ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԱՆՈՑ ԹԵԿՆԱԾՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը չափազանց աղքատ թեկնածու է: Ըստ նրա ներկայացրած հայտարարագրի՝ ոչինչ չունի. ո՛չ շարժական ու անշարժ գույք, ո՛չ փոխառություններ, ո՛չ եկամուտներ, ո՛չ զարդեղեն, ո՛չ բանկային կուտակումներ… Նրա ողջ ունեցվածքը կազմում է 440 հազար դրամը, այսինքն՝ մոտ հազար դոլարը, որով էլ նա ներկայացել է որպես թեկնածու:
Ընտրական գրավը, իհարկե, վճարել է: Սակայն հարց է ծագում. եթե այս մարդը ոչինչ չունի, որտեղի՞ց  է այդ 8 մլն դրամը ձեռք բերել: Ասում են՝ բանկից տոկոսով է վերցրել: Լավ, համաձայն ենք, բանկից է վերցրել: Իսկ ի՞նչ է գրավադրել այդ գումարի դիմաց, երբ ոչինչ չունի… Հիմա անգամ նախընտրական կենտրոններ չունի, քարոզչական պաստառներ չունի… Ստացվում է, որ ընդամենը ցանկություն ունի ներկա գտնվել ընտրություններին, իր անունը տեսնել թեկնածուների ցանկում, երբեմն էլ օգտվել անվճար քարոզչությունից: Ուրեմն ինքնահաստատվելու եւ հանրահռչակվելու ցանկություն ունի: Բայց արդյոք նախագահի թեկնածու առաջադրվելը որեւէ բան կփոխի այն դեպքում, երբ արտակարգ ու լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան ունեցող Արման Մելիքյանին ոչ ոք չի նկատում, որեւէ երկիր չի ուղարկում ծառայության, չի հրավիրում արտգործնախարարություն աշխատանքի այն դեպքում, երբ շարքային դիվանագետ չի եղել, այլ գլխավորել է ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը… 
Ոմանք պնդում են, թե Էդվարդ Նալբանդյանը Մելիքյանին չի սիրում, այդ պատճառով էլ խանգարում է նրա պաշտոնական առաջխաղացմանը: Գուցե ճիշտ են ասում, չենք ստուգել, բայց համոզված ենք, որ միայն Էդ. Նալբանդյանի ցանկությունը կամ տրամադրվածությունը շատ քիչ է: Հետեւաբար, թերեւս կարող են առկա լինել հանգամանքներ, որոնց մասին մենք չգիտենք… Մինչդեռ Մելիքյանն իր կարիերան սկսել է որպես խոստումնալից եւ հեռանկարային դիվանագետ, օգտվել իշխանությունների բարեհաճ վերաբերմունքից: 
Հիսնամյա այս թեկնածուն երեւանցի է, ավարտել է ժամանակի ամենաէլիտար՝ թիվ 102 անգլիական թեքումով դպրոցը, իսկ 1984-ին էլ՝ Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժինը: Զինվորական ծառայություն չի անցել, բայց նախագահ ընտրվելու դեպքում պիտի դառնա գերագույն գլխավոր հրամանատար… 1985-ին աշխատանքի է անցել ՀՍՍՀ հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, որտեղ աշխատել է մինչեւ 1991թ.: 1986-1989թթ. սովորել է ՀՍՍՀ ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում, միաժամանակ աշխատել է Աշխարհագրական ընկերության քարանձավագիտական արշավախմբի կազմում: 1991-ին տեղափոխվել է ՀՀ Գերագույն խորհուրդ եւ աշխատանքի անցել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում որպես գլխավոր փորձագետ: Հետաքրքիրն այն է, որ քարանձավագետը դարձել է արտաքին հարաբերությունների գլխավոր փորձագետ, իսկ 1993-ից էլ ղեկավարել Ղազախստանում եւ Ղրղըզստանում ՀՀ դիվանագիտական առաքելությունները: Մենք արտաքին գործերի նախարարության կայքերից փորձեցինք ճշտել, թե 1993-1999թթ. ինչ կարեւոր գործառույթներ է իրականացրել մեր առաքելությունը, ինչով է նպաստել հայ-ղազախական եւ հայ-ղրղըզական կապերի ամրապնդմանը: Որեւէ կարեւոր փաստ ու հիշատակում չտեսանք: Տպավորությունն այնպիսին էր, թե Միջին Ասիայի այս հանգուցային երկրների հետ մենք անգամ դիվանագիտական շփումներ չունենք: Այսինքն՝ մարդուն նշանակել են դիվանագետի պաշտոնում, դասային բարձրագույն աստիճան շնորհել, իսկ նա ընդամենը աշխատավարձ է ստացել: 
Արման Մելիքյանը մի շատ կարճ շրջան եղել է նաեւ ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան: Մենք լավ գիտենք, թե ինչով են զբաղվում այդ հատուկ հանձնարարություններով դեսպանները. ըստ էության՝ ոչնչով: Ընդամենը աշխատավարձ են ստանում, օգտվում իրենց դիվանագիտական անձնագրից եւ… ուրիշ ոչինչ: 
1999թ. Ա. Մելիքյանի համար նաեւ “թռիչքային” է եղել, որովհետեւ այդ տարի նա նշանակվել է հայկական մեծագույն բլեֆի՝ “Արմենիկում” ՊՓԲԸ գործադիր տնօրեն: Հիշենք, թե ինչպիսի խանդավառությամբ էր “Արմենիկում”-ի հայր Սերժ Սարգսյանը խոսում այդ “հրաշագործ” հայտնության մասին, այն Հայաստան պիտի բերեր միլիարդավոր դոլարներ, մեր երկիրը պիտի դառնար համաշխարհային աղետներից մեկը կանխող գիգանտ… Առայժմ միլիարդավոր դոլարների փոխարեն Երեւան է բերում ռուսաստաններում ՍՊԻԴ-ով վարակվածների, որոնք ոչ թե բուժվում, այլ ընդամենը երկարաձգում են իրենց կյանքը: Ի՞նչ կապ ուներ արեւելագետ-քարանձավագետը “Արմենիկում”-ի հետ, գուցե հիվանդության “քարանձավնե՞րնե էր պեղում ու հետազոտում… 
Ամեն դեպքում, հետազոտությունները հաջող էին, որովհետեւ երկու տարի “Արմենիկում”-յան բումի կենտրոնում գտնվելուց հետո Մելիքյանը հանկարծ նշանակվեց ԼՂՀ արտաքին գործերի նախարար, սակայն երեք տարի այս պաշտոնը զբաղեցնելով` նշանակալի ոչ մի քայլ չնախաձեռնեց, ավելին, հենց այս տարիներին ԼՂՀ արտաքին քաղաքականությունն ամբողջապես մղվեց հետնախորշեր, համարվեց ավելորդ մի բան: Գուցե Ա. Մելիքյանին այդ պաշտոնում նշանակելը միտումնավոր էր, քանզի հայաստանյան իշխանական վերնախավը կամենում էր Ղարաբաղում ունենալ սեփական դրածոյին, որի միջոցով հնարավոր կլիներ մեռցնել ղարաբաղյան ցանկացած ընդվզում, ինքնուրույն լինելու որեւէ  նախաձեռնություն… 
2004թ. Ա. Մելիքյանը հրաժարական տվեց այս պաշտոնից եւ նշանակվեց ԼՂՀ նախագահի խորհրդական արտաքին քաղաքական հարցերի գծով… 2007-ին այս պաշտոնից էլ հրաժարական տվեց, իսկ 2008-ին մասնակցեց ՀՀ նախագահի ընտրություններին… 2007թ.-ից “Փախստականները եւ միջազգային իրավունքը” քաղաքացիական հասարակության ցանցի հասարակական կարգով քաղաքական հարցերով խորհրդատուն է: Երեւի այդտեղից էլ աշխատավարձ է ստանում…
Նշենք, որ վերը բերված պաշտոնական տվյալները ճշտել ենք նախագահի թեկնածու Ա. Մելիքյանի նախընտրական շտաբից:
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթ 472 համար




Լրահոս