Ինչո՞ւ ՕԵԿ-ը մտքափոխ եղավ և ընդունեց Սերժ Սարգսյանի հրավերը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախագահականում երեկ տրվեց ոչ իշխանական ուժերի երկրորդ այցելության մեկնարկը։ Այսօր Սերժ Սարգսյանին կհյուրընկալվեն «Ազատ դեմոկրատները» եւ ՀՀՇ-ն, չի բացառվում, որ ցանկն ընդլայնվի: Իսկ երեկ արդեն այցելել էին ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն։ Ի դեպ, ԱԴ-ն երեկ հայտարարություն էր տարածել, որ դեմ է հրապարակված նախագծին: Ինչո՞ւ են այդ դեպքում «դեմ ըլլալով»՝ մասնակցում հանդիպմանը։ «Մենք միշտ կողմնակից ենք բաց եւ հրապարակային քննարկման եւ որեւէ խնդիր չենք տեսնում մեր դիրքորոշումը ներկայացնելու նաեւ նախագահականում»,- «Ազատ դեմոկրատների» տեսակետը մեզ փոխանցեց կուսակցության մամլո խոսնակը: Բաղրամյան 26-ի առաջին այցելուն երեկ ԲՀԿ-ն էր․ Սերժ Սարգսյանի եւ Նաիրա Զոհրաբյանի ձեռքսեղմումն արձանագրող լուսանկարը երեկ սոցիալական ցանցերի բուռն քննարկման առարկան էր դարձել։ ՕԵԿ-ի այցի մասին լուրն էլ հաստատվեց, մինչդեռ ընդամենը երկու օր առաջ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ նախագահականից հրավեր չկա, բայց եթե լինի էլ, «մասնակցենք, որ ի՞նչ անենք»․ չէ՞ որ ՕԵԿ-ի ներկայացրած առանցքային 5 պահանջներից ոչ մեկը հաշվի չեն առել:

Ի՞նչ փոխվեց երկու օրվա ընթացքում, ինչո՞ւ ՕԵԿ-ը մտքափոխ եղավ եւ ընդունեց Սերժ Սարգսյանի հրավերը․ երեկ Հովհաննես Մարգարյանը ճգնում էր ընդունելի բացատրություն գտնել իրենց դիրքորոշման փոփոխությանը։ «Իրենք պատրաստակամություն են հայտնել մեր առաջարկները քննարկելու, այսինքն՝ քննարկել եւ նախագահի հետ, եւ նախագահի ներկայացուցիչները հյուրընկալվելու են ՕԵԿ խմբակցությունում՝ քննարկելու «Հայկական վերածնունդ» միավորման առաջարկները»,- ասաց Մարգարյանը։ «Իսկ թե դրանից հետո ինչ կլինի, կտեղեկացնենք»: Որեւէ ճնշում, պարտադրանք չի՞ եղել։ «Ոչ, ոչ»,- վստահեցրեց ՕԵԿ-ականը: ՀԱԿ-ը նախօրեին էր տեղեկացրել, որ մերժել է նախագահականի հրավերը: Փաստորեն, «Ժառանգությունը» հայտնվեց Սերժ Սարգսյանի գծած լուսանցքո՞ւմ, հարցրինք կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, որը երեկոյան տեղեկացրեց, որ հրավեր չեն ստացել։ «Եթե Ձեզ թվում է, որ Բաղրամյան այցելածներին պայծառ ապագա է սպասվում, չարաչար սխալվում եք»,- եղավ պատասխանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս