռեւս  2011թ նոյեմբերին  Վ. Հարությունյանը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ: Սակայն ԱԱԾ-ն իր գրությամբ, վկայակոչելով Արխիվային գործի մասին օրենքի 21 եւ Տեղեկատվության մասին օրենքի 8 հոդվածների վրա, նրան մերժել է:
Այս առնչությամբ, մի խումբ նախկին այլախոհներ հայտարարություն են տարածել, որտեղ նշում է.
“Մերժման ակնհայտ անհիմն լինելը վիճարկել չցանկանալով` Հարությունյանը մտածում է, որ մերժման որեւէ, թեկուզ կամայական, հիմք չի լինի, եթե մարդիկ իրենց անունից դիմեն ԱԱԾ եւ պահանջեն ժամանակին իրենց նկատմամբ կայացված դատավճիռները: Նա խորհրդային տարիների քաղբանտարկյալներից, իսկ մահացածների դեպքում նրանց առաջին կարգի ժառանգներից,  հավաքում է նման դիմումներ ու մեկ փաթեթով 2012թ. դեկտեմբերի 6-ին ուղակում է ԱԱԾ, իսկ արդեն դեկտեմբերի 11-ով թվագրված գրությամբ կրկին մերժում է ստանում: Այս անգամ արդեն մերժման համար որպես հիմք նշվում է Արխիվային գործի մասիր օրենքի 22 հոդվածը:
Ակնհայտ է, որ յուրաքանչյուր դատապարտյալի դատավճիռ պետք է տրվի դատապարտյալին: Այլ կերպ լինել չի կարող: Սակայն խորհրդային շրջանում քաղաքական բանտարկյալների դատավճիռները բանտարկյալներին աշխատում էին չտրամադրել: Հայտնի են դեպքեր, երբ մարդիկ կարողացել են իրենց դատավճիռները կամ մեղադրական եզրակացություններն ստանալ երկարատեւ հացադուլների արդյունքում: Բայց այդ ժամանակները վաղուց արդեն անցյալ են: Այն երկիրը, որ մարդկանց դատապարտում էր այլախոհ լինելու համար այլեւս գոյություն չունի: Այդ շրջանի քաղբանտարկյալները վաղուց արդարացվել են, բայց Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ը հին ժամանակների ոգուն համաձայն շարունակում է հույժ գաղտնի փաստաթուղթ համարաել խորհրդային շրջանում հրապարակված դատավճիռները:  Անգամ խորհրդային ժամանակներում հայտարարվում էր, որ  այդ դատավճիռները հրապարակվում են բաց դատավարությունների արդյունքում: Այսինքն` այդ դատավճիռներն իրենց հրապարակման պահից արդեն հանրության սեփականություն են, դրանցից որեւէ մեկը փակ դատավարության արդյունք չէ եւ դրանք, անգամ խորհրդային չափանիշներով,  որեւէ տեսակի գաղտնիք համարվել չեն կարող: Դրանք մեզ են վերաբերում, կայացվել են մեր նկատմամբ եւ մենք իրավունք ունենք պահանջել եւ ստանալ մեր դատավճիռները:
Զարմանալի է միայն, թե ինչո՞ւ է տխրահռչակ Խորհրդային պետության տապալումից եւ Հայաստանի անկախ հանրապետության հռչակումից այսքան տարի անց Անկախ Հայաստանի կառավարությանն առընթեր Ազգային Անվտանգության Ծառայությունը շարունակում հավատարիմ մնալ խորհրդային մտածողությանն ու բարքերին եւ ամեն կերպ ի ցույց դնում իր անհանդուրժողականությունը այն մարդկանց նկատմամաբ, ովքեր ժամանակին պայքարել են այդ բարքրի ու այդ մտածողության դեմ:
Դատապարտելով ԱԱԾ ղեկավարության նման կամայական գործելաոճը հայտարարում ենք, որ հետամուտ ենք լինելու մեր իրավունքների պաշտպանությանը: Ուրախությամբ կընդունենք լրատվամիջոցների ներկայացուցիչների, իրավապաշտպանների, հասարակական ու քաղաքական գործիչների աջակցությունըե:
Հայտարարության տակ ստորագրել են`
Պարույր Հայրիկյանը
Ռազմիկ Մարկոսյանը
Ազատ Արշակյանը
Շահեն Հարությունյանը
Վալտեր Մելիքյանը
Բագրատ Շահվերդյանը
Գագիկ Առաքելյանը
Նորիկ Մարտիրոսյանը
Սուրեն Մելիքյանը
Վարդան Հարությունյանը




Լրահոս